Նկատում է Europe et Orient հանդեսի խմբագիրը
Մամուլի ազգային ակումբում երեկ հյուրընկալվել էր Ռամկավար ազատական կուսակցության համաշխարհային խորհրդի գործադիր մարմնի անդամ, Փարիզում լույս տեսնող «Եվրոպա եւ Արեւելք» հանդեսի գլխավոր խմբագիր Վարուժան Սիրապյանը : Նա խոսեց բավականին հետաքրքրական թեմայից` «Հայաստանը ֆրանսիական մամուլում»:
«Եթե շիտակ ասենքՙ եվրոպական մամուլը շատ հետաքրքրված չէ Հայաստանով: Ճիշտ է, Ֆրանսիայում ժողովուրդը դրական վերաբերմունք ունի Հայաստանի հանդեպ, բայց գիտենք, որ քաղաքական մակարդակով որեւէ երկիր մեկ այլ երկիրը սիրելու կամ չսիրելու խնդիր չունի, այլ ավելի շատ` շահերի խնդիր ունի: Այս տեսակետով, եթե Ֆրանսիայում ինչ-որ մեկը գրի, թե Հայաստանը դեմոկրատ չէ, կամ ցույց տա Հայաստանի բացասական կողմերը, ապա մենք կասենք` միգուցե ասվածների մի մասը ճիշտ է, սակայն ինչո՞ւ հենց տվյալ պահին պետք է բացվեին այդ նյութերը», ասաց Վարուժան Սիրապյանը:
2007 թվականին Ֆրանսիայում եղավ Հայաստանի տարի, որի ժամանակ կազմակերպվել էին տարբեր կոնֆերանսներ ու միջոցառումներ, եւ այդ ամենը մարդկանց մեջ ստեղծեց հետաքրքրություն ու դրական վերաբերմունք Հայաստանի ու հայ ազգի հանդեպ, իսկ, Թուրքիայի տարին, ըստ Վարուժան Սիրապյանի, Հայաստանի տարվա նման կարեւորություն չունեցավ:
«Նախՙ Թուրքիայի տարին չընդունվեց, եղավ միայն 6 ամսով, որն էլ անցավ շատ աղքատ ու խղճալի: Թուրքիան մշակութային որեւէ բանի մասին բնավ չկարողացավ խոսել, որովհետեւ պարտավոր էր լինելու խոսել նաեւ հայկական հին եկեղեցիների ու մշակույթի մասին», նշեց բանախոսը:
Վարուժան Սիրապյանը տեղեկացրեց, որ 1991 թվականից 3 կուսակցություններ` ռամկավար, դաշնակցական եւ հնչակյան կուսակցությունները որոշեցին միանալ մի գործի շուրջը` ապրիլի 24-ին համատեղ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Կազմվեց «Հայ քաղաքական կազմակերպությունների կոմիտեն», այնուհետեւՙ «24 ապրիլի» կոմիտեն: Վ. Սիրաբյանի փոխանցմամբ` նմանատիպ քայլ սփյուռքում առաջին անգամ էր կատարվում:
«Եթե այդ միացյալ ուժը չլիներ, ապա չէր առաջանա Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը: Իհարկե, մեզ օգնեց նաեւ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցի շուրջը», հավելեց բանախոսը:
Վարուժան Սիրապյանը նաեւ ներկայացրեց «Եվրոպա եւ Արեւելք» հանդեսը: Նա տեղեկացրեց, որ Փարիզում լույս տեսնող Europe et Orient («Եվրոպա եւ Արեւելք») ամսագիրը լույս է տեսնում 2005 թվականից, իսկ առաջին համարը լույս է տեսել 2004-ի դեկտեմբերին:
«Ազգի» հարցին, թե ֆրանսիական մամուլի էթիկայի ու օրենքների տեսակետից ինչպիսի՞ն է հայկական մամուլը, Վ. Սիրապյանը պատասխանեց. «Ֆրանսիական ու հայկական մամուլը միմյանց հետ շատ կապեր չունեն, սակայն պետք է նշեմ, որ ֆրանսիական մամուլը չեզոք չէ: Եթե ֆրանսիական մամուլը համեմատենք անգլիական մամուլի հետ, ապա կտեսնենք, որ անգլո-սաքսոն լրագրողը միշտ գրում է փաստերով, իսկ ֆրանսիական մամուլում շատ նուրբ ձեւով քեզ ներկայացնում են իրե՛նց միտքը: Հայկական մամուլն այսօր պարադոքսային վիճակում է: Դրսից նայելիս կասեն, թե հայկական մամուլն ազատ չէ, բայց եթե ֆրանսիական մամուլը նախագահին անվանի մարդասպան, ինչպես դա արել էր հայկական թերթերից մեկը վերջերս, ապա հաջորդ օրը ֆրանսիական թերթի գլխավոր խմբագիրը հաստատ կկանգնի դատարանի առջեւ: 2003-ին, երբ եկել էի Հայաստան, իմացա, որ ծեծել են մի կին լրագրողի, այսինքն` մի կողմից չափազանց ազատ բաներ են գրվում հայկական մամուլում, բայց մյուս կողմից էլՙ կան նաեւ ճնշումներ»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ