ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը մեկնարկել է լոբբիստական գործունեությունՙ ի նպաստ Ղարաբաղի
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եվրոմիության տարածքում Ադրբեջանը զգալի ռեսուրսներով ու արդեն բավականին երկար ժամանակ ծավալվող քարոզչությամբ անհավասարակշռելի վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմից որեւէ քայլ անելու արդյունքները: Այդուհանդերձ, մասնավորապես, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը արդեն երկու տարի փորձում է Եվրոմիությունում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի` մեր մոտեցումների ձայնը:
Այսուհետեւ Ղարաբաղի հարցով առավել ակտիվ գործելու եւ լոբբիինգ իրականացնելու ցանկության մասին տեղեկացրեց ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գյովջյանը երեկ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցած ասուլիսում, որին մասնակցում էին նաեւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ ՀԲԸՄ Եվրոպայի խորհրդի անդամ եւ ԵՄ կառույցների հետ հարաբերությունների պատասխանատու Նիկոլա Դավիթյանը :
Մինչ 2008-ին մեկնարկած ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի գործունեությանն անդրադառնալը, Գյովջյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ կարեւոր ձեռքբերում է վերջերս Ֆրանսիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Իլ դը Ֆրանս տարածաշրջանի (Փարիզ եւ շրջակայք) խորհրդի անդամ ընտրված լինելու հանգամանքը:
Ըստ Գյովջյանի, Իլ դը Ֆրանսի տարածաշրջանը կարեւոր դերակատարություն ունեցող տարածք է, 8 մլրդ եվրոյանոց բյուջեով եւ 15 մլն բնակչությամբ, որի հետ Հայաստանի համագործակցության ուղղությամբ աշխատանքներ են նախապատրաստվում:
Վերջերս Եվրոխորհրդարանի ընդունած նոր օրինագիծը Հարավային Կովկասում Եվրոմիության ակտիվ ներգրավման մասին եւս քննարկման թեմա էր երեկ, որում տեղ գտած «Ադրբեջանի օկուպացված տարածքների անհապաղ ազատում» ու նման այլ ձեւակերպումների առնչությամբ Ալեքսի Գյովջյանը նշեց, թե պետք է աշխատել Ղարաբաղի ու ղարաբաղցիների ձայնը Եվրոպայում լսելի դարձնելու ուղղությամբ:
ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ներկայացուցչի խոսքերով, մինչեւ 2009 թ. Ադրբեջանն էր միայն Եվրոպայում ակտիվ քարոզում, իսկ արդեն գրեթե 20 տարի անկախացած Ղարաբաղից Եվրոմիությունում չէին խոսում: Հետաքրքրական է, որ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ այսօրինակ զեկույցը առիթ է, ցավոք, ընդունելու, որ առաջին հիշատակումներից մեկն է այն դեպքում, երբ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Մերձդնեստրում Եվրոմիությունն այս կամ այն կերպ ներկայացված է:
Այդուհանդերձ, հայկական կողմի համար այդքան անբարենպաստ ձեւակերպումներ պարունակող Եվրոխորհրդարանի բանաձեւում, որին «Ազգը» անդրադարձել է նախորդ համարներում, կան նաեւ ի նպաստ Ղարաբաղի դրույթներ, մասնավորապես` ԼՂ-ին մարդասիրական օգնություն եւ աջակցություն տրամադրելու մասին, ինչը եւս առաջին անգամ է ամրագրվում:
Գյովջյանը կարեւորեց իրենց աշխատանքի մի քանի հիմնական խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ Եվրոմիության կառույցների ներկայացուցիչների այցելությունների կազմակերպումը, ժողովրդի իրավիճակին ծանոթացումը, որպեսզի չգրվեն այնպիսի զեկույցներ, ինչպիսին հեղինակել էր բուլղարացի Կիրիլովը` առանց այս կողմերում երեւալու:
Այս ոչ դրական ֆոնին թերեւս ուրախալի է, որ ՀԲԸՄ ջանքերով անցյալ տարի տեղի է ունեցել ԼՂ իշխանությունների ներկայացուցիչների առաջին այցելությունը Բրյուսել եւ հանդիպումը Եվրոհանձնաժողովում: Չնայած նպատակներին ու ջանքերին` Գյովջյանը փաստեց, որ 20 տարի Եվրոպայում այս առնչությամբ ոչինչ չի արվել, ինչը «մեր բոլորի սխալն է»: «Այսօր կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոմիությունում հաշվի առնվի որպես ժողովուրդ, որպես երկիր»:
ՀԲԸՄ մի նոր գրասենյակ էլ անցյալ տարվա հոկտեմբերից գործում է Բրյուսելում: ՀԲԸՄ Եվրոպայի խորհրդի անդամ եւ ԵՄ կառույցների հետ հարաբերությունների պատասխանատու Նիկոլա Դավիթյանը ներկայացրեց, որ Սփյուռքը մինչեւ վերջերս Բրյուսելում Ղարաբաղի հարցով գործունեություն չէր իրականացնում:
Ինչ վերաբերում է ԵԽ բանաձեւում Ղարաբաղին օգնություն տրամադրելուն, ապա Դավիթյանը հույս հայտնեց, որ դա ոչ միայն փաստաթղթում ամրագրված կմնա, այլեւ կդառնա իրականություն այն դեպքում, երբ ներկայումս որեւէ օժանդակություն ԵՄ-ից ուղղած չէ ոչ ԼՂ բնակչությանը, ոչ հասարակական կազմակերպություններին:
Մայիսի 19-ից 24-ը ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի «Կորիզ» ծրագրի շրջանակներում Երեւանում տեղի ունեցավ «Հանուն ժողովրդավարության. Երիտասարդական սեմինար ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար» սեմինարների շարքը, որի նպատակն էր միավորել տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել ու խորհուրդներով աջակցել նրանց եւ օգնել ներգրավվելու Հայաստանում եւ Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում: «Կորիզ» ծրագիրը մեկնարկել է 2009-ին, նրա նպատակն է պատրաստել երիտասարդ առաջնորդներ Եվրոպայի հայկական համայնքներում:
ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանն այս առնչությամբ տեղեկացրեց, որ հայ երիտասարդներն արդեն տարբեր մակարդակի եւ բնույթի հանդիպումներ են ունեցել, ինչը նրանց հնարավորություն կտա արդեն բնակության երկրներում հստակ պատկերացմամբ համադրելու տեղի իրավիճակն ու դրությունը Հայաստանում: