«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2010-05-18 | #91, 2010-05-19 | #92, 2010-05-20


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՌՈՐԵՆ «ԽՑԿՎՈՒՄ Է» ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՈՒ ԿԱՆԳՆԵՑՆՈՂ ՉԿԱ՞

Ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված թուրքական ջանքերը շարունակվում են: Այսօրինակ հայտարարություններ, որպիսին, ըստ «Հյուրիեթի», օրերս արել է Թուրքիայի արտգործնախարար Էհմեդ Դավութօղլուն, վերջերս այնքան հաճախ են կատարվում, որ Թուրքիայի ու նաեւ Ադրբեջանի համար կարող է ինքնահամոզման աստիճանը բարձրացնել զգալի չափով: Թուրքիան ու Ադրբեջանն իրենք ասում, իրենք էլ լսում են ու թերեւս հավատում, որ ղարաբաղյան հացրում Թուրքիան իբր մասնակցություն ունի:

Սակայն խնդիրն այն է, որ ղարաբաղյան հարցը ինչպես որ տարվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այդպես էլ, լավ-վատ, շարունակվում է: Դավութօղլուն ավելի հեռուն է գնացել ու հայտարարել, թե «կգա ժամանակը, երբ մենք Հայաստանից Ադրբեջան կգնանք»: Բնավ էլ վատ ցանկություն չէ, սակայն չի կարող համահունչ դիտվել հայ-թուրքական գործընթացում Թուրքիայի դրսեւորած ապակառուցողական վարքագծի հետ:

Ինչեւէ, արտգործնախարարի խոսքերի ավելի ընդլայնված տարբերակն էլ երեկ ներկայացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը, հայտարարելով, թե «Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ, իհարկե, ներգրավված է այդ գործընթացում: Բաքվի ասուլիսում, ըստ «Ազերիպրես» գործակալության, Թուրքիայի դեսպանը նշել է, թե Թուրքիան էլ «ավելի ակտիվորեն» է ներգրավվելու գործընթացում:

Իհարկե, այս ամենի առնչությամբ ու ֆոնին առավել հետաքրքրական ու թերեւս մտահոգիչ են դառնում այն կրկնվող հայտարարությունները, թե Ադրբեջանն ու Թուրքիան «աշխատում են երկու շրջանների վերադարձի վրա, որ մադրիդյան փաստաթղթի քննարկվող դրույթներից է»: Հայկական կողմն, ըստ էության, չէր արձագանքում եւ միայն մայիսի 18-ին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Այն, ինչ հայտարարում է Բաքուն, միանշանակ հակասում է մադրիդյան սկզբունքներին»: Քոչարյանն ընդհանրական նշել է նաեւ, որ բանակցությունների մասին Ադրբեջանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4