«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2010-05-18 | #91, 2010-05-19 | #92, 2010-05-20


ԱՄՀ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 4 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ տեղի ունեցած մաուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ԱՄՀ-ն ճշգրտումներ է արել Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումների մեջ: Համաձայն դրանց, 2010-ին միջազգային ֆինանսական այս կառույցը Հայաստանի համար կանխատեսում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4 տոկոս աճ: Հիշեցնենք, որ ԱՄՀ նախկին կանխատեսմամբ հավանական էր համարվում Հայաստանում 1,5 տոկոս տնտեսական աճը: Գնաճի տարեկան ցուցանիշը, ըստ Մարկ Լյուիսի, 2010-ին Հայաստանում կլինի 6 տոկոս: Իսկ բյուջեի դեֆիցիտի վերաբերյալ ԱՄՀ ներկայացուցիչը միայն նշեց, որ այս տարի եկամուտների ծավալն ակնկալվում է, որ կմեծանա, եւ բյուջեի դեֆիցիտը ավելի ցածր կլինի:

Սակայն մինչ հայաստանյան խնդիրներին անդրադառնալը Մարկ Լյուիսը, ԱՄՀ Հայաստանում ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան եւ կառույցի այլ ներկայացուցիչներ անդրադարձան աշխարհի, Եվրոպայի եւ տարածաշրջանի տնտեսական կացության մասին ԱՄՀ ուսումնասիրություններին: Բոլոր դեպքերում էլ նշվեց, որ նկատվում են տնտեսությունների վերականգման միտումներ, որոնք տարբեր երկրներում տարբեր կերպ են ընթանում: Նույն միտումներն են նկատվում նաեւ տնտեսական տարբեր ցուցանիշներում` դարձյալ տարբեր առանձնահատկություններով:

Իսկ երեկվա մամուլի ասուլիսի հրավիրման նպատակը ԱՄՀ Հայաստանում գտնվող առաքելության եւ Հայաստանի կառավարության միջեւ համաձայնության ձեռքբերումն է «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի վերաբերյալ, որոնք նախատեսում են ավելի արտոնյալ դարձնել վարկային համաձայնագրերը` մեղմացնելով Հայաստանի կողմից վարկերի վերադարձման պայմանները: Նշվեց, որ այդ համաձայնությունը նախնական է եւ դեռ պետք է հաստատվի ԱՄՀ ղեկավարության կողմից: Միաժամանակ, ԱՄՀ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, բայց «թեեւ ճգնաժամն ավարտվել է», ի հայտ են եկել տնտեսական աճի խթանման, աղքատության կրճատման, պարտքի վերադարձման եւ ֆինանսական կայունության խնդիրներ: Հիմնադրամը կարեւորում է հարկային վարչարարության բարելավումն ու հարկման բազային ընդլայնումը: Այս մասին տրված հարցին պատասխանելովՙ Մարկ Լյուիսը նշեց, որ հարկման մակարդակը շատ ցածր է, եւ պետեկամուտների կոմիտեի որոշ պաշտոնյաներ սխալ են գործում (ըստ թարգամանության, որն, ի դեպ, բավականին անորակ էր եւ շատ հաճախ ամբողջությամբ անհասկանալի-Ա.Մ.): ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն ասաց նաեւ, որ որոշ բարելավումներ պետեկամուտների ընթացակարգերում արվել են:

Հայաստանում օլիգոպոլիաների հարցին պատասխանելովՙ Մարկ Լյուիսն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը կառավարվում է հզոր օլիգոպոլիաներով, որից թուլանում է մրցակցությունը, աճում են ծախսերը եւ դանդաղում տնտեսական աճը: Նրա կարծիքով, դեռ վաղ է ասել, թե կառավարությունը փոփոխություններ է կատարել այստեղ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4