Մենք չենք կարող չապրել, չընտրել ու չընտրվել, խորհրդարան ու նախագահ չունենալ` ինչ է թե Չավուշօղլուի ղեկավարած ԵԽԽՎ-ն չի նկատում մեր ապրելու իրավունքը, չի տեսնում «չճանաչված» Ղարաբաղի հայկական պետությունը, ուր ապրող մարդկանց արյունը նույն ԵԽԽՎ-ականների արյան գույնն ունի, դեռ մի քիչ էլ ավելի թունդ է, քանի որ շատ ազգերից ավելի շուտ է որպես գետ սկիզբ առել: Չի կարող չկազմակերպել իր կյանքը եւ Չավուշօղլուի նախնիների քոչվորական կյանքով ապրել, ինչ է թե իրենց հողի վրա դարերով ապրած մարդկանց անվանում են «չճանաչված» հանրապետության քաղաքացի: ԼՂ տարածքի մարդիկ այստեղ էին, երբ դեռ Չավուշօղլուի ազգը չկար, երբ դեռ եվրոպական շատ ազգեր ձեւավորվում էին, իսկ Հայոց լեռնաշխարհում վաղուց արդեն մարտակառքերի ու ձիասարքերի մետաղն էր պեծին տալիս` սեփական մետաղաձուլարաններում ձուլած մետաղական մասերի տեսքով:
Հիմա ինչ անենք, սպասե՞նք մինչեւ Չավուշօղլուի ղեկավարած ԵԽԽՎ-ն կամ թուրք-ադրբեջանական լոբբիինգով զբաղվող Կիրիլովի բանաձեւերն ընդունող Եվրոխորհրդարանի թղթերը թույլտվություն կտան` կարգի բերելու ու ղեկավարելու մեր տունը, ամուսնանալու ու երեխաներ ունենալու, այդ երեխաների համար օրենքներ ստեղծելու եւ նրանց կյանքը կազմակերպելու, ընդհանրապես` շնչելու ու արտաշնչելու:
Ղարաբաղցի հայը համենայն դեպս չի կարող այդպես անել, նա ապրում է իր բնականոն կյանքով, Ազգային ժողով ընտրում, կարգուկանոն ստեղծում իր տանն ու այդ կարգով-օրենքով ապրում, եվրոպաները դրա համար թուղթ-մուղթ կտան-չեն տա, չի կարող նրանց կյանքի ցուցիչ լինել. կտան` լավ, չեն տա` ոչինչ, կյանքը շարունակվում է: Չեն սպասելու` թղթով սիրեն ու երեխա ունենան, թղթով քնեն-արթնանան...
Չուզողի ջգրու` ԼՂՀ ընտրողների 70 տոկոսը կիրակի օրը Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է, ԼՂՀ ԿԸՀ ընտրական հանձնաժողովի նախագահի Սերգեյ Նասիբյանն էր ասում, ղարաբաղցիներն էլ ազատ ու անկախ դառնալուց հետո 5-րդ անգամ են օրենսդիր մարմին ընտրում: Դեռ մի քանի կուսակցություն էլ անցնում են խորհրդարան, այսինքն` լավ էլ ժողովրդավարական մրցակցություն է` «Ազատ հայրենիքը» լավ բարձր նախնական տոկոս է ստացել, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունն» ու ՀՅԴ-ն 6 տոկոսի արգելանքն անցել, էլի նորմալ տոկոս ունեն, դեռ մեծամասնական կարգով էլ ընտրությունն ընթացավ: Ընտրություններն էլ խաղաղ-հանգիստ էին` չավուշօղլուների ու կիրիլովների «ինադու», իր երկրի կամ իր «յոլդաշ» երկրի ընտրությունների նման` թեկնածուներն իրար չեն ծեծում:
Դիտորդ չեք ուղարկում` մի ուղարկեք, մի քանի բարեկամ երկիր էլի դիտորդ ուղարկել են, Հայաստանն էլ թիկունքին` հայ խորհրդարանականները մի լավ դիտարկել են ու բոլոր կողմերից տեսել, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները կարգին ժողովրդավարական ընտրություններ են եղել, Էդուարդ Շարմազանովը ՙ վկա, համապատասխան միջազգային չափանիշներին, ինչն էլ իր հերթին վկայություն է, որ ԼՂ-ն ընտրել է իր` ժողովրդավարական ճանապարհը ու դրանով հաստատուն գնում է: Դեռ կարող են ԼՂՀ ընտրությունները օրինակ դառնալ մեր տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում` Չավուշօղլուի «յոլդաշ» Ադրբեջանի համար (դե, մենք սիրում ենք այս կարգի չափազանցություններ, բայց այս անգամ` լրիվ լուրջ), ժողվրդավարական արժեքները ԼՂՀ-ում այլընտրանք չունեն. մի խոսքով` թափանցիկ, արդարացի, ժողովրդավարացման զարգացման ճամփով ընտրություններ էին, հա:
Իսկ եթե բուլղարացի ադրբեջանական լոբբիստը ընտրությունների նախօրեին ուզում էր 2216-ով ղարաբաղցիների տրամադրությունը փչացնել` ղարաբաղցու տրամադրությունը դրանից իսկի չի փչանում, նա շատ բան է տեսել, այդ թվում` ե՛ւ ադրբեջանական անիմաստ հոխորտանքներ, ե՛ւ տեսակ-տեսակ ԵԽԽՎ-ականների, եվրոհանձնաժողովականների, մոնիտորինգ անողների ու խաղաղապահություն անել ցանկացողների: Ղարաբաղցին գլուխը կախ իր գործին է` երկիր է պահում, մնացյալը` դիվանագետներին բաժին:
Հենց նրանք թող Հայաստանի ու Ղարաբաղի միացյալ շահին համապատասխան պատասխանեն զանազան նեստերենկոներին, որոնք մոսկվաներում նստած` իրենց երկրի ու իրենց ԱԳՆ-ի շահերն են արտացոլում, երբ ասում են, թե կարգավորման ընթացքը կախված չէ Ղարաբաղում ընտրությունների անցկացումից, Ռուսաստանն էլ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իսկ ԼՂՀ-ն որպես անկախ պետություն չեն ճանաչում, բայց նաեւ կեղծավորաբար խոսում են միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներն ու նորմերը հարգելուց: Բա որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, քաղաքական բանակցությունների արդյունքում եւ բոլոր կողմերի քաղաքական բանակցություններից հետո, հարգելագույն Նեստերենկո, էլ ո՞ւր եք առաջ ըմկնում եւ սկզբից թույն կաթեցնում, կամ ո՞վ է էդ թույնին նայում. ղարաբաղցին իր անելիքը լավ գիտե, ինչ ուզում եք տարբեր մայրաքաղաքներում նստեք ու բարբառեք, իսկ փոխզիջման մասին կարող էիք խոսել, եթե գայիք Ղարաբաղ ու տեսնեիք` ինչպե՞ս է ուզում ղարաբաղցին իր տունը կարգավորել, դրսից չի երեւա: Եթե Գյուլն ուզում է իր տանը հանգիստ լինել ու լուռ դիվանագիտել, մենք էլ մե՛ր տանն ենք ուզում մեզ հանգիստ զգալ ու մեր գործն առաջ տանել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ