Շինարարության ակտիվացումը նշանակում է մի քանի բան. օրինակ, որ տվյալ երկրում կա այն բնակելի շենքերի, գրասենյակների, հիմնարկների կարիքը, որոնք կառուցվում են, եւ հետո` ժողովուրդն ունի մեծ հավատ իր երկրի ապագայի, մեծ վստահություն իր վաղվա օրվա հանդեպ: ԼՂՀ այցելության ընթացքում Ստեփանակերտի փողոցներում շինարարական խանութները, կիսակառույց եւ նորակառույց (ոչ միայն փլուզված) շենքերը գրեթե ամեն քայլափոխի էին: Անշուշտ, Արցախում անցկացրած մեկ օրը լրիվ բավարար չէր ավելի մանրամասն տեղեկանալու ԼՂՀ-ում շինարարության տեմպերին, սակայն միայն վերոհիշյալի առկայությունն ապացուցում է, որ Ղարաբաղում շինարարության բնագավառը բավական ակտիվ զարգացումներ ունի: «Մասնագիտությամբ շինարար եմ, անցած տարիներին, համարյա միշտ, մեկնում էի Ռուսաստան, բայց հիմա որոշեցի մնալ հայրենիքում, այստեղ էլ արդեն, նկատում եմ, լավ շինարարների կարիքը կա, բացի այդ, Ռուսաստանում արդեն նկատվում է որոշակի խստացում միգրանտների նկատմամբ», մեր զրույցում ասաց շինարար Սուրենը:
Իսկ Ստեփանակերտի շինարարական խանութներից մեկում տիկին Լուսինեն, որի ամուսինը զոհվել է ղարաբաղյան պատերազմում, մեզ ասաց, որ այժմ տունն է վերանորոգում. «Խանութից հենց որոշ շինարարական ապրանք եմ գնում: Մի աղջիկ ունեմ: Որոշ գումար էի խնայել ու հիմա տունս եմ որոշել մի քիչ կարգի բերել», ասաց տիկին Լուսինեն: Իսկ մեր հարցին, թե որքանո՞վ եք մտահոգված Արցախի` «հակամարտության տարածք» լինելով, տիկինը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Ղարաբաղը հակամարտության տարածք է, Ղարաբաղն անկախ պետություն է` շնորհիվ մեր հերոս զինվորների, որոնք կռվել են երեկ եւ որոնք ամուր են պահում մեր սահմանն այսօր»:
Այս տարվա հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտի կառուցվող օդանավակայանը կիրականացնի իր առաջին թռիչքը: Նախատեսված է, որ թռիչքներ կիրականացվեն բացառապես դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով: Սա, անշուշտ, եւս «մի թելով» կկապի Արցախը` Հայաստանին եւ կմոտեցնի այն օրը, երբ Ստեփանակերտից հնարավոր կլինի իրականացնել նաեւ միջազգային թռիչքներ, ինչո՞ւ ոչ` նաեւ դեպի հարեւան պետության մայրաքաղաք Բաքու:
Արցախում մենք տեսանք նաեւ մի շարք անմշակ հողատարածքներ, որոնք պիտանի են ինչպես հողագործության, այնպես էլ անասնապահության համար: Այդ տարածքներում, սակայն, չի իրականացվում ոչ առաջինը, ոչ երկրորդը: Ժամանակի առումով կրկին մեզ չհաջողվեց պարզել սրա արմատական պատճառները, սակայն որոշ քաղաքացիների հետ զրույցում որոշ պատճառներ, այնուամենայնիվ, հասկանալի դարձան: Այն, ինչ ասում է Րաֆֆին «Սամվել»-ի իր հայտնի պարբերությամբ` Արարատյան դաշտավայրի առավոտի մասին, եւ հարցը, որն ուղղում է` «Իսկ ո՞ւր է մարդը», տեղին է հնչեցնել նաեւ այս առումով: Անշուշտ, արտագաղթը ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ամբողջ Հայաստանի ծանր խնդիրներից է, նրանում դժվար է մեղադրանքի հասցեներ գտնելը, սակայն ժողովուրդը, որը դարերով ամուր է եղել իր հողի վրա, ժողովուրդը, որը արյուն է թափել իր հողի ազատագրման համար, եւ որի զավակներն այսօր էլ ամուր են պահում Արցախի սահմանը, իրավունք չունի անմշակ թողնելու իր հողը, քանի որ հենց հանուն այդ հողի է մղվել եւ մղվում պայքարը: Սակայն, միեւնույն ժամանակ, ազատ Արցախում անցկացրած մեր մեկ օրը բավական էր հասկանալուՙ ղարաբաղցին որեւէ տագնապ չունի իր վաղվա օրվա հանդեպ, Ղարաբաղի պաշտպան հայ զինվորը` իր բարձր կարգապահությամբ եւ մարտական ոգով, վստահ է կանգնած սահմանագծին, Ղարաբաղի բնակչությունը հավատում է իր ղեկավարությանը, ոչ թե ադրբեջանականին, եւ չի ենթարկվում որեւէ սադրանքի: Այս տրամաբանությամբ, վստահ ենք, նոր օրերում ազատ Արցախում չեն լինի այլեւս անմշակ հողեր, որոնք, սակայն, թեկուզ այդպես էլ` լի են բազմագույն ծաղիկներով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, ԼՂՀ-Երեւան
Հ.Գ.- Ի դեպ, կարելի է նման մի այցելություն էլ կազմակերպել հարեւան Ադրբեջանի լրագրողների համար, որպեսզի վերջիններս համոզվեն` իրենց հայրենակիցների գերեզմանոցները Ղարաբաղում անվնաս են, իսկ ի՞նչ եղան հայկական գերեզմանոցները, խաչքարերը, եկեղեցիները Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Ղարաբաղի հատվածում, Նախիջեւանում, Ադրբեջանի քաղաքներում...