Ասում է Բեշիքչինՙ ավելացնելով. «Դա «փրկություն» չէ, այլ ստրկացման միջոցով երեխայի թուրքացում»
«Ազգը» նախավերջին համարում «Իմ մոր կողմից քուրդ, իսկ հորՙ թուրք պապերը բնաջնջեցին մի ամբողջ ժողովրդի» վերնագրով անդրադարձել էր Հասան Բիլդիրիջիի «Հրաձիգ պապերս» հոդվածին, որը խոստովանության բնույթի հուշագրություն է: Հոդվածում մանկությունը Խլաթում անցկացրած փարիզաբնակ հեղինակը հորից եւ հորեղբայրներից լսածի հիման վրա ոչ միայն շարադրում է հայրենի քաղաքում հայերի սպանության 95 տարվա վաղություն ունեցող վերքերը, այլեւ մանրամասն նկարագրում է սպանության ձեւերն ու վերհիշում մարդասպանների անունները:
Բիլդիրիջիի վկայությամբ, օրինակ, մարդասպանների ոհմակը մզկիթի անկյունում բռնեցնում է հայերից մեկին, որի գլուխը քարով փշրում է շեյխ Շահաբեթդինը, իսկ հաջի Օմերի հայրը խեղդամահ է անում հայկական ընտանիքի բոլոր անդամներին եւ տիրանում նրանց շքեղ ապարանքին: Եթե 1915-ի իրադարձություններից 95 տարի հետո հիշատակվում են մարդասպանների անունները, ապա Թուրքիայի հասարակությունը մասնակցի կարգավիճակով չի կարող անտեղյակ լինել արեւմտահայության բնաջնջումից, ուստի եւ իրազեկման խնդիր ունենալ Հայոց ցեղասպանության մասին:
Ինչ վերաբերում է սպանության միջոցով հայերի ապարանքին կամ առանձնատանը տիրանելու հեղինակի վկայությանը, ապա դա էլ ցույց է տալիս, որ նման առիթի դեպքում մարդասպան թուրք, քուրդ, չերքեզ հրոսակներն անխնա ոչնչացրել են ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի ժառանգորդի գոյությամբ չխաթարվի իրենց անդորրը:
Այլ կերպ, երբ խնդրո առարկա է դառնում հայկական ընտանիքի ապարանքի կամ առանձնատան յուրացումը, որեւէ մեկի կյանքը, թեկուզ նորածնի, չէին խնայում: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել 1915-ի ընթացքում գարշելի թուրք, կիսավայրենի քուրդ եւ արյունարբու չերքեզ ընտանիքներում հայտնվելու պատճառով ցեղասպանությունից փրկված հայ երեխաների գոյությունը, որոնց թիվը չստուգված տվյալներով, մասնավորապես պատրիարքության, ենթադրվում է 300 հազար, կամ ինչո՞վ պայմանավորել երեխաներին խնայելու մարդասպանների «մարդասիրությունը»:
Թեեւ Բիլդիրիջին այս հարցերին չի պատասխանում, սակայն մեջբերելով ծնունդով վանեցի տարեց հայ կնոջ ողբալի պատմությունից մի հատված, որոշակի պատկերացում է տալիս փրկելու նկատառումների մասին: Կինը նրան պատմում է. «Կոտորածի ժամանակ 13 տարեկան սիրունիկ աղջիկ էի: Բոլորին սպանեցին, իսկ ինձ խնայեցին, որ բռնաբարեն ով ասես, մինչեւ Վանա լճից հասա Այնթապ: Չեմ հիշում քանի օր, քանի շաբաթ, քանի ամիս շարունակ...»:
Մարդասպանները թողնելով նրան կենդանի, ոչ միայն հոգացել են իրենց անասնական կարիքը, այլեւ առիթ են ստեղծել մյուս մարդասպաններին, որ նրանք էլ հոգան: Այլ կերպ, խնայել են, որ փչացնեն: Ընդ որում 1915-ին, որպես կանոն, ցեղասպանությունից խուսափել են 7-16 տարեկան երեխաները, մեծապես աղջիկ, իսկ ավելի փոքրերին անխտիր սպանել են հաճախ մոր գրկում, այն նկատառումով, որ փոքրերը լինելով խնամքի կարիքի մեջ, վերցնելու դեպքում չէին կարող ծառայել մահմեդական ընտանիքներին, առավել եւս կատարել հարեմում հարճի կամ տանը աղախնի դեր:
Մամեդական ընտանիքում հայտնվելը չի կարելի որպես փրկություն դիտարկել, որովհետեւ նախքան երեխային կենդանի թողնելը, նրա ներկայությամբ դաժանաբար սպանել են բոլոր հարազատներին, կամ, ինչպես «Թարաֆի» մարտի 30-ի համարում նշում է պատմաբան Սելիմ Դերինգիլը, մորը բռնաբարելուց հետո կոկորդը կտրել, եթե ոչՙ գլուխը քարով փշրել են: Նույն թերթի ապրիլի 24-ի համարում Այշե Հյուրը վկայում է, որ կենդանի թողնված երեխան ահ ու սարսափով է տեսել, թե ինչպես են կենդանի հողում թաղում իր ծնողներին, եւ վերջինների հոգեվարքից ինչպես է երերում նրանց վրա լցված հողը:
Ակնհայտ է, որ մղձավանջի այս տեսարանները պիտի դրոշմվեին փրկված երեխայի ուղեղում, նրան ցմահ հետապնդեր մարդասպանի ուրվականը, եւ նա մեծանալով, երանի տար սպանվածներին, որ դատապարտված չեն ամեն օրՙ գիշեր-ցերեկ, հանդուրժելու թուրք կամ քուրդ դահիճների գարշելի ներկայությունը:
Հայ երեխայի կյանքը խնայելու թուրքական դրսեւորումների դրդապատճառներն ու դա իբրեւ «մարդասիրություն» դիտարկելու փորձերի բուն էությունը ուսումնասիրության լուրջ թեմա է: Պարզապես ասենք, որ նրանց հետագա թուրքացմամբ կատարվել է «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում», որը ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, նույնպես ցեղասպան գործողություն է:
Հայտնի թուրք սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչիի քրդական gelawej.net կայքէջում հրապարակված «Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու հիմնարար խնդիր» հոդվածն ուշագրավ է այս ամենի առումով: Նախքան հոդվածի «փրկված» երեխաներին նվիրված հատվածը ներկայացնելը, նշենք, որ Բեշիքչին քրդական հարցի վերաբերյալ 36 գրքերի պատճառով, որոնցից 32-ը արգելված էր Թուրքիայում, 17 տարի ազատագրվել է, նրա աշխատությունները թարգմանվել են գերմաներեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն եւ ճապոներեն:
Ահա թե ինչ է գրել նա.
«Անցած տարիներին ընդգծվում էր միայն հայերի ցեղասպանությունը: Հիմա արդեն հայտնի է, որ Թուրքիայում ցեղասպանության են ենթարկվել նաեւ ասորիները, քաղդեացիները, Պոնտոսի հույներն ու եզդիները: Հենց այդ հարցում էլ, ինչպես թուրքերի, այնպես էլ քրդերի մեջ, ընդունված է ասել. «Կարող են հայերը ենթարկված լինել բռնությունների, սակայն մենք բազմաթիվ հայերի պահել եւ փրկել ենք»: Հարկ է այս արտահայտությունը մի քիչ պրպտել:
Փրկվածներն ավելի շուտ երիտասարդ աղջիկներ են եւ փոքրիկ երեխաներ: Ինչպես քրդական, այնպես էլ թուրքական ընտանիքները նրանց մահմեդականացրել են եւ իրենց կարիքները հոգալու համար իբրեւ աղախին կամ ծառա են վերցրել: Որոշ երիտասարդ աղջիկներ մահմեդականություն ընդունելուց հետո նաեւ ամուսնացել են:
Սակայն ո՛չ թուրքերի, ո՛չ էլ քրդերի մեջ չկա մի երեխա, որին պահպանած լինեն հայ լինելու համար կամ ընտանիքի հարկի տակ ընդունեն հարգելով հայերի լեզվական, հոգեւոր եւ մշակութային արժեքները: Չկա նաեւ փրկված գեթ մեկ հայ ընտանիք...
Օրինակՙ երիտասարդ մի աղջկա աչքի առջեւ սպանում են հորը, մորը, պապիկին, եղբայրներին: Գեղեցիկ լինելու պատճառով նա փրկվում է սպանվելուց: Նրան պահում են, որ բռնաբարեն: Կարող է մահմեդականություն ընդունելուց հետո մեկ ուրիշ աղջիկը տանն իբրեւ աղախին ծառայի, նույնիսկ ամուսնանա հետագայում: Միեւնույնն է, այս գործընթացը չի կարելի «փրկություն» անվանել: Դա սխալ է, որովհետեւ մարդու ներաշխարհն ու ֆիզիկական կառուցվածքը մեկ ամբողջականություն են: Ներաշխարհը ճնշելու միջոցով ֆիզիկական գոյության պահպանումը չի կարելի «փրկություն» անվանել: Ի վերջո նրան պարտադրում են ուրանալ իր հավատքը, մահմեդականություն ընդունել, մոռանալ մայրենի լեզուն եւ թուրքանալ: Նրան օգտագործում են որպես հովիվ, ծառա կամ աղախին: Նա ստրկացվում է: Սա «փրկություն» համարելը ճիշտ չէ, ընդամենը կյանքի դաժան պայմաններին ճարահատյալ հաշտվել է: Հաշտվելու դեպքում, իմ խորին համոզմամբ, կյանքը հազիվ թե իմաստ ունենա: Թերեւս Դերսիմի շրջանում է, որ հայերը, այն էլ որոշակի ժամանակով, կարողացել են պահպանել իրենց կրոնական եւ լեզվական ինքնությունը: Այսպիսի գոյատեւում հնարավոր էր ալավիների շրջանում միայն: Սակայն չեմ կարծում, որ մահմեդականները (սուննի) հայերին այդ բանը թույլ տային: Նրանք հայերի մահմեդականացումը համարել են իրենց հիմնական առաջադանքը: Թուրքերի, քրդերի եւ հայերի հարաբերություններին անդրադառնալիս չպետք է աչքաթող անել փրկելու, պահպանելու այս հանգամանքը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ