Հարցազրույց, որ գիրք դարձավ
«Մարտի վերջ, կեսօրին մոտ, Տերյան փողոց...Ներկայանալի տեսքով միջին տարիքի մի տղամարդ, տեսնելով պատկառելի տարիքի (առաջին հայացքից` 75-ից ո՛չ ավել, իրականում` արդեն 86 տարեկան), սակայն թիկնեղ մի այլ տղամարդու, մի պահ «քարանում» է, եւ արդեն իսկ մյուս վայրկյանին խոնարհվում, համբուրում է ազնվատես ծերունու աջը, այդուհանդերձ թողնելով բանական, նորմալ մի մարդու տպավորություն: Կարեւոր չէ, թե ո՞վ էր այն մարդը, որը այսպես էր արտահայտում իր հարգանքն առ ավելի տարեց տղամարդ, քանի որ վերջինս... լեգենդար խորհրդային անլեգալ հետախույզ Գեւորգ Վարդանյանն էր, որը 19 տարեկանում, իր հասակակիցների հետ միասին, որոնց թվում էր նաեւ իր ապագա կինը, այն ժամանակ` 17-ամյա Գոհարը, մեծապես օգնեց տապալել ֆաշիստական Գերմանիայի դավադրությունը` ուղղված ԽՍՀՄ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների ֆիզիկական ոչնչացմանը Թեհրանի գագաթաժողովի ժամանակ 1943 թ.... »:
Այսպես է սկսվում «Ազգ» -ի հիմնադիր կազմի անդամ, հետո` դիվանագետ, հետո` նորից լրագրող Գուրգեն Խաժակյանի ոչ մեծ ծավալի գիրքը «Հպում առասպելին. անլեգալ հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններ», ռուսերեն լեզվով, («Соприкосновение с легендой: - разведчики-нелегалы Геворк и Гоар Вартаняны»): Այսօր գաղտնազերծված է Վարդանյանների գործունեության միայն «իրանական» շրջանը, որը, ըստ Գեւորգ Վարդանյանի, կազմում է ընդամենը 5-10 տոկոս ընդհանուրից: Եվ բնավ էլ հայտնի չէ, թե ե՞րբ կգաղտնազերծվի իրենց մնացած, 46-ամյա գործունեությունը, եւ կգաղտնազերծվի՞ արդյոք:
...Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հիտլերի ծրագրերում Իրանին (Պարսկաստանին) կարեւոր տեղ էր հատկացվումՙ առաջին հերթին նավթի եւ կոմունիկացիաների առումով, եւ այն ժամանակ երկրում կային մոտ 20 հազար գերմանացիներՙ զինվորական հրահանգիչներ, հետախույզներ ու բազմաթիվ գործակալներՙ առեւտրականների, ինժեներների, այլ մասնագետների տեսքով: Պատերազմը սկսվելուց հետո Խորհրդային Միությունը չէր կարող հանդուրժել Իրանի ներքաշումը դրա մեջ, ինչին ձգտում էր Գերմանիան: Բացի այդ, հարեւան երկրի տարածքն ակտիվորեն օգտագործվում էր գերմանացիների կողմից ԽՍՀՄ տարածքում լրտեսական-դիվերսիոն գործունեության համար:
Իրանում խորհրդային արտաքին հետախոզության ռեզիդենտիՙ Իվան Աղայանցի առջեւ դրվեց խնդիրՙ բացահայտել գերմանական գործակալներին: Հենց դա էր առաջին հանձնարարությունը, որ ստացավ 19-ամյա Գեւորգ Վարդանյանը (օպերատիվ ծածկանունըՙ «Ամիր»): Իր կողմից կազմակերպված խումբը, որի մեջ մտան հայ, լեզգի, ասորի պատանիներ (բոլորըՙ ԽՍՀՄ-ից արտագաղթած), չնայած պատրաստվածության եւ փորձի բացակայությանը, երկու տարում բացահայտեց մոտ 400 անձի, այս կամ այն ձեւով կապված գերմանական հատուկ ծառայությունների հետ, որոնք ձերբակալվեցին եւ այնուհետեւՙ մեծավ մասամբ սկսեցին աշխատել հօգուտ խորհրդային եւ բրիտանական հետախուզության:
Ինչ վերաբերում է Հիտլերի պլանինՙ ահաբեկչական հատուկ խմբի միջոցով, որի ղեկավարն էր լինելու Երրորդ Ռայխի թիվ 1 ահաբեկիչ Օտտո Սկորցենին (որը ժամանակին կազմակերպեց գերությունից Մուսոլինիի ազատագրումը), ապա այն իրագործելու նպատակով Թեհրանի մոտակայքում դեսանտավորվեց ռադիստների մի խումբ, որը, այնուհետեւ հասնելով Իրանի մայրաքաղաք, ԽՍՀՄ եւ Մեծ Բրիտանիայի մոտակայքում գտնվող գաղտնի մի վիլլայից հաղորդագրություններ էր ուղարկում Բեռլին: Սակայն դրանք պելենգավորվում եւ սղագրվում էին Վարդանյանի խմբի եւ բրիտանական MI-6 հետախուզության աշխատակիցների կողմից: Շուտով բացահայտվեց նաեւ ռադիոհաղորդիչը, եւ այնուհետեւ ձերբակալվեց նաեւ ամբողջ գերմանական խումբը, որին այնուհետեւ ստիպեցին նորից «աշխատել» Բեռլինի հետՙ արդեն դաշնակիցների թելադրանքի տակ: Իմանալով տապալման մասին, Բեռլինը հրաժարվեց իր ծրագրերից:
Այս հրատարակությունը Վարդանյանների բացառիկ զույգի մասին պարունակում է հետաքրքրական տվյալներ, անկեղծ զրույցների գրառում, նաեւ` բացառիկ, մինչ այդ չհրապարակված լուսանկարներ` ՌԴ ղեկավարության, ԽՍՀՄ օգտին երկար տարիներ աշխատած, հետո` ձերբակալված, եւ այնուհետեւ փոխանակված բրիտանացի հետախույզ Ջորջ Բլեյքի հետ եւ այլն: Այս հրատարակությունը հեղինակը նվիրել է Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակին, ինչպես նաեւ Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձին: Հեղինակի իսկ վկայությամբ, իր այս աշխատության հրատարակումը հնարավոր է դարձել իրականացնել ընդամենը երկու-երեք օրում առաջին հերթին` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն, իրավագիտության թեկնածու Արսեն Ղազարյանի եւ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի ֆինանսական հովանավորության, ինչպես նաեւ «Նոյյան Տապան» տպարանի աշխատակիցների (տնօրեն` Աշոտ Ազարյան), Գ. Խաժակյանի վկայությամբ, «հերոսական» աշխատանքի:
Կարդալով մեկ շնչով, բավականին ընթերցվող ոճով գրված այս աշխատանքը, ավելի ու ավելի ես զարմանում տարբեր բաների վրա. օրինակ, ինչպես 46 տարի աշխատել ուրիշի անունների տակ, եւ ո՛չ մի ձախողում չունենալ, հաճախ` նույնիսկ երկուսով, առանց վկաների մնալով, խոսել ո՛չ թե մայրենի լեզվով, այլ նրանով, որը նախատեսված է«լեգենդով» եւ այլն: Իսկ վերջում ընթերցողը պարզապես կարող է ապշել, տեղեկանալով, որ գնդապետ Գեւորգ (Գեորգի) Անդրեյի Վարդանյանը, ով լեգենդար Ռիխարդ Զորգեից եւ Նիկոլայ Կուզնեցովից հետո ընդամենն երրորդ խորհրդային հետախույզն է, որն արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, եւ առաջինն է, ով ստացել է Հերոսի Աստղը կենդանության օրոք եւ ոչ պատերազմական տարիներին, առ այսօր, ինչպես ռուսերեն են ասում, «մարտական շարքում է» («Չ ոՏպՉՏՎ րՑՐՏ՚»)` աշխատելով հետախուզության մեջ արդեն 70 տարի (սկսած այն օրվանից, երբ հեռավոր 1940 թ. նա, 16 տարեկան հասակում, առաջին անգամ հանդիպելով Իրանում խորհրդային հետախուզության ղեկավար (ռեզիդենտ) հայազգի Իվան Աղայանցին, սկսեց աշխատել հօգուտ խորհրդային հետախուզության, այսպիսով հետեւելով հոր, պարսկահպատակ Անդրեյ Վարդանյանի օրինակին):
(...Ամեն օր, ուղիղ ժ. 9.00-ին, տեր եւ տիկին Վարդանյանների տանը մոտենում է ծառայողական ավտոմեքենան եւ աշխատանքի է տանում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) գլխավոր խորհրդական գնդապետ Գ. Ա. Վարդանյանին, որը ս.թ. փետրվարի 17-ին բոլորեց իր 86 տարին...)
Ինչպե՞ս կարելի է չապշել, երբ հեղինակի հարցին, թե պատկերացնենք, որ տեր եւ տիկին Վարդանյաններին առաջարկվել է նորից աշխատել արտասահմանում, կհամաձայնե՞ին իրենք, եւ եթե այո, ապա ո՞ր երկրում կկարողանային առավել արդյունավետ աշխատել, պատասխանը հետեւյալն է. «Դե ցանկացա՛ծ երկրում»:
Հեղինակը` Գ. Խաժակյանը, նորից ու նորից է իր հարցն ուղղում հետախույզների լեգենդար զույգին. «Վերջապես, ո՞րն է հետախույզ դառնալու համար ամենակարեւոր մարդկային հատկությունը»:
Պատասխանն անփոփոխ է. «Սերն առ հայրենի՛ք»:
Ի դեպ:
Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների մասին ինտերնետում բավականաչափ նյութեր կան, նրանց մասին, մանավանդ` Մեծ հայրենականի հաղթանակի 65-ամյա հոբելյանի կապակցությամբՙ անընդհատ տարաբնույթ հաղորդումներ են սփռվում, հիմնականում` ռուսաստանյան հեռուստաալիքներով, սակայն Գուրգեն Խաժակյանի այս աշխատանքը նմանատիպ նյութերից տարբերվում է նրանով, որ, թերեւս, առաջին անգամ է այսքան հանգամանալից քննարկվում «հայկական թեման»:
«Ապրելով Պարսկաստանում, մենք բոլորս պատրաստ էինք սնվել միայն ցամաք սեւ հացով, բայց միայն թե ապրեինք Մայր հայրենիքում, մեր սիրելի Հայաստանում», ասում են Գեւորգ Վարդանյանն ու իր արդեն 64 տարվա կողակից եւ մարտական ընկեր, Մարտական կարմիր դրոշի շքանշանակիր Գոհար Լեւոնի Վարդանյան-Պահլեւանյանը:
2000 թ.-ից ի վեր, երբ ՌԴ ԱՀԾ-ն գաղտնազերծեց Գ. Ա. եւ Գ. Լ. Վարդանյանների անունները (ինչը, ըստ Գեւորգ Վարդանյանի, ՌԴ ղեկավարության կողմից շատ ճիշտ քայլ էր` արված աշխարհին եւս մեկ անգամ ցույց տալու, որ «մենք (Ռուսաստանը) եղել ենք, կանք ու կլինենք հզոր տերություն», Ռուսաստանում մշտապես կազմակերկպվում են լեգենդար խորհրդային հետախույզ զույգի մեծարման միջոցառումներ:
«Իհարկե, մարդիկ մեզ փողոցում ճանաչում, մոտենում են, խնդրում են լուսանկարվել` փառք Աստծո, հիմա դա արդեն կարելի է»,- ասում է Գեւորգ Անդրեեւիչը, շարունակելով: «Լինում են դեպքեր, երբ խնջույքների ժամանակ գեներալ-գնդապետները ծնկաչոք խմում են մեր կենացը, այդ պահին բնավ չլինելով հարբած (հետախույզներ են, չէ՞ )»:
2004 թ. հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հանձնել ՌԴ «Հայրենիքի առջեւ արժանիքների համար» շքանշանը (4-րդ աստիճանի) ԽՍՀՄ պատվավոր չեկիստ գնդապետ Գ. Ա. Վարդանյանին: Իսկ բոլորովին վերջերս նրան է շնորհվել Դոնի-Ռոստովի (որտեղ ծնվել է Գ. Ա. Վարդանյանը) պատվավոր քաղաքացու կոչումը: Ինչ վերաբերում է հայ ժողովրդի արժանավորագույն զավակների գնահատմանը մայր հայրենիքում, ապա անցած տարվա փետրվարի 14-ին, ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, Գեւորգ Վարդանյանին շնորհվեց ՀՀ Պատվո շքանշանը (համար 007): Կարո՞ղ եք պատկերացնել, որ այս «սովորական», այսինքն` մահկանացու մարդիկ` որոնք այն էլ, ի տարբերություն հետախույզների ներկայիս սերնդի, ըստ էության, չեն անցել հատուկ պատրաստվածություն, միայն Եվրոպայում աշխատանքի տարիներին գաղտնազերծել են ՆԱՏՕ-ի տասնյակ բազաներ, բարեկամական կապեր հաստատել տարբեր երկրների բարձրագույն պաշտոնյաների, այդ թվում եւ գեներալների, նախարարների, վարչապետների, նախագահների հետ: (Չգիտենք, 2000 թ. ո՞ղջ էր արդյոք ԱՄՆ ԿՀՎ նախկին տնօրեն ծովակալ Ս. Թերները, սակայն եթե նա իսկապես ողջ էր, ապա շատ կուզենայինք իմանալ, թե նա ի՞նչ զգաց, երբ իմացավ, որ, պարզվում է, 60-ականներին Իտալիայում` որպես ԱՄՆ 6-րդ նավատորմի հրամանատար ծառայելու ընթացքում ձեռք բերած իր «մտերիմ բարեկամները», որոնց նա հրավիրել էր իր հրամանատարական նավի վրա, ոչ այլ ոք էին, քան... փորձառու խորհրդային հետախույզնե՛ր):
Ինչ վերաբերում է Թեհրան-43-ին (բոլորս լավ գիտենք նույնանուն ֆիլմը, որը, ըստ էության, ի թիվս այլոց, նաեւ` Գեւորգ Վարդանյանի խմբի պատմությունն է), ապա մեզանում, ցավոք, քչերը գիտեն, որ 2007 թ. նոյեմբերին, Թեհրանի գագաթաժողովի 64-րդ տարեդարձի օրերին հատուկ Մոսկվա եկավ Մեծ Բրիտանիայի ոչ պակաս լեգենդար վարչապետ Ուինստոն Չերչիլի թոռնուհի Սելիա Սանդիսը` լրագրողների, տեսախցիկների ուղեկցությամբ, որպեսզի անձամբ շնորհակալություն հայտնի տեր եւ տիկին Վարդանյաններին իր պապի անվտանգությունը 1943 թ. Թեհրանում ապահովելու համար:
Այս հրատարակությունը գրված է Խաժակյանին բնորոշ, յուրահատուկ ոճով` «կրքով», կարդացվող է եւ «ինֆորմատիվ»:
Հեղինակի վկայությամբ, այսօր արդեն նա բազմաթիվ արձագանքներ է ստանում ամենատարբեր մարդկանցից: Պարզվում է, որ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններին առ այսօր Հայաստանում շատերն են անձամբ ճանաչում: Իսկ ամենակարեւոր արձագանքը գրքի հեղինակը համարում է Գեւորգ Վարդանյանի հետեւյալ խոսքերը` «թցՐչպվ ՊՋՈվ, Վօ ՉփպՐՈ ր թՏՈՐ տՐՏփՌՑՈսՌ, Չրպ ՏՑսՌփվՏ, րտՈրՌոՏ!»:
Մեզ մնում է միայն շնորհավորել մեր գործընկերոջը հետաքրքրական հրատարակության առթիվ, եւ հույս հայտնել, որ կգտնվի հովանավոր նաեւ այլ լեզուներով, մասնավորապեսՙ անգլերենով այն հրատարակելու` ԱՊՀ տարածքից դուրս ապրող ընթերցողների համար, ներառյալ հայկական Սփյուռքը:
Ս. Մ.