Նման ցանկություն հայտնեցին հայ եւ թուրք գործարարները
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում երեկ հայ գործարարները հանդիպեցին Վանի նահանգի թուրք գործընկերների հետ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը ողջունեց «մեր պատմական հայրենիքի Վան նահանգից ժամանած հյուրերին», հույս հայտնելով, որ այս հանդիպումը կնպաստի գործնական կապերի ամրապնդմանը: Նա հիշատակեց ստեղծված հայ-թուրքական գործարար հանձնաժողովի մասին, ասելով, որ փորձել է երկու երկրների ժողովուրդներին մերձեցնել միմյանց:
Արսեն Ղազարյանը հոգեհարազատ համարեց հայկական մշակույթի օրրան Վանը, նշելով, որ Հայաստանի հետ սահմանակից այդ եւ մյուս նահանգներիՙ Կարսի, Էրզրումի նահանգների բնակիչներն ամենաշատը կշահեն սահմանների բացումից եւ առեւտրատնտեսական կապերի աշխուժացումից: «Ժամանակն է, որ Վանա տառեխն ու Սեւանա իշխանը փոխանակվեն», ասաց ՀԱԳՄ նախագահը: Նա միաժամանակ ավելացրեց, որ գործարարների եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է կոնսորցիում, որն ուսումնասիրելու է, թե որքան կավելալան ապրանքաշրջանառության ծավալները սահմանը բացվելու դեպքում: Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, որ կգա այն պահը, երբ Թուրքիայի ղեկավարությունը հասկանա, որ հարեւանների հետ պետք է աշխատել, այլ ոչ թե հակադրվել: «Վաղը ժամը 12-ին» սահմանը բացվելու ցանկություն հայտնելովՙ վանեցու թոռ ՀԱԳՄ նախագահը թուրքական պատվիրակությանը նվիրեց հայկական քարից պատրաստված ժամացույց: Նա նշեց, որ սահմանը բացվելու դեպքում Երեւանից Վան 2,5 ժամում հնարավոր կլինի ավտոմեքենայով հասնել: Ի պատասխանՙ թուրք գործարարները Արսեն Ղազարյանին նվիրեցին հուշանվեր ափսե, որի վրա պատկերված է Վանի բերդը:
Վանի թուրք գործարարների պատվիրակության ղեկավար Զահիր Կանդասօղլուն իր հերթին նշեց, որ սահմաններն ամբողջ աշխարհում բաց են, եւ Թուրքիայում էլ լուրջ քայլեր են անում հարեւանների հետ լավ հարաբերություններ հաստատելու համար: Նա շատ կարեւոր համարեց Թուրքիայի արեւելյան տարածաշրջանի համար սահմանների բացումը եւ այն կարծիքը հայտնեց, որ մենք սովորույթներով ու ավանդույթներով համարյա նույնն ենք: Զահիր Կանդասօղլուն հայտնեց, որ նաեւ իրենց ջանքերի շնորհիվ էր, որ Վանում վերակառուցվեց Աղթամարի հայկական եկեղեցին, եւ օրենք է պատրաստվում այն կրոնական պաշտամունքի վայր դարձնելու համար: Նա շատ հարմար համարեց Իգդիրի սահմանադռան բացումը, որպեսզի ապրանքները շրջանառվեն: «Հուսով եմ, որ դա տեղի կունենա», եզրափակեց նա:
Հայաստանի գործարարների միության նախագահը նաեւ ընդգծեց, որ այն պահից սկսած, երբ 1993-ին Թուրքիան փակեց սահմանը, թուրքական ապրանքներն ու փոխադրողները անարգել գործում են Հայաստանի շուկայում, իսկ հայ գործարարների համար թուրքական շուկան փակ է: «Մենք չենք կարողանում ոչինչ տեղափոխել եւ արտահանել», ասաց Արսեն Ղազարյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ