Ամիսներ առաջ «Արարատբանկը» հասարակությանը ներկայացրեց Հայաստանի բանկային շուկայում նախադեպը չունեցող մի արտադրանքՙ Mifare տեխնոլոգիայով նոր DUAL (երկակի) քարտը, որը մեր քաղաքացիներին հնարավորություն տվեց մեկ քարտում ունենալու թե՛ ժամանակակից բանկային քարտ, թե՛ Երեւանի մետրոպոլիտենով երթեւեկելու եւ դրա դիմաց վճարելու տրանսպորտային քարտ:
Բացառապես «Արարատբանկի» արտադրանքը լինելով, Կլասիկ-Մ մետրո քարտը կարճ ժամանակահատվածում իր պահանջարկի առումով գերազանցեց «Արարատբանկի» մարկետինգային սպասումների ծավալները:
Ելնելով բանկ-հաճախորդ հարաբերությունների մոդելավորման իր «Միտված դեպի հասարակությունը» փիլիսոփայությունից եւ շարունակելով բանկային եւ IT նոր տեխնոլոգիաների առաջադրումը շուկային, «Արարատբանկը» սկսում է Հայաստանում մի նոր բացառիկ նախագծիՙ Petrol Plus համակարգի ներդրման գործընթացը:
Համակարգի ներդրման համար «Արարատբանկի» մասնագետներն ուսումնասիրել են միջազգային շուկայում առկա զարգացումները, շուրջ 13 երկրների ավելի քան 800 կազմակերպությունների կիրառած փորձն ու տեխնոլոգիական լուծումները:
Այսօր աշխարհում տվյալ համակարգով սպասարկվում է ավելի քան 8.000.000 քարտ: Սպասարկվող խոշորագույն կազմակերպություններից են «Գազպրոմը», «Շելը», «ՏՆԿ»-ն, «Ռոսնեֆտը» եւ այլն:
Petrol Plus համակարգի ներդրմամբ «Արարատբանկը» թողարկում է Հայաստանում երկրորդ երկակի կիրառման, վառելանյութի դիմաց վճարումներ կատարելու համար օգտագործվող նոր քարտատեսակ եւ ներդնելով Petrol Plus ծրագրա-ապարատային համակարգը, վառելանյութի վաճառքի շուկայում ձեւավորում է այդ քարտերի սպասարկման լայն ենթակառուցվածք:
Ներդրվող համակարգը Հայաստանում կկիրառվի առաջին անգամ եւ կրկին լինելով բացառապես «Արարատբանկի» արտադրանքը, հնարավորություն կտա կորպորատիվ ընկերություններին եւ անհատ անձանցՙ փոխարինելու ներկայումս վառելիքի լիցքավորման համար օգտագործվող թղթային կտրոնները բանկային պլաստիկ քարտերովՙ օգտագործելով կազմակերպության համապատասխան ծախսերի օպտիմալացման եւ հաշվետվությունների ու վերահսկման առավել ժամանակից միջոցներ:
Համակարգը յուրահատուկ է այն առումով, որ քարտերը լիցքավորվում եւ տրամադրվում են հաճախորդին նախապես վճարված գումարին համապատասխան քանակի վառելիքի լիտրերով, ինչպես նաեւ ծրագիրը իրականացվում է միջազգային քարտերի միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռում միեւնույն քարտով կատարելու նաեւ բանկային քարտերին բնորոշ բոլոր գործարքները:
Այս համակարգի ներդրմամբ «Արարատբանկը» խթանում է նաեւ նախկինում իր թողարկած AUTOCARD ծրագրի նոր զարգացումը տեխնոլոգիական նոր հիմքի վրա: