Երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպվել էր քննարկում լրատվամիջոցների օրենսդրության եւ կանոնակարգման նախաձեռնությունների վերաբերյալ:
«Քննարկումը նվիրված է լրատվական դաշտում տեղի ունեցող երկու կարեւոր գործընթացներին. մեկը Հանրային խորհրդի նախաձեռնությունն է` հեռարձակվող ոլորտի համար մշակել եւ պրակտիկ կյանքում կիրառել խարտիա, որը պարունակում է բարոյական, էթիկական նորմեր, իսկ երկրոդը հեռարձակման թվայնացումն է», նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը :
2010 թվականի մայիսի 12-ին էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրեց իր մշակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, վերջինս կառավարությունը հաստատեց մայիսի 13-ին: Օրինագիծը, ըստ Բորիս Նավասարդյանի, ունի նաեւ հանրային քննարկման կարիք: Այն անմիջականորեն կապված է նաեւ թվայնացման գործընթացի հետ, սակայն օրինագծի բովանդակությունը մի շարք մտահոգությունների առիթ է տալիս:
Բորիս Նավասարդյանի խոսքով` որեւէ լուրջ նախապատրաստական աշխատանք թվայնացման անցնելու համար դեռ չի կատարվել, եւ հայտնի չէ` մինչեւ թվայնացման անցնելու վերջնաժամկետը` 2015 թվականը, արդեն պատրա՞ստ կլինի մեր հեռարձակման ինդուստրիան, թե՞ ոչ:
Քննարկմանը մասնակցում էին նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը , Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլք:
Մեսրոպ Հարությունյանն անդրադարձավ լրագրողական հասարակական կազմակերպությունների ինքնակարգավորման հարցին: Նա նշեց. «Լրագրողական հասարակական կազմակերպությունները վաղուց նախաձեռնել են ինքնակարգավորման գործընթացը: Ինքնակարգավորումը նորանկախ երկրներում, մանավանդ, Հայաստանի նման երկրում արմատավորելու համար անհրաժեշտ էր նախապատրաստական երկար աշխատանք»:
Հեռարձակման համար մրցույթների սառեցման ժամանակ, ըստ Բորիս Նավասարդյանի, շատ քիչ արդյունքներ են եղել: 2 տարով հետաձգված մրցույթները հայտարարվելու են հուլիսի 20-ին:
«Այսօր կարեւոր է հասկանալ, թե առաջարկվող օրենսդրական փոփոխություններն արդյոք կօգնե՞ն, որ մրցույթներն անցնեն արդյունավետ, օբյեկտիվ ու թափանցիկ», հավելեց Բորիս Նավասարդյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ