ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մայիսի 15-ին, երեկոյան, դեռեւս չպարզված հանգամանքներում հանկարծամահ է եղել ՀՀ քրեական օրենսգրքի հինգ տարբեր հոդվածների հատկանիշներով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Վերջինս 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության գործով անցնող դատապարտյալ էր:
«Ազգը» փորձեց մանրամասներին տեղեկանալ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանից . «Դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն»:
Հիշեցնենք, որ 2003 թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի անդամ Համլետ Ստեփանյանը, որը անմիջականորեն չէր մասնակցել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործությանը, դատապարտվեց 14 տարի ազատազրկման:
Հետաքրքրական է, թե ինչը կարող էր պատճառ դառնալ նրա մահվանը: Հիշեցնենք, որ նույն գործով ցմահ ազատազրկված Վռամ Գալստյանը ինքնասպանություն էր գործել բանտախցում դեռեւս 2004-ին:
Մ. Մ.