«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2010-05-13 | #88, 2010-05-14 | #89, 2010-05-15


ՓՐԿԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳԻՆ` ԱՐԳԵԼԵԼՈՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորած խիղճն ու մարդկությունը խորհրդանշող սեւ ժապավեններով ու մեխակներով, հակագազերով` ահազանգ, որ եթե իրականությունը չփոխենք, վաղը ստիպված ենք լինելու հակագազով քայլել, թարմ ծաղիկներով` հույս ապագայի հանդեպ, ու «Մենք ենք այս քաղաքի տերը», «Stop and think» պաստառներով մի քանի տասնյակ երիտասարդ ակտիվիստ բնապահպաններ Ուսանողական այգու մոտ երեկ սկսեցին բողոքի լուռ ակցիան: Երիտասարդները ձեռքերով կենդանի պատնեշ էին կազմել` հավաստիացնելով, որ թույլ չեն տա Ուսանողական այգին դարձնել քմահաճույքի հերթական օբյեկտ:

«Պայքարը սկզբունքային է: Օրենքի սահմաններում մինչեւ վերջ պայքարելու ենք, որպեսզի կառույցը ապամոնտաժվի: Չնայած քաղաքապետի հետ հարցը քննարկեցինք շուրջ 3 ժամ, սակայն այգում շինարարություն է ընթանում: Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ կառույցի շինարարության վերաբերյալ որեւէ հիմնավորում չտրվեց, սակայն փորձում էին համոզել` այս մեկն էլ ու վերջ: Ամեն ինչ անելու ենք, որ այս կառույցի ապամոնտաժումը դառնա նախադեպ, որպեսզի քաղաքային իշխանություններն այլեւս երբեք նման թույլտվություններ չտան», ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը :

Շուրջ 20.000 քաղաքացի իր ստորագրությունն է դրել փաստաթղթի տակ` պահանջելով ազատ ու մաքուր օդ շնչելու իրավունք: «Քաղաքացիներն առանց երկմտելու ստորագրում են, քանի որ հոգնել են, որ ինչ-որ ընկերությունների շահերը վեր են դասվում հասարակ քաղաքացիների շահերից: Մեր քաղաքն է, եւ մենք ենք երկրի տերերը: Ոչ ոք չի կարող մեզ պարտադրել իր սեփական նեղ շահերը», նկատեց Սողոմոնյանը: Ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ նկատում է, որ հավաքված երիտասարդների միասնությունն արտահայտում է հզոր կամք: «Ոտքի ենք կանգնել, որ պաշտպանենք մեր այգին: Կենդանի պատնեշ ենք կազմել, որպեսզի հասկանան, որ կգնանք մինչեւ վերջ ու թույլ չենք տա այգին քանդել»:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Ազգի» հետ զրույցում հիշում է, որ ուսանողական տարիներին ընկերներով հավաքվում էին Ուսանողական այգում, զրուցում, քննարկում: Այսօր այգում իրենց հանգիստն են կազմակերպում ռեժիսորի զավակները: Ակցիային էլ մասնակցում է, որովհետեւ հավաքվել է հասարակության երիտասարդ սերուցքը:

Ստորագրահավաքին միացած Ագրարային համալսարանի դոցենտ Վլադիմիր Հովհաննիսյանը փաստում է, որ այգին շրջակա 5 բուհերի ուսանողների միակ հանգստի վայրն է: Այն նաեւ նախատեսված է, որ Ազգային գրադարանի ընթերցասրահներում պահպանվի լռություն: «Հերիք է ծախեն հայրենիքը, չի կարելի էսպիսի բան անել, սա մեր հողն է, մեր հարստությունը: Չի կարելի այգին քանդել, սա մեծ սխալ է», ասաց նա: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը երկար տարիներ հետազոտել է կենսաբազմազանության խնդիրները: «Կանաչ տարածքների նվազումը կարող է հանգեցնել կենսաբանական աղետի: Կարո՞ղ է մարդը ապրել անապատում: Արդեն երկար ժամանակ ահազանգում ենք, որ Երեւանում բնապահպանական առումով վիճակը շատ վատ է, որ կանաչ տարածքները, հանրային նշանակության զբոսայգիները վերանում են, բայց իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում»:

Բողոքի լուռ ակցիայի ընթացքում երիտասարդները ծաղիկներ դրեցին Վիկտոր Համբարձումյանի արձանին:

Պաշտպանի նամակը` Գագիկ Բեգլարյանին

Ուսանողական այգու խնդրի կապակցությամբ երեկ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին նամակ է ուղարկել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը : «Հարցը ստացել է հասարակական լայն հնչեղություն, հետեւաբար խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել Ազգային գրադարանի եւ Ագրարային համալսարանի միջեւ տեղակայված Ուսանողական այգում կառուցապատողներին տրված քաղաքաշինական փաստաթղթերի (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ, համապատասխան փորձաքննության եզրակացություն կամ երաշխավորագիր), ինչպես նաեւ հողատարածքները տրամադրելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշումների եւ պայմանագրերի պատճենները», գրված է նամակում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4