Մայիսի 14-16-ը Նկարիչների միությունում կգործի ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պատկերապատումի զարգացման միության (ՀՊԶՄ) եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ բացված «Պատկերապատումի եւ պատկերի» 2-րդ միջազգային փառատոնը: 36 տարի առաջ անվանի արվեստասեր Ժան Մարտիկյանը Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում հիմնեց «Պատկերապատումի եւ պատկերի» ամենամեծ փառատոնը Եվրոպայում, որն արդեն միավորել է մոտ 200.000 արվեստագետի: Նման փառատոներ անցկացվում են նաեւ ԱՄՆ-ում: Իսկ թե ինչպե՞ս «Պատկերապատում»-ի փառատոնը մեզանում սկսվեց անցկացվել «Ազգի» հարցին, պատասխանեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու փառատոնի ֆրանսիական կողմի կազմակերպիչ Վարուժան Սիրաբյանը ՙ ՀՊԶՄ ասոցիացիայի հիմնադիր անդամ, հրատարակիչ (Ֆրանսիա): «2006-ին երբ Փարիզ գործուղման էի մեկնել, ծանոթացա պրն Սիրաբյանի հետ ու սուրճի սեղանի շուրջ զրույցից ծնվեց գաղափար նաեւ Հայաստանում անցկացնելու նման փառատոն: Եվ երկու տարի անց մենք կազմակերպեցինք 1-ին փառատոնը ֆրանսիացի վարպետների մասնակցությամբ, նպատակ ունենալով այս մշակույթը ձեւավորել նաեւ մեզ մոտ, քանի որ այդ ժանրը մեզանում տարածված չէր»: Պատկերների միջոցով արտահայտվելը մեծ ուշադրության արժանացավ հայ նկարիչների շրջանում, որոնք էլ մասնակցեցին ֆրանսիացի մասնագետների կազմակերպած վարպետության դասընթացներին: Շուտով կտպագրվի ալբոմ, որտեղ զետեղված կլինեն պատկերապատումով զբաղվողների աշխատանքները: Նախարարը հավելեց, որ «պրն Սիրաբյանի հետ ձեռք են բերվել համագործակցության շրջանակների ընդլայնման ծրագրեր ու դրանք կներառվեն 2012 թ. գրատպության հոբելյանական տարվա շրջանակներումՙ ներգրավելով նաեւ ֆրանսիացի մասնագետներին»:
Փառատոնին, ինչպես նշեց պրն Սիրաբյանը, այս անգամ մասնակցում են Ֆրանսիայից, ՌԴ-ից եւ Իտալիայից: Ողջունելի է, որ նախորդ փառատոնի շրջանակներում անցկացված վարպետության դասերին մասնակցած 12 հայ երիտասարդ նկարիչներն այսօր այստեղ ներկայացրել են իրենց աշխատանքները, որոնք մեկ գրքով հետագայում կհրատարակվեն: Մենք Հայաստանից հրավիրեցինք նկարիչների, որոնք մոտիկից ծանոթացան պատկերապատման արվեստին: Մոտ օրերս կրկին կհրավիրենք երիտասարդ արվեստագետների ու կփորձենք նրանց աշխատանքներն էլ ներկայացնել առաջիկա ցուցահանդեսներին: Եթե այսպես շարունակվի, ես կարծում եմ 3-4 տարի հետո հայ նկարիչներն այս բնագավառում կունենան եվրոպական չափանիշներով մակարդակ ու նրանց աշխատանքները տեղ կգտնեն հռչակավոր «Լօլօ-մագազեն» ամսագրում»: Իսկ ո՞րն է պատճառը, որ պատկերապատումը լայն թափ է ստացել, պրն Վարուժան Սիրաբյանը բացատրեց, որ երիտասարդները շատ ավելի հեշտությամբ են ընդունում ու ընկալում պատկերապատված նյութը, քան այն ընթերցելը հատորներով: Նաեւ մանուկների համար հաճելի ու հետաքրքրական է այդպիսի հեքիաթներ դիտելը, որոնք հոգնեցուցիչ չեն, այլ գրավիչ ու տպավորիչ են նկարների, գույների ու մատուցման շնորհիվ: Ամեն տարի մոտ 6000 պատկերապատումով գրքեր են տպագրվում Եվրոպայում ու դրանց պահանջարկը տարեց-տարի ավելանում է 10-20 տոկոսով:
«Երբ մենք եկանք Հայաստան ու տեսանք ձեր մանրանկարչության հնամենի դպրոցը, հասկացանք, որ դուք ունեք շատ մեծ պոտենցիալ: Հայաստանը լինելով փոքր երկիր, ունի իր արտահայտման յուրահատուկ ձեւն ու ոճը, որը չկա այլ երկրներում», այսպիսի կարծիք հայտնեց փառատոն-ցուցահանդեսի կազմակերպիչ, ՀՊԶՄ քարտուղար Լորան Մելիքյանը:
Հայաստանի ծաղրանկարիչների միության նախագահ Սուքիաս Թորոսյանի կարծիքով, մեզանում պատկերապատման բնագավառը ուշ ձեւավորվեց, ինչի պատճառը պահանջարկի բացակայությունն է: «Եթե կա պահանջարկ, ապա այդ բնագավառը ձեւավորվում է: Ամբողջ ասիական երկրներում առաջինը օպերային թատրոն մենք ենք սկսելՙ Տ. Չուխաջյանի «Արշակ 2-րդ»-ով, որը գրվել է 150 տարի առաջ: Պատկերապատման ճյուղը նույն տարիքին է, ուղղակի մենք ժամանակին անդրադարձել ենք, հետո մոռացության ենք ենթարկել»: «Ազգի» այն հարցին, թե մանրանկարչությունը կարող ենք հիմք համարել, պրն Թորոսյանն ասաց. «Ցանկացած բանՙ ժայռապատկերն էլ կարող ես հիմք համարել, բայց ես այդպես չեմ համարում, քանի որ այս ճյուղը անմիջապես կապված է մամուլի ու տպագրության հետ: Ավելի շուտ այս բնագավառը ես կապում եմ 1890-ականներին արտասահմանում տպվող մեր մամուլում ստրիպների ձեւովՙ կարճ պատմությունները նկարապատվում էին ու տպագրվում: Ցավոք, Հայաստան որպես արվեստ չմտավ այդ ոճը, որովհետեւ Սովետական Միությունը այն համարում էր բուրժուական արվեստ ու այդ պատճառով էլ մեզ մոտ 70 տարի չի զարգացել այդ ճյուղը: 100 եւ ավելի տարիներ մենք ունեցել ենք հրաշալի երգիծաբաններ, որոնք այդ ոճով են արտահայտվել: Ուրախալի է, որ երիտասարդները հակված են ավելի շատ կոմիկսներ անելուն, քան երգիծանկարչություն ու արդեն մի երկու անուն ամսագրեր են հրատարակում: Հուսանք, որ այդ բնագավառը զարգացման առաջընթաց կունենա»:
Պատկերապատման 2-րդ միջազգային փառատոնի պաշտոնական բացմանը ողջունի խոսքեր ասացին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը եւ Հայաստանի պատկերասրահի զարգացման միության ատենապետ Ժան Մարտիկյանը : Վերջինս նշեց, որ փառատոնի շրջանակներում անցկացվող մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն, իսկ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները կնվիրեն Խնկո-Ապոր գրադարանին:
Փառատոնի երեք օրերի ընթացքում զուգահեռ կանցկացվեն վարպետության դասեր, դասախոսություններ ու քննարկումներ: Իսկ 2012-ինՙ սպասենք 3-րդ պատկերապատումի փառատոնին, նշեցին կազմակերպիչները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ