Հուլիսի 17-ին Գերմանիայի Շվերին քաղաքում Խորեն Գեւորը միջին քաշային կարգի WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի չեմպիոնական գոտու ժամանակավոր տեր Սեբաստիան Զբիկի հետ կայանալիք մենամարտում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին 31-ամյա Խորեն Գեւորը խզել էր պայմանագիրը գերմանական Universum պրոմոութերական ընկերության հետ: Սակայն հետագայում կողմերին հաջողվեց լուծել կոնֆլիկտը: Եվ այժմ հայ բռնցքամարտիկին 3-րդ անգամ հնարավորություն է ընձեռվել պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Նրա նախորդ երկու փորձերն անհաջողության են մատնվել: 2007-ին Խորեն Գեւորը ձեռնոց էր նետել Արթուր Աբրահամին: 11-րդ ռաունդում Արթուրը մրցակցին նոկաուտի ենթարկեց: Անցյալ տարի էլ հայ բռնցքամարտիկը միավորներով (111-117, 113-115, 113-115) զիջեց WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմին:
Խորեն Գեւորը ծնունդով Էջմիածնից է, ներկայումս բնակվում է Համբուրգում: Մարտի 16-ին լրացավ նրա 31-ամյակը: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 35 մենամարտերից 31-ում (16-ըՙ ժամկետից շուտ) նա հաղթանակ է տոնել, 4 անգամ ռինգը թողել է պարտված:
Գերմանացի Սեբաստիան Զբիկը 28 տարեկան է: Նա պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի էՙ հաղթող ճանաչվելով անցկացրած բոլոր 29 մենամարտերում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ