Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ Լալա Մուրադյանը (վոկալ), Հարություն Խաչատրյանը (փողային գործիքներ), Թբիլիսիի կոնսերվատորիայից Եկատերինա Գագնիձեն (դաշնամուր), արցախցի պատանի Կարեն Խաչատրյանը (ժողովրդական երգ), Երեւանի կոնսերվատորիայից Արսեն Միրզոյանը (ժողնվագարաններ) եւ թբիլիսցի Լիզա Ռամաշվիլին (լարային գործիքներ) նշված անվանակարգերում դարձան Գյումրի քաղաքում ավարտված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնի մեծ մրցանակների դափնեկիրներ: Նրանց հաջողությունը գնահատելու համար բավական է նշել, որ իննօրյա այս փառատոնին երեք տարիքային խմբերում մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերի, ԼՂՀ-ի եւ 12 այլ երկրների շուրջ 1000 պատանի եւ երիտասարդ կատարողներ, իսկ մասնագիտական մրցութային հանձնախմբերում ընդգրկված էին այդ երկրների մեծ թվով ճանաչված մասնագետներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր անվանակարգում մի քանի տասնյակ մասնակիցներ արժանացան նաեւ առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ մրցանակների ու դափնեկրի կոչման, հանձնվեցին նաեւ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող», «Հայ հոգեւոր երգերի լավագույն կատարող», «Հանդիսատեսի համակրանք», «Բեմական հմայք», «Կրտսեր մասնակից» եւ այլ անվանական ու խրախուսական մրցանակներ:
Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր փակմամբ եւ գալա համերգով ավարտված մշակութային այս խոշոր միջոցառումը, որի մասնագիտական մակարդակի եւ հաջողվածության մասին խոսում էին բոլորը եւ հատկապես` այլ երկրներից ժամանած հյուրերը, այս տարի նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին եւ անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված «Մշակույթների մերձեցման միջազգային տարվա» շրջանակներում: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ կազմակերպված փառատոնի կայացման եւ հաջողության համար շատ բան էին արել ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ նրա Գյումրու մասնաճյուղը, այլ կազմակերպիչներ ու հովանավոր կազմակերպություններ:
Բացի բուն մրցույթներից, որոնք երիտասարդ նոր անունների հայտնաբերման, մեր երաժշտական կյանքի խթանման լավ միջոց են, այս ոչ առաջին անգամ անցկացվող տոն-ստուգատեսը նաեւ միջազգային շփումների ու համագործակցության, մեր արվեստը այլոց ճանաչելի դարձնելու լավ հնարավորություն է: Փառատոնային օրերին անցկացվել է նաեւ «Հայաստանը եւ համաշխարհային մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողով, փառատոնի բոլոր օրերը հագեցած են եղել մշակութային, ճանաչողական եւ այլ միջոցառումներով: Կազմակերպվել են Հաղթանակի օրվան, Շուշիի ազատագրման տարելիցին, Ղազարոս Սարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներ, համերգներ, մասնակիցների եւ հյուրերի այցելություններ Գյումրու թանգարաններ, Հառիճի եւ Մարմաշենի միջնադարյան վանքային համալիրներ, Սբ. Էջմիածին, Ցեղասպանության հուշահամալիր...
Ինչպես հայտարարվեց ամփոփիչ մամուլի ասուլիսում, «Վերածնունդ» փառատոնը տարվա ընթացքում իր յուրատեսակ շարունակությունը կունենա: Հայաստանի բոլոր մարզերում, Երեւանում եւ մասնակից երկրներում կկազմակերպվեն հաղթողների համերգները, որոնց կմիանան տվյալ մարզից, քաղաքից կամ երկրից փառատոնի լավագույն մասնակիցները: Լավագույնների առջեւ նաեւ հանդես գալու այլ հնարավորություններ կարող են բացվել, ինչի մասին որոշակի պայմանավորվածություններ արդեն կան, մասնավորապես, Թբիլիսիի, Օդեսայի, Ռիգայի, Վիլնյուսի կոնսերվատորիաների ներկայացուցիչների հետ:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ