Անդրադառնալով Քլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ դոկտ. Թաներ Աքչամի զույգ դասախոսություններին (մեկըՙ մայիսի 6-ին Հարավային Կալիֆոռնիայի Էնսինո քաղաքի «Վելի բեթ Շալոմ» հանդիսասրահում, նախքան դոկտ. Մայքլ Հակոբյանի «Գետը կարմիր ներկվեց» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, իսկ մյուսըՙ մայիսի 7-ին Ալտադենայում, ՌԱԿ «Հայ իրավանց խորհրդի» կազմակերպած հավաքույթի ժամանակ), «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը վերջում գրում է.
«Մայիսի 7-ի դասախոսությունից հետո կայացած կարճատեւ հանդիպման ընթացքում դոկտ. Աքչամը առաջին անգամ բացահայտեց մի ցնցող երեւույթ, որը տեղի էր ունեցել 1995-ին Երեւանումՙ Հայոց ցեղասպանության մասին իր կարդացած դասախոսությունից հետո: Վերջին րոպեին նա որոշել էր ելույթ ունենալ նախօրոք պատրաստված տեքստի առավել մեղմ տարբերակով: Հետագայում Ստամբուլ վերադառնալով զարմանքից ցնցվել էր, երբ օդանավակայանում թուրք ոստիկանները դիմավորել են նրան իր նախնական, առավել խիստ տեքստի օրինակն իրենց ձեռքերում: Նա այդ նախնական տարբերակը հանձնել էր Ցեղասպանության կոնֆերանսը կազմակերպող հայ պաշտոնյաներին: Ինչ-որ մեկը Հայաստանից թուրքական իշխանություններին էր հանձնել այդ տեքստը: Դոկտ. Աքչամը կարողացել էր իր կաշին փրկել Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատակիցներիցՙ ցույց տալով նրանց իր կարդացած առավել մեղմ դասախոսության տեքստի օրինակը»:
Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
Հ. Ծ.