«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2010-05-18 | #91, 2010-05-19 | #92, 2010-05-20


ԵՐԳԻ «ՂԻՄԵԹ»-ԱՐԺԵՔԻՆ` ԱՆԳԻՏԱ՞Կ

Այն մասին, որ հայ երգիչն արհամարհական վերաբերմունք ունի երգի եւ հատկապես դրա տեքստի հանդեպ, վկայություններ ստանում ենք ամեն օր եւ ամեն ժամ, ստանում ենք հայաստանյան բոլոր եթերներից` հեռուստա- եւ ռադիո: Երգիչների արհամարհալից անփութությունն արտահայտվում է նաեւ ա՛յն բանաստեղծների տեքստերի վերաբերմամբ, ովքեր, թվում է, պիտի որ հատուկ ակնածության եւ ուշադրության արժանացած լինեին:

Բայց այսօրվա հայ երգիչը միանգամայն վստահ է, որ կարելի է երգել, օրինակ, Սայաթ-Նովա` սեփական անպատասխանատվության չափով «խմբագրելով» ու աղավաղելով նրան: Աստծուն պիտի փառք տայինք, անշուշտ, եթե հայ երգիչն այնքան խելք ու շնորհք ունենար, որ հանդգներ խմբագրել մեծ բանաստեղծին (կասեինք` ջահել է, խելացի է` փորձ է անում): Բայց այսօրվա մեր երգչի համար բոլորովին միեւնույն է, թե ում երգն է երգում` Ավետ Բարսեղյանի՞, Անիտա Հախվերդյանի՞, թե՞ Սայաթ-Նովայի: Այո, մեր երգիչը չի էլ կասկածում, որ առաջին երկուսի երգերի տեքստերը, դրանց տողերն ու քառատողերը եթե նույնիսկ խառնենք, շարադասենք` ինչպես կամենանք, միեւնույն է, ոչինչ չի պատահի, բովանդակային մեծ կորուստներ չենք ունենա: Բայց Սայաթ-Նովայի՜ դեպքում....

Վերջին շրջանում եթերից հաճախ է հնչում Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթն չիմ գիդի» երգը` մեր երկրի վաստակավոր արտիստ Հայկոյի եւ Արամեի կատարմամբ: Փոխնիփոխ երգում են տղերքը, եւ շատ էլ կարեւոր չէ` արդյոք լա՞վ են երգում: Շատ ավելի կարեւոր է պարզել` արդյոք ճի՞շտ են երգում: Մեղեդուց առավել նկատի ունեմ տեքստը: Ինչու՞ երգիչներից վաստակավորը որոշել է, որ Սայաթ-Նովայի «յիս քու ղիմեթն չիմ գիդի» տողը պիտի դառնա «յիս քու ղիմիթը չիմ գիդի»: Որովհետեւ Հայկոն պատշաճ ուշադրությամբ չի՞ կարդացել բանաստեղծին: Բայց ինչո՞ւ, ասենք, «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի մեր երեխաները խոր ակնածանքով պիտի սերտեն Սայաթ-Նովային (եւ ոչ միայն նրան), իսկ ահա Հայկոն չպիտի սերտի: Հատկապես որ դրա կարիքն ունի:

Վերադառնանք երգին եւ տեսնենք, թե մեր տղերքը Սայաթ-Նովայի «ղիմեթն» է՛լ ինչքան «գիդին»: Բանից պարզվում է` նրանք այնքան էլ չգիտեն` ինչի՛ մասին է երգը: Սայաթ-Նովայի այս երգը պիտի ավարտվի «Սայաթ-Նովա, նազլու յարին գընած նոքարի նըման իս» հրաշալի տողով: Բայց մեր երկու «աստղերի» միահամուռ ջանքով բանաստեղծության այս տող-հրաշալիքը դառնում է անհեթեթ ու անիմաստ մի բան. «Սայաթ-Նովեն նազլու յարին գնած նոքարի նման իս»: Չասե՞նք մեր երգիչներին, թե աշուղական երգում որքա՛ն էական է ավարտի ամփոփիչ տողը, ուր հաճախ նաեւ հեղինակի անունն է հնչում: Եվ ահա դուք անհեթեթ եք դարձնում հենց ա՛յդ տողը:

Վատ է, երբ հայ երգն աղավաղում է օտարը, ա՛յն օտարը, ում զանազան առիթներով վարձում-խնդրում ենք հայերեն երգել, հետո հիացմունքից ու երախտագիտությունից հուզվում-կարկամում ենք, երբ նա մեծագույն ճիգով հայերեն երկու խոսք է հնչեցնում: Հուզվում ենք այնքան, որ հանգիստ ներում ենք օտարի աղավաղումը` «Սայաթ-Նովուն ջուջուն արիր»: Բայց դա օտա՛րն է, ում համար սիրուց խենթացած-«ջունունն» ու անհեթեթ «ջուջունը» նույն բանն են, որովհետեւ իրեն նույնչափ անհասկանալի են:

Բայց ինչո՞ւ պիտի մեծ բանաստեղծին աղավաղի` «ջուջուն» անի հայ երգիչը: Հիշենք մի անգամ էլ` վաստակավորը:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4