Աստրախանում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարում Վլադիմիր Հակոբյանին ոչ մի կերպ չի հաջողվում վերջին հորիզոնականից խուսափել: Առաջնության մասնակիցները մրցաշարային աղյուսակում շատ խիտ են դասավորված եւ մի քանի հաջող ելույթները կարող են կտրուկ բարելավել շախմատիստների ցուցանիշները:
Այս առումով 9-րդ տուրն էական փոփոխություններ չմտցրեց: Հակոբյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ ու 3,5 միավորով եզրափակում է աղյուսակը: Կրկին միանձնյա առաջատար դարձավ Պավել Էլյանովը, որը հաղթելով Թեյմուր Ռաջաբովին, վաստակեց 5,5 միավոր: 5-ական միավորով նրան հետապնդում են Դմիտրի Յակովենկոն, Շահրիյար Մամեդյարովը, Վուղար Հաշիմովը եւ Պետեր Լեկոն: Մամեդյարովը հաղթեց Ինարկիեւին, Վան Յուե-Սվիդլեր, Ալեքսեեւ-Հաշիմով, Լեկո-Գելֆանդ, Իվանչուկ-Յակովենկո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
10-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ է սպասվում Հակոբյանի մրցավեճն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Վերջինս վաստակել է 4 միավոր եւ Սվիդլերի, Իվանչուկի, Ինարկիեւի հետ բաժանում է 10-13-րդ տեղերը: Ռաջաբովը մեկն է այն մի քանի մասնակիցներից, որը հավակնում է Գրան պրիի ընդհանուր հաշվարկով խաղարկվող 2-րդ ուղեգրին, ինչը հնարավորություն կընձեռի մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ