Հունահայ համայնքի ձեւավորումը
Չնայած հայ-հունական դարերի պատմություն ունեցող մշակութային եւ քաղաքական կապերին, Հունաստանում հայկական առաջին համայնքի ձեւավորման մասին նշվում է միայն 19-րդ դարի վերջին: 1890 թվականին Աթենքում եւ Պիրեայում բնակվում էր շուրջ 150 հայ: Հայերի հոսքը Հունաստան մեծացավ Ցեղասպանությունից եւ հատկապես 1922 թվականին` Զմյուռնիայի ջարդերից հետո, երբ հարյուրհազարավոր հույների հետ Հունաստանում ապաստան են գտնում նաեւ, տարբեր հաշվարկներով, 80.000-100.000 հայ: Համայնքի պատմության երկրորդ նշանակալից իրադարձությունը 1946-1947 թվականներին էր, երբ հազարավոր հունահայեր ներգաղթեցին Խորհրդային Հայաստան: Հայերի նոր ներհոսք Հունաստան սկսվեց 1990-ականներին: Նորանկախ Հայաստանից Հունաստան ներգաղթեցին 30.000-40.000 հայ: Համայնքի պատմության այս երրորդ փուլը դեռեւս ավարտված չէ, քանի որ հայերի ներհոսքը, ոչ նախկին թափով, դեռ շարունակվում է: Հունաստանում հայերն այսօր հիմնականում կենտրոնացած են Աթենքում եւ Սալոնիկում:
Վեջնական որեւէ տվյալ չկա, թե որքան հայ է այսօր բնակվում Հունաստանում: Հայկական եկեղեցիների ներկայացրած տվյալների համաձայն, հայության թիվը Հունաստանում 50.000-70.000 է, որից ավանդական սփյուռքը շուրջ 15.000 է: Հունաստանի ներքին գործերի նախարարության հաշվարկներովՙ հայության թիվը 80.000-100.000 է:
Պայքար հանուն հայապահպանության
Կարեասն Աթենքի հայաշատ երեք թաղամասերից մեկն է: Կանաչապատ եւ մաքուր այս թաղամասում կողք կողքի ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` հայեր, ռուսներ, ռումինացիներ: Այստեղ հաստատ ծանոթ արտահայտություններ ու բառեր կլսես, հույներն էլ են սովորել հայերեն մի քանի բառեր, որոնք անպայման ասում են, երբ լսում են, որ Հայաստանից ես: Կարեասում են հայկական ակումբներից մեկը եւ հայերեն ու հունարեն լեզուներով լույս տեսնող «Արմենիկա» ամսագրի խմբագրությունը:
Հունահայ համայքն այսօր կազմակերպված ու ձեւավորված գաղութներից մեկն է: Գործում են դպրոց, եկեղեցի, ծերանոց, թերթ, ակումբներ: Հայալեզու «Ազատ օր» օրաթերթը համայնքն ու Հայաստանը կապող օղակներից է: Ավելի քան երկու հազար բաժանորդները թերթի միջոցով են տեղեկանում ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող վերջին նորություններին, այլեւ համայնքի կյանքին: 66 տարի լույս տեսնող թերթի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանի նախնիները Հունաստան են գաղթել 1922 թվականին: Հռիփսիմեն խոսում է փայլուն հայերենով, իր որդուն էլ ուղարկում է հայկական դպրոց: «Մենք տանը միայն հայերեն ենք խոսում: Իհարկե, դժվար է պահպանել հայությունը, երբ հունահայ համայնքի 3-4 սերունդն ես ներկայացնում, սակայն երբ հաճախում ես հայկական դպրոց, ապրում ես համայնքի կյանքով եւ ամուր կամք ունես հայ մնալու, չձուլվելու, հաջողության կարող ես հասնել», ասաց Հռիփսիմեն:
Սարգիս Կարավանին 26 տարեկան է: Հայրը հույն է, մայրը` հայ: Սարգիսը, սակայն իրեն հայ է համարում: Ավարտել է հայկական դպրոցը, ընդգրկված է եղել պատանեկան միությունում, այժմ էլ ՀՅԴ երիտասարդական կենտրոնական վարչության ատենապետն է: Երեք տարի առաջ այցելել էր Հայաստան: «Հիանալի էր: Դպրոցումՙ պատերին Արարատի, Սարդարապատի, Ծիծեռնակաբերդի լուսանկարներն էին: Բայց իրականում այդ վայրերը տեսնելիս այլ զգացողություն է առաջանում: Հայաստանում զգում էի, ինչպես տանը», ասաց Սարգիսը: Պատմում է, որ հայ մնալն ու լեզուն պահպանելն ավելի է բարդանում, երբ երիտասարդ ես: «Դժվար է լեզուն պահպանելը: Երբ հայկական դպրոց ես գնում, ընտանիքում հայերեն են խոսում, ավելի դյուրին է: Հիմա, սակայն, երիտասարդներն այնքան էլ նպատակամղված չեն հայությունը պահպանելու: Իսկական միասնություն է լինում միայն ապրիլի 24-ին, երբ հավաքվում ենք Աթենքի կենտրոնական հրապարակում եւ ցույցեր ենք կազմակերպում», ասաց Սարգիսը:
Դժվար է նաեւ խառն ամուսնություններից խուսափելը, հատկապես երիտասարդների համար: 62-ամյա Տիգրան Աբասյանը ծնվել է Հունաստանում: Ծնողները գաղթել են Ադանայից: Հայկական բարեգործական ընդհանուր միության ատենապետն է, երկար տարիներ եղել է «Նոր աշխարհ» շաբաթաթերթի խմբագիրը: Ասում է, որ սփյուռքում կարեւորը հայ լինելու գիտակցության պահպանումն է, անգամ եթե մայրենիին չես տիրապետում: Երկու որդիներն էլ Հայաստանում եղել են, եւ այսօր Տիգրան Աբասյանի երազանքը մեկն է, որ որդիներն ամուսնանան հայուհու հետ: «Եթե նրանք հայուհու հետ չամուսնան, ի վերջո կհաշտվեմ, կընդունեմ, բայց դա ինձ համար աղետ կլինի», ասաց Տիգրան Աբասյանը:
Հունաստանում խառն ամուսնությունների վտանգն ավելին է: Հայերին այստեղ լավ են վերաբերվում, երկու քրիստոնյա ազգերի միջեւ մշակութային տարբերությունները մեծ չեն: «Իսլամական երկրներում շեշտված է հայը հայի հետ ամուսնությունը, մինչդեռ քրիստոնյա երկրներում կացությունը մտահոգիչ է, անգամ ցավալի», նշեց Աթենքի հոգեւոր հովիվ Պարետ քահանա Խաչերյանը :
Հունահայերն ու հայաստանցիները
Աթենքի կենտրոնական թաղամասերից մեկի բնակելի շենքի երկրորդ հարկում է «Հայաստան» ակումբը: Այստեղ հիմնականում հավաքվում են 1990-ականներին Հայաստանից գաղթածները, որոնց հունահայերն անվանում են հայաստանցիներ: «Հայաստան» ակումբում պատերին կախված են Հայաստանի նկարները, իսկ սեղաններից մեկին դրված են հուշանվերներն ու հայկական կոնյակները: Աշխատանքից հետո այստեղ են հավաքվում, հեռուստացույց դիտում, նորություններ փոխանակում, կարդում ակումբի հրատարակած «Հայաստան» թերթն ու քննարկում, թե ինչ միջոցառումներ կարող են կազմակերպել: Ավանդական սփյուռքի ներկայացուցիչներն այստեղ հազվադեպ են գալիս: Հունահայերն ունեն իրենց ակումբները: Ավանդական սփյուռքի ներկայացուցիչների ու Հայաստանից գաղթածների հարաբերություններն արտաքուստ հանդուրժողական են, իրականում` սառը խուսափողական:
«Տասնամյակներ շարունակ մեր նպատակը մեկն է` հայապահպանությունը, մեր գոյապայքարը դրան է ուղղված: Մենք հույս ունեինք, որ հայաստանցիները կգային ու կմիանային մեր պայքարին: Բայց այդպես չեղավ: Նրանցից շատերը արվեստագետներ էին եւ եթե իրենց ունեցած շնորհքից մեզ էլ բաժին տային, գոհ կմնայինք: Բայց նրանցից շատերն ասում են, որ եկել են օտարանալու եւ հույն դառնալու համար: Անգամ իրենց անուն-ազգանուններն են փոխում», ասաց Պարետ քահանա Խաչերյանը:
«Հայաստանը մեզ համար մեր երազների երկիրն է, եւ ուղղակի խենթանալ կարելի է, երբ հայաստանցիներն ասում են, որ ատում են Հայաստանը», նկատում է ֆոտոլրագրող Մայք Չիլինգարյանը :
«Մենք պատրաստ չէինք այս մեծ ալիքին: Սկզբում դժվար էր հասկանալ, որ տնտեսական պատճառներով կարելի է լքել հայրենիքը», ասաց ուսուցչուհի Թագուհի Մինասյանը :
Մինաս Սահակյանը , որն ընտանիքով Հունաստան է տեղափոխվել 13 տարի առաջ, ասում է, որ իրենք էլ օգնության ձեռք էին սպասում հունահայերից, որն այդպես էլ չառաջարկվեց: «Երբ նոր էի եկել, երեխաներիս տարա հայկական Սոֆյա Հակոբյան վարժարանը: Չընդունեցին` պատճառաբանեցին, որ հունարեն չգիտեին: Ստիպված եղա հունական դպրոց տանել, ուր ընդունեցին, թեպետ հունարեն չգիտեին: Հետո երբ գնում էինք ակումբները, մեզ հետ չէին շփվում, առանձնացած էին պահում իրենց», ասաց Մինաս Սահակյանը:
«Հայաստան» թերթի խմբագիր, նախկին թեհրանահայ Դավիթ Այվազյանը , որ Աթենքում է ապրում արդեն 9 տարի, պատմում է, որ ակումբի կազմակերպած միջոցառումներին հրավիրում են նաեւ հունահայերին, սակայն նրանք հազվադեպ են հրավերն ընդունում:
«Հայաստան» ակումբը բացվել է 2001 թվականին` իր շուրջը համախմբելով շուրջ 1500 հայի: Դավիթ Այվազյանը, որը նաեւ ակումբի հիմնադիրներից է, ցուցադրում է լուսանկարների այն մի քանի ալբոմները, ուր հավաքված են ակումբի պատմության լավագույն դրվագները: «Մայրենի լեզվի անվճար դասընթացներ ենք անցկացնում, հունարենի եւ անգլերենի ուսուցում, «կլոր սեղաններ» ու հանդիպումներ կազմակերպում», ասաց Դավիթ Այվազյանը:
Տիգրան Աբասյանն ասում է, որ հունահայ գաղութում հուսախաբությունը մեծ էր, երբ Հայաստանի անկախությունից հետո այս անգամ Հունաստան ներգաղթեցին տնտեսական գաղթականները: «Եթե տարիներ առաջ միայն ընտանիքի հայրն էր գալիս աշխատելու, ապա այժմ ընտանիքներով են գալիս, ինչը նշանակում է, որ հետդարձի ճանապարհ այլեւս չի լինելու: Այստեղ նրանք դժվարությամբ են ապրում, բայց Հայաստան չեն ուզում վերադառնալ», ասաց Տիգրան Աբասյանը:
Հեշտ կյանքի մասին պատկերացումները բախվում են իրականությանը
Հունաստանը ներգաղթողների համար որեւէ արտոնություն չի սահմանում, չի տրվում նպաստ: Աշխատանք գտնելը բարդացել է հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում: Եվ երբ այս ամենին գումարվում է փաստաթղթերի բացակայությունը, իրականում «դժվարությամբ ապրելը» չափազանցված չէ:
Մինաս Սահակյանը 54 տարեկան է, Էլեկտրաեռակցող էր աշխատումՙ Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում: Միության փլուզումից հետո աշխատանք չէր կարողանում գտնել եւ որոշեց տեղափոխվել Հունաստան: Այստեղ եկավ որպես զբոսաշրջիկ եւ ապրում է արդեն 14 տարի: Այսօր կինն աշխատում է հրուշակեղենի խանութում, դուստրը վարսավիր է, իսկ տղան վերադարձել է Հայաստան` ծառայելու բանակում, որից հետո ամուսնացել է ու մնացել հայրենիքում: Հայաստան վերադառնալու մասին Մինասը հաճախ է մտածում: «Հունաստանում աշխատանք կարողանում եմ գտնել: Իսկ Հայաստանում ինչո՞վ պետք է զբաղվեմ: Իմ աշխատանքի համար վճարում են 30.000 դրամ: Այդ գումարով ինչպե՞ս պետք է ապրեմ եւ դեռ տղայիս ընտանիքին էլ օգնեմ», ասաց Մինաս Սահակյանը: Հայաստանը կարոտում է, այստեղ է տունը, թոռնիկը, սակայն վերադառնալու որոշում դեռ չի կայացրել: «Եթե աշխատանք լինի, անօրինականությունները վերանան, Հայաստանից ոչ մեկն էլ չի հեռանա: Հունաստանում, միեւնույնն է, օտար ես», ասաց Մինաս Սահակյանը:
29-ամյա Արմեն Մուրադյանն աշխատանք չի կարողանում գտնել: Նույնն էր նաեւ Հայաստանում: Երկու տարի առաջ որոշեց տեղափոխվել Հունաստան, որովհետեւ մայրն ու եղբայրն այստեղ էին եկել իրենից առաջ: Արմենը Հունաստանում ապրելու եւ աշխատելու իրավունք չունի: Մասնագիտությամբ ոսկերիչ է, երբեմն կարողանում է պատվեր ստանալ: Հայաստան ուզում է վերադառնալ, սակայն մշտապես հայրենիքում մնալու մասին չի մտածում: «Հայաստանը շատ եմ կարոտում: Կգամ կարոտս կառնեմ ու նորից կվերադառնամ: Հայաստանում ես վաղվա օրվա համար վստահություն չունեմ, հեռանկար էլ ինձ համար չեմ տեսնում», ասաց Արմենը:
Լիա Քոսակյանը Հայաստան վերադառնալու մասին այլեւս չի մտածում: Այստեղ է եկել, երբ 12 տարեկան էր: Ծնողները մի քանի տարի արդեն աշխատում էին Հունաստանում, որից հետո նաեւ երեխաներին որոշեցին տեղափոխել: Համալսարան է ընդունվել, աշխատում է Հունաստանում լույս տեսնող հայալեզու ՀՅԴ «Ազատ օր» օրաթերթում: «Այստեղ ես արդեն որոշակի հիմք ստեղծել եմ ինձ համար: Ի՞նչ պետք է անեմ Հայաստանում: Ճիշտ է, կարոտում եմ Հայաստանում ապրող հարազատներիս, բայց այստեղ արդեն երկար տարիներ եմ ապրում, ու դժվար է ինձ համար թողնել ու հեռանալ: Ծնողներս, հակառակը, ուզում են Հայաստան վերադառնալ, բայց ես ու եղբայրս` ոչ», ասաց Լիան:
Դպրոցը` հայապահպանության կենտրոն
Աթենքում գործում է երեք հայկական դպրոց` Հայ կապույտ խաչի Լեւոն եւ Սոֆյա Հակոբյան , Սիմոն Զավարյան եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Գալփաքյան վարժարանները : Միեւնույն հարկի տակ գործում են մանկապարտեզը եւ նախակրթարանը, իսկ գրեթե երկու տասնամյակ առաջ Լեւոն եւ Սոֆյա Հակոբյան վարժարանում բացվել է նաեւ երկրորդական դպրոց:
Մանկապարտեզում սովորելուց հետո երեխաները տեղափոխվում են նախակրթարան, այնուհետեւՙ երկրորդական դպրոց: Կոկիկ, մաքուր եւ լավ կահավորված կրթական հաստատությունները երեխաները սկսում են հաճախել երկու-երեք տարեկանից: Ընտանիքից հետո դպրոցն այն վայրն է, ուր երեխաներն սկսում են լսել հայկական խոսքը: Դպրոցները վճարովի են` ամսական հիսունից մինչեւ հարյուր հիսուն եվրո: Ընդ որում, ինչպես նշում են տնօրենները, գումարը հաճախ է զեղչվում եւ անգամ կարող է անվճար լինել, եթե ծնողներն ի վիճակի չեն վճարել: «Միայն թե երեխաները հայեցի մեծանան», բացատրում են նրանք:
Հայ կապույտ խաչի Լեւոն եւ Սոֆյա Հակոբյան վարժարանի նախակրթարանի առաջին դասարանը 2009-ին ընդունվել է 40 աշակերտ: Թիվը տնօրեն Ռիկարդո Երկանյանի համար գոհացուցիչ է: Նախակրթարանի առաջինից վեցերորդ դասարաններում սովորում է 101 սան: «Աշակերտների թիվն ավելանում է, բայց մենք մանկապարտեզի հետ կարող ենք ընդունել առավելագույնը 140 աշակերտի եւ երբեմն, ցավով, ստիպված ենք լինում մերժել ծնողներին եւ երեխաներին չընդունել: Թեպետ աշխատում ենք հնարավորինս խուսափել նման դեպքերից», ասաց Ռիկարդո Երկանյանը:
Երկրորդական դպրոցի տնօրեն Սիմոն Տեր-Սահակյանը Լիբանանից է, Հունաստանում է ապրում 7 տարի: Արդեն 4 տարի 34-ամյա Սիմոն Տեր-Սահակյանը երկրորդական դպրոցի, որն ընդգրկում է 7-9-րդ դասարանները, տնօրենն է: Հունական պետական ծրագրի հետ միաժամանակ աշակերտները սովորում են հայոց լեզու, պատմություն ու աշխարհագրություն, գրականություն եւ կրոն: Երկրորդական դպրոցում սովորում է 56 աշակերտ: «Ցավոք, համայնքում չի գործում բարձրագույն դպրոցը, իսկ մերը միակ երկրորդականն է: Այն ավարտելուց հետո աշակերտները տեղափոխվում են հունական դպրոց», ասաց Սիմոն Տեր-Սահակյանը:
Զավարյան վարժարանի մանկապարտեզ երեխաները սկսում են այցելել երեք տարեկանից: Սկզբնական շրջանում փոքրիկները հաճախում են «ծիլ» բաժինը, հետո տեղափոխվում են «կոկոն» խումբը, եւ երբ արդեն «ծաղիկ» բաժնում սովորում են հայերեն տառերը, տեղափոխվում են նախակրթարան: «Նախակրթարանում սովորում է 110 աշակերտ, որոնց 40 տոկոսը Հայաստանից է», ասաց նախակրթարանի ուսուցչուհի Թագուհի Մինասյանը :
Հայկական բարեգործական ընդհանուր միության Գալփաքյան վարժարանի մանկապարտեզում եւ նախակրթարանում սովորում է 77 աշակերտ: Նախորդ տարի սովորում էր 65 սան: «Վարժարանը կարող է ընդունել մինչեւ հարյուր աշակերտի», նկատում է տնօրեն Հիլդա Էսայանը:
Հայկական երեք վարժարաններն էլ հիմնվել են հայաշատ վայրերում եւ պետականորեն ճանաչված են հունական կառավարության կողմից:
Եկեղեցին. բաժանումը դեռ շարունակվում է
Հունաստանում գործում է 12 հայկական եկեղեցի, որոնցից տասը գտնվում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, երկուսը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության ներքո:
Երկու կաթողիկոսությունները Հունաստանում նշանակել են թեմերի առաջնորդներին: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող եկեղեցիների առաջնորդը Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանն է, իսկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի գերակայության ներքո գտնվող եկեղեցիների առաջնորդը` Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը :
Եվ թեպետ Ամենայն հայոց հայրապետության եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգեւոր հովիվները խոսում են միմյանց հանդեպ բարյացակամ վերաբերմունքի մասին, արտաքին հարգանքի ներքո արտահայտվում են տարիների սառնությունն ու չլուծված խնդիրների առկայությունը:
15-րդ դարում Ամենայն հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայից փոխադրվում է Սուրբ Էջմիածին: Սակայն Կիլիկիայում նստավարած վերջին Ամենայն հայոց կաթողիկոսի մահից հետո, ում լիազորությամբ աթոռը տեղափոխվել էր Էջմիածին, կիլիկեցիները հիմք են դնում նոր կաթողիկոսության, տեղական իշխանությամբ եւ Կիլիկիայի սահմաններով: Ցեղասպանությունից հետո Կիլիկիո աթոռը Սահակ կաթողիկոսի գլխավորությամբ դառնում է աստանդական` հանգրվանելով Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, ապա Լիբանանի Անթիլիաս ավանում: Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդի միջնորդությամբ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը` իր հոգեւոր իշխանության ենթակայության տարածքներից Անթիլիասին է զիջում Լիբանանի, Սիրիայի եւ Կիպրոսի շրջանների թեմերը, որից հետո այդ շրջանները դառնում են Անթիլիասի կաթողիկոսության օրինական հոգեւոր տիրույթները:
1957 թվականին, սակայն, Անթիլիասի կաթողիկոսությունը Մայր աթոռ Սբ Էջմիածնի թեմերին զուգահեռ հիմնում է Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան եւ ապա Արեւմտյան թեմերը: 1958 թվականին զավթում է Պարսկաստանի երեք թեմերը, իսկ Հունաստանում ստեղծում զուգահեռ թեմ: Ամենայն հայոց հայրապետությունն այս քայլը համարում է իր իրավասությունների ուղղակի ոտնահարում:
Մինչ օրս երկու աթոռների միջեւ վերջնական համաձայնություն չկա: Էջմիածինը դեմ է երկու աթոռների միջեւ հավասարության նշան դնելուն, Անթիլիասն իր առաջնությունը հիմնավորելու համար փաստում էր, որ երկու կաթողիկոսները ծառայում են տարբեր հարթություններում` Խորհրդային Հայաստանում եւ Սփյուռքում:
«Էջմիածնի պայքարը մեկ ընդհանուր եկեղեցի ունենալու համար է: Բաժանման պատճառը Սովետական Միությունն էր: Այսօր պատճառը վերացել է, բայց խնդիրը դեռ կա: Հունաստանում պայքարը սկսվեց 1958 թվականին: Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ պատգամավորական ժողով: Ի սկզբանե թեմի պատկանելության փոփոխման խնդիր չէր դրվել: ժողովից հետո Հունահայոց թեմի մի մասը դարձավ անթիլիասական: Էջմիածնի կողմանկիցները դիմեցին դատարան, եւ միայն 1962 թվականին մենք կարողացանք հիմնել մեր եկեղեցին: Այսօր անթիլիասականների հետ հարաբերություններ կան, բայց հանդիպումներ նրանց հետ առանձնակի չեմ փնտրում», ասաց Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է աշխատանք սկսի եւ հատուկ ծրագիր մշակի այս չորս աթոռների մերձեցման ուղղությամբ», ասաց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող եկեղեցու հոգեւոր հովիվ Պարետ քահանա Խաչերյանը :
«Եկեղեցին դե ֆակտո բաժանված է, միասնականության խնդիր ունենք: Հունաստանում մենք համագործակցում ենք միայն ապրիլի 24-ին, բայց համագործակցելով` նրանց անօրինական վիճակին օրինականություն ենք տալիս», նկատեց Ոսկան սրբազանը:
«Եկեղեցիների համար մեկ ընդհանուր գլուխ ունենալը հեռվում եմ տեսնում, քանի որ տարբերություններն ու բազմազանությունները, իմ կարծիքով, հարստություններ են: Աթոռներն ու առաջնորդություններն ուժ են, որովհետեւ շուրջդ ժողովուրդ կհավաքվի: Առաջին նախապատվությունը, շատ պարզ է, Էջմիածինն է, որովհետեւ մեր հայրապետների գրած շարականներում էլ է այդպես ասվում», ասաց Պարետ քահանա Խաչերեանը:
Սփյուռքում անթիլիասականների եւ Էջմիածնի համակիրների միջեւ պայքարը միայն եկեղեցական հարթության վրա չէ, որ ընթանում է: Սփյուռքում երկու աթոռների հետեւում կանգնած են քաղաքական կուսակցությունները: Անթիլիասի կաթողիկոսությանն աջակցում է ՀՅԴ-ն, իսկ Էջմիածնին` ռամկավարները, ՀԲԸՄիությունը ու որոշակիորեն նաեւ հնչակյանները:
Ցեղասպանության ճանաչումը Հունաստանում
1996 թվականին ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը եւ հայկական մյուս ուժերը խորհրդարանին են ներկայացնում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը: Այդ տարիներին խորհրդարանի նախագահ Ափոսթոլոս Գաքլամանիսի նախագահությամբ առաջարկը ստանում է օրենքի ուժ: Արդեն 14 տարի է, ինչ ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումներին մասնակցում են նաեւ Հունաստանի կառավարության պաշտոնյաները:
Ցեղասպանության ճանաչմամբ, սակայն, Հայ դատի հանձնախմբի աշխատանքները չեն ավարտվում: Ոչ միայն Աթենքում, այլեւ հայաշատ Սալոնիկ, Քսանթի եւ Կոմոտինի քաղաքներում հանձնախումբն ունի իր գրասենյակները, որի աշխատակիցները համագործակցում են Հունաստանի քաղաքական ուժերի հետ եւ նրանց ներկայացնում համայնքի քաղաքական կեցվածքը: «Հայ դատի լուծումը մեզ համար նշանակում է Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից եւ հայկական հողերի վերադարձ: Թուրքիան այսօր փորձում է մտնել Եվրոմիություն, եւ քանի որ Հունաստանը այդ կառույցի անդամ է, մենք փորձում ենք խոչընդոտել Թուրքիայի մուտքը Եվրոմիություն», ասաց հանձնախմբի անդամ Դավիթ Պետրոսյանը :
Հունահայ համայնքը տարիների ընթացքում դարձել է այն ընտրազանգվածը, որին ընտրությունների գնացող քաղաքական ուժերը ուշադրություն չեն կարող չդարձնել: Դավիթ Պետրոսյանի հավաստմամբՙ համայնքի քաղաքական համակրանքը Թուրքիայի հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող կուսակցության կողմն է:
«Խորհրդարանն ընդունել է Ցեղասպանությունը, սակայն Հունաստանում ոչ միայն քաղաքացիների, այլեւ քաղաքական գործիչների շրջանակում շատերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին: Ուստի եւ մեր աշխատանքը մշտական է», ասաց Դավիթ Պետրոսյանը:
Քաջ Վարդանի զինվորն եմ
Բարի դեմքով, անսահման ժպիտով եւ վայելուչ շարժուձեւերով աչքի ընկնող Միքայել Մկրտչյանը խոսում է փայլուն հայերենով: Ապրում է Կարեա հայաշատ թաղամասում, եւ ամեն երեկո սրճարանում հայ ընկերների հետ զրուցում են Հայաստանի մասին:
Միքայել Մկրտչյանը 79 տարեկան է, ծնողները Հունաստան են գաղթել 1922 թվականին: Զավակներն ու այսօր նաեւ թոռները սովորում են հայկական դպրոցում: «Հայաստանում երբեւէ չեմ եղել: Անընդհատ աշխատում էի, բայց հիմա արդեն թոշակառու եմ եւ անպայման այցելելու եմ Հայաստան», ասաց Միքայելը, ապա ժպտաց եւ շարունակեց. «Չէ՞ որ ես հայ եմ, քաջ Վարդանի զինվորն եմ»:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Աթենք-Երեւան
Նկար 1. Հայ գաղթականների հաստատումը Հունաստանում 1921-1922 թթ.
Նկար 2. ՀԲԸՄ ատենապետ Տիգրան Աբասյան
Նկար 3. «Ազատ օր» օրաթերթի խմբագիր Հռիփսիմե Հարությունյան
Նկար 4. «Հայաստան» թերթի խմբագիր Դավիթ Այվազյան
Նկար 5. ՀԲԸՄ Գալփաքյան վարժարանում
Նկար 6. Երթ հանուն հատուցման
Նկար 7. Թոշակառու Միքայել Մկրտչյան