Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, ի շարս վրաց այլ տարածաշրջանների, ըստ նախնական տեղեկատվության, երեկ պետք է այցելեին ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի եւ հայաբնակ Սամցխե Ջավախք: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Վրաստանի ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլին հայտնել է, որ ԿԸՀ-ի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, քաղաքական կուսակցությունների տարածքային գրասենյակների, տեղի քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այցելության նպատակը նախընտրական իրավիճակին ծանոթացումն է:
Հիշեցնենք, որ Ջավախքում, մասնավորապես, խնդրահարույց է արդեն իսկ ընտրական այն վիճակը, որ ստեղծվել է մայիսի 30-ին կայանալիք տեղական ընտրությունների քարոզչության ընթացքում: «Ազգն» անդրադարձել է այն հանգամանքին, որ տեղական ընտրություններին մասնակցության փորձ են անում մի քանի հայ թեկնածուներ` մտածողության ու մոտեցման առումով Ջավախքի հայաթափման դեմ պայքարելու վճռականությամբ, սակայն նրանց հանդեպ ճնշումներ էին բանեցվում եւ շարունակվում են: Նրանց զգալի մասը ներկայացված է վրացական ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում:
Ընդդիմադիրների հայտարարությունների համաձայն, վրացական իշխանությունների ճնշումների հետեւանքով որոշ թեկնածուներ հրաժարվում են հետագա պայքարից: Վրացական Ազգային ընդդիմադիր խորհրդի անդամ Լադո Բոժաձեն , մասնավորապես, հայտարարել էր, որ հստակ միտում է նկատվում հենց Ազգային խորհրդի թեկնածուների վրա ճնշումներ բանեցնելու ուղղությամբ:
Բոժաձեի խոսքերով, շանտաժի եւ ճնշման են ենթարկվել ընդդիմադիր թեկնածուները Ախալքալաքում, որտեղ «այդ գործողությունները ղեկավարում են շրջանի վարչական ղեկավարի պաշտոնակատար Վիտալի Թորոսյանը, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Համլետ Մովսիսյանը եւ պետանվտանգության հարցերով պատասխանատու Կախա Խուցիշվիլին: Օրինակ, Գոմինիա գյուղում ընտրական հանձնաժողովի ողջ անձնակազմը Համլետ Մովսիսյանի ազգականներից է բաղկացած»:
Ամեն դեպքում, ճնշումների հետեւանքով իրենց թեկնածությունը հանել են Թենգիզ Մարղեբաձեն, Ռոբերտ Ստամբոլցյանը, Գառնիկ Քերոբյանը, Ռոբերտ Թոթաձեն, Նանա Ավետիսյանը, Աշոտ Բանդիկյանը:
Ա. Հ.