Եթե պատժում ես, պիտի նաեւ պատասխանատվություն կրես
Ինձ դուր են գալիս ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Մարգար Օհանյանի հեռուստատեսային ելույթները: Զգացվում է, որ մարդը սիրում է իր գործը, հրապուրված է նրանով եւ անկեղծորեն ուրախանում է հաջողություններով, մասնավորապես ավտովարորդ-հետիոտն հարաբերությունների կարգավորմամբ:
Սակայն ինչն է ուշադրություն գրավում, երբ Մոսկվայից հայտնվում ես Երեւանում. ապշեցնում է տուգանքների չափը, որոնք գրեթե մոսկովյան են, մինչդեռ երկու քաղաքների կենսամակարդակների տարբերությունը համեմատության եզր չունի: Ես հասկանում եմ, որ դա պետավտոտեսչության գործը չէ, երկրում կա կառավարություն, որը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով համալրել բյուջեն: Բայց սա չէ կարեւորը, ակնկալում եմ անողոք առարկությունըՙ թող վարորդները չխախտեն երթեւեկության կանոնները, կարգապահ լինեն: Ճիշտ է, թող չխախտեն: Սակայն Երեւանում խախտումների մեծ մասը բնավ էլ կանխակալ չէ, այլ հետեւանքՙ հանգամանքների:
Նախՙ լուսակիրների մասին. դրանց զգալի մասից... դարերի հոտ է փչում: Եվ բանն այստեղ բնավ էլ պատմական պատկերի մեջ չէ: Պետք է արծվի աչքեր ունենալ, հատկապես արեւոտ օրերին, անցյալ հարյուրամյակի փոշու մեջ կորած այդ գողտրիկ լուսավորիչների գույները տարբերակելու համար: Ընդ որում, դեղին լույսը փոխվում է այնպիսի արագությամբ, որ խաչմերուկ մտնելով, կարող է չհասցնես դուրս գալ: Այդ «կարգավորիչները» իսկական ռեբուսներ են առաջադրում վարորդներին:
Հատկապես Մոսկվայից հետո Երեւանում տխուր խոհեր են առաջացնում վերգետնյա ուղեցույցներիՙ հատուկ թելանդրանքի նշանների աղքատությունը կամ դրանց կատարյալ բացակայությունը, մասնավորապես կենտրոնից դուրս: Ավելի հաճախ այստեղ պիտի ցած նայես, քան վեր, որն ավելի ակնբախ է: Իսկ ասֆալտի վրա դրոշմված ուղեցույցներն այնքան են խամրած (այն տպավորությունն է ստեղծվում, որ դրանք տարվա մեջ մեկ անգամ են նկարվում), որ հաճախ բնության քմահաճույքների պատճառով պարզապես աննկատ են մնում:
Մի տխուր օր ինձ կանգնեցրին ձախ թեքվելուց հետո: Ավտոտեսուչն ասաց, որ ես խախտել եմ կանոնները: Մոսկովյան սովորությամբ ասում եմՙ ընկեր տեսուչ («պարոնի» փոխարեն), մոտենալով խաչմերուկին, ես ոչ մի արգելիչ նշան չնկատեցի: Ասում էՙ արգելիչ չկա, բայց ասֆալտի վրա միայն ուղիղ է նշված: Տարավ նշանը «կոխեց աչքս»: Ավա՜ղ, այդ ցուցանյութից «ոսկորն» էլ չէր մնացել: Լավ, ասում եմ, պարոն տեսուչ, բա որ ձյուն գա կամ կարկուտ, կամ էլ փողոցային լուսավորությունն անջատվի, վարորդը ո՞նց պիտի տարբերակի: Այնժամ, պատասխանում է, ամեն ինչ կախման մեջ է դրվում տեսուչի կամքից. կուզենաՙ կտուգանի, կուզենաՙ չի տուգանի: Ինքներդ եք հասկանում, պրն Օհանյան, որ վարորդը գրեթե շանս չունի պետական թե անձնական պլանը կատարող չինովնիկի դեմ:
Սակայն սա էլ ոչինչ: Ամենաողբերգականը Երեւանի փողոցների անհուն ու անվերջ... փոսերն են, որոնք հաճախ հետերկրաշարժյան ճեղքվածքներ են հիշեցնում, որոնց մեջ ընկնելը հղի է անկանխատեսելի, կործանարար հետեւանքներով: Այդ փոսերն ու անտակ դիտանցքերը շրջանցելիս վարորդները պարտադիր տրորում են բաժանարար «հոծ» գծերը, հայտնվելով կամ հանդիպական ուղու կամ էլ մայթերի վրա (նայած որ կողմից են շրջանցում): Եվ կհատեն (սեփական մեքենան թանկ արժե), եթե նույնիսկ բաժանարար գծերը 10 շերտ ունենան: Երբեմն ճարպկորեն շրջանցում ես փոսը եւ նույնքան ճարպկորեն հայտնվում մյուս հարեւան փոսի մեջ: Տաքսիստներից մեկը մի անգամ պատմեց (հավաստիությունն, իհարկե, չեմ երաշխավորում), որ փողոցներից մեկի հետսողանքային վայրիվերումներ հիշեցնող հատվածի մոտ ոստիկանները «գյոզ են դնում»ՙ լկտիաբար շրջանցող վարորդներին «մաշկելու» համար: 100-տոկոսանոց սպասելի խախտում է:
Ես չգիտեմ, պետավտոտեսչությունը իրավունք ունի՞ ճանապարհները սպասարկող համապատասխան ծառայությունից պահանջելու վերացնել այդ հոգեմաշ փոսերը, որոնք հատկապես անձրեւից հետո թակարդ ու ծուղակ են դառնում վարորդների համար (խորությունը սովորական մարդկային աչքերով չես որոշի): Թե չէ ի՞նչ է ստացվում. վարորդը բյուջետային հարկեր է վճարում, որոնցից եւս գոյանում է ոստիկանի աշխատավարձը: Բացի այդ, այդ նույն վարորդը նույնպես հարկի ձեւով որոշակի գումար է մուծում ճանապարհներից օգտվելու համար (հակառակ պարագայում տեխզննություն չես անցնի): Եվ այդ ամենից հետո պետավտոտեսչությունը դառնում է սոսկ չարագուշակ պատժիչ մարմին, որը բնավ էլ պատասխանատվություն չի կրում ճանապարհների որակի համար: Նվաստիս կարծիքով, պետավտոտեսչությունը պետք է օրենսդրական իրավունք ունենա ասֆալտապատման համապատասխան ծառայություններից պահանջելու բարելավել ճանապարհածածկերը: Իմիջիայլոց, Մոսկվայում գոյություն ունի հատուկ հեռախոսային ծառայություն, որի միջոցով վարորդները, եւ ոչ միայն նրանք, զանգահարում-զգուշացնում են ճանապարհային տարբեր (ոչ միայն փոսային) թերությունների մասին:
Ամենայն հավանականությամբ կհնչեն արդարացումներՙ միջոցներ չկան նոր լուսակիրներ գնելու, ասֆալտի վրա նկարելն ավելի էժան է, քան վերգետնյա ուղեցույցների կախումը, ասֆալտն ինքնին թանկ բավականություն է եւ այլն: Բայց ինձ թվում է, ընկեր... ներողություն, պարոն Օհանյան, եթե մարդուն տուգանում ես, այն էլ բավականին զգայուն չափերով, ապա պարտավոր ես նրա համար ստեղծել անվտանգության կատարյալ պայմաններ: Հուսով եմ, որ ձեր առաջիկա հեռուստաելույթներից մեկում դուք ձեզ բնորոշ լավատեսությամբ, նույն խանդավառությամբ կզեկուցեք գոնե տխրահռչակ ճանապարհափոսերիՙ այդ տարերային աղետների վերացման մասին: Դրանով դուք ձեր անունը կմտցնեք պետավտոտեսչության պայծառ տարեգրության մեջ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Հ. Գ. Ինչքանո՞վ է արդարացված օղակաձեւ փողոցներիՙ աջից հարվածողին զիջելու գերակայուն կանոնի խաթարումը լրացուցիչ «զիջումներով»: Հատկապես քաղաքին անծանոթ մարդու համար դա լուրջ դժվարություններ է ստեղծում: Մինչեւ կողմնորոշվում ես, լավագույն դեպքում արժանանում ես «գործընկեր» վարորդների բազմահարկ հայհոյանքներին: