«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2010-05-18 | #91, 2010-05-19 | #92, 2010-05-20


ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Լվովի Սուրբ Աստվածածնի վերափոխման Հայ առաքելական եկեղեցու սպասավոր Արմեն սարկավագ Հակոբյանը օրվա մի քանի ժամը նվիրում է հայկական եկեղեցու եւ հայ համայնքի պատմությունը զբոսաշրջիկներին ներկայացնելուն: 1363 թվականին կառուցված եւ հետագա դարերի ընթացքում վերափոխված ու վերակառուցված եկեղեցին զբոսաշրջիկների այցելության կարեւոր վայրերից է: «Զբոսաշրջիկները հիմնականում Լեհաստանից են, Չեխիայից: Նրանք հետաքրքրվում են հատկապես հայկական ճարտարապետության եւ կրոնի պատմությամբ: Նրանք երբեք չեն հեռանում առանց հայկական որեւէ հուշանվեր կամ Հայաստանի պատկերով բացիկ գնելու», ասաց Արմեն սարկավագ Հակոբյանը: Նա փայլուն տիրապետում է ոչ միայն ռուսերենին եւ ուկրաիներենին, այլեւ լեհերենին եւ կարողանում է զբոսաշրջիկների հարցերին պատասխանել առանց թարգմանչի օգնության: «Պատմություններ են պահպանվել, որ եկեղեցին հիմնել են Անիից գաղթած երկու եղբայր: Եկեղեցին դարերի ընթացքում փակվել է ու կրկին բացվել, նոր շունչ ստացավ, երբ 2003 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսը օծեց եւ վերաբացեց եկեղեցին», նկատեց եկեղեցու սպասավորը: Գեւորգյան ճեմարանն ավարտելուց հետո Արմեն սարկավագը ծառայության է նշանակվել Լվովում: Սովորել է Լվովի ուկրաինական կաթոլիկ համայնքում: Այստեղ է ապրում արդեն 8 տարի: «Հիանալի քաղաք է: Գիտեք, այստեղ հայկական շունչ կա», պատմեց Արմեն սարկավագը:

Ուկրաինայի հայկական համայնքի փոխնախագահ Նիկոլայ Քոչարյանը բանակից հետո մի քանի օրով եկել էր Լվով, հիացել քաղաքի գեղեցկությամբ եւ որոշել հաստատվել այստեղ: «Իրար նման շենքեր պատմական քաղաքում չեք գտնի: Լվովը բացառիկ քաղաք է եւ նշանակալից նաեւ հայկական համայնքի ներկայացվածությամբ», ասաց Նիկոլայ Քոչարյանը: Իրավաբան Նիկոլայ Քոչարյանը հանգստի անցնելուց հետո զբաղվում է գործարարությամբ: Քաղաքի կենտրոնում «Կրակովյան դարպասներ» անվամբ ռեստորան է բացել, ուր, չնայած անվանը, մատուցվում են հայկական ուտեստներ, իսկ պատերը զարդարված են հայկական դրոշի, Սասունցի Դավթի եւ Մասիսի պատկերներով: «Լվովի շրջանում այսօր շուրջ 3500 հայ է ապրում, 2000-ը` քաղաքում, իսկ 1500-ը` հարակից վայրերում», ասաց Նիկոլայ Քոչարյանը:

Հայերի առաջին հոսքը Լվով դեռ 8-րդ դարում էր: Երկրորդ եւ ավելի մեծ հոսքը Անիի կործանումից հետո էր: «Կարծիք է տիրում, որ գոթական ոճը քաղաք հենց անեցիներն են իրենց հետ բերել», ասաց Նիկոլայ Քոչարյանը: Խորհրդային Միության ներկայության տարիներին հայերը հիմնականում գաղթում էին ԱՄՆ եւ Եվրոպա: Վերջին հոսքը 1990-ականներին էր:

  Գեղեցիկ Ղազարյանը Լվով է եկել 1994 թվականին ուկրաինացի ամուսնու հետ: Դուստրն ապրում է Երեւանում, ինքը որդու հետՙ Լվովում: «Շատ եմ կարոտում թոռներիս, աղջկաս, բայց ծայրը ծայրին չեմ հասցնում, որ գամ Երեւան նրանց այցելության: 14 տարի Հայաստանում չեմ եղել», ասաց Գեղեցիկ Ղազարյանը: Օրվա մի մասը հավաքարար է ռեստորանում, մյուսը` հիվանդանոցում: «Ես շատ եմ ուզում Հայաստան տեղափոխվել: Բայց տղաս չի համաձայնում: Նա այստեղ է ծնվել եւ Հայաստան չի ուզում գալ», պատմեց Գեղեցիկ Ղազարյանը:

Լվովում ներկայումս գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, կազմակերպվում են մշակույթի օրեր: «Այս ամենն արվում է, որպեսզի պահպանենք ինքնությունը եւ խուսափենք ձուլումից», ասաց Նիկոլայ Քոչարյանը: Նա պատմում է, որ հայերին այստեղ հարգում են եւ գնահատում հայերի ներդրումը քաղաքի զարգացման գործում: «Ամենից շատ սիրում եմ «Հայկական» կոչվող փողոցով զբոսնել: Այս փողոցում ամեն ինչ հարազատ է թվում», նշեց Նիկոլայ Քոչարյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Լվով-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4