Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ անբարեխիղճ մրցակցության համար տուգանեց «Ալեքս Գրիգ» ընկերությանը: Մասնավորապես, հանձնաժողովի հարուցած վարույթով պարզվել է, որ այդ ընկերության արտադրած «Ուկրաինա» անվանումով օղու ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է ուկրաինական «Ուկրաինկային», «Խլոպցի» օղինՙ դարձյալ ուկրաինական «Խորտիցային», «Մեդոֆեն»ՙ բրիտանական «Մեդոֆֆ»-ին, «Պրեմիումը»ՙ ուկրաինական «Պրյամի»-ին, «Խլեբնիյ դարը» կարող է շփոթություն առաջացնել օղու աշխարհագրական ծագման նկատմամբ: «Ալեքս Գրիգը» հանձնաժողովի որոշմամբ տուգանվեց 2,5 մլն դրամով, պարտավորվեց վերացնել եւ այլեւս բացառել այդ օղիների վաճառքը:
Նիստում տեղեկացվեց, որ «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» եւ «Բուֆետնայա Տրադիցիա» ապրանքանիշներով օղիների արտադրության համար նույն պատճառով տուգանված «Ալեքս Գրիգի»ՙ տուգանքի որոշումներն անվավեր ճանաչելու հայցը մերժվել է եւ տուգանքի որոշումը մնացել է ուժի մեջ:
Սակայն, անկախ հանձնաժողովի տուգանքներից, վերոնշյալ ընկերությունը շարունակում է նույն գործելակերպը, ինչը նշանակում է, որ տուգանվելու վտանգն այնքան էլ չի անհանգստացնում ընկերությանն ու նրա հիմնադիր Սամվել Ալեքսանյանին:
Ա. Մ.