Մայիսի 25-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում ընթացիկ մրցաշրջանում ստուգողական 2-րդ հանդիպումը կանցկացնիՙ հյուրընկալելով Ուզբեկստանի ընտրանուն: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ստուգողական առաջին հանդիպումը մեր ֆուտբոլիստներն անցկացրել էին Թուրքիայումՙ 1-3 հաշվով զիջելով Բելառուսի հավաքականին:
ՀՀ հավաքականը մայիսի 21-ից կսկսի նախապատրաստությունն ընկերական այդ հանդիպմանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ընդլայնված ցանկը: Այս անգամ հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներից բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին, պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը, կիսապաշտպաններ Արարատ Առաքելյանն ու Արտավազդ Քարամյանը, հարձակվող Արման Քարամյանը: Բացակայության պատճառները տարբեր են: Ռոման Բերեզովսկին մայիսի 24-ին «Խիմկիի» կազմում պետք է մասնակցի առաջնության հանդիպմանը: Թադեւոսյանն ու Առաքելյանը հավաքական չեն հրավիրվել վատ մարզավիճակի պատճառով: Ինչ վերաբերում է Քարամյան եղբայրներին, ապա նրանք հրավեր չեն ստացել: Հավանաբար պատճառն այն է, որ նրանք Բելառուսի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը հրաժարվում էին մասնակցել, որի համար խիստ քննադատության էին ենթարկվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Վարդան Մինասյանն էլ նշել էր, որ հետագայում հնարավոր է, որ հրաժարվի Քարամյանների ծառայություններից:
Ամենայն հավանականությամբ, ուզբեկների հետ խաղում մեր հավաքականի դարպասը կպաշտպանի Իրանի «Կավեհում» հանդես եկող Գեւորգ Կասպարովը: Թեեւ հավաքական հրավիրված «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանն էլ ներկայումս լավ մարզավիճակում է: Հավաքականում է ընդգրկված նաեւ «Փյունիկի» պահեստային դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը, որին հարկ կլինի մայիսի 20-ին պաշտպանել երիտասարդական հավաքականի դարպասն էստոնացիների հետ մրցախաղում:
Պաշտպանությունում հավաքականի հիմնական կազմում տեղ կզբաղեցնեն Սարգիս Հովսեփյանը, Հրայր Մկոյանն ու Վահագն Մինասյանը: Իսկ 4-րդ պաշտպանի դերին հավակնում են հավաքական հրավիրված Ռոբերտ Արզումանյանը, Աղվան Մկրտչյանն ու Արթուր Յուզբաշյանը:
Վարդան Մինասյանը կիսապաշտպանների ընտրության մեծ հնարավորություն ունի: Իրանից հրավիրվել են Լեւոն Փաչաջյանն ու Արթուր Եդիգարյանը, Դոնեցկի «Մետալուրգից»ՙ Արտակ Դաշյանը, Բելգիայի «Բրյուգեից»ՙ Մասիս Ոսկանյանը: Տեղացի ֆուտբոլիստներից խաղին կնախապատրաստվեն Կառլեն Մկրտչյանը, Արթուր Ոսկանյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը, Արտակ Գրիգորյանը:
Հարձակման գիծն էլ բավական տպավորիչ կարող է լինել հանձինս Մարկոս Պիզելիի, Գեւորգ Ղազարյանի, Հենրիխ Մխիթարյանի, Հովհաննես Գոհարյանի, Էդգար Մանուչարյանի եւ Սամվել Մելքոնյանի: Մնում է, որ մեր ֆուտբոլիստներն աչքի ընկնեն գրագետ գործողություններով ու արդյունավետ խաղով:
Ուզբեկների հետ խաղը կայանալու է «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20-ին: Տոմսերն արդեն վաճառվում են: Արեւելյան եւ արեւմտյան տրիբունաների տոմսերի արժեքը 2000 դրամ է, հարավային եւ հյուսիսային տրիբունաներինըՙ 1000 դրամ: