Առայժմ ամեն ինչ շատ լավ է
Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական շրջանների ծանրաբեռնված երթեւեկությունը, մասնավորապես ամեն քայլափոխի ավտոկայանատեղերի առկայությունից առաջացած իրավիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով 2008-ին ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց իտալական Renco S.p. A. ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ ներկայացրած քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ըստ որի պետք է կառուցվեր արդիական` 500 ավտոմեքենաների համար նախատեսված ստորգետնյա ավտոկանգառ Ազատության հրապարակում:
Երեկ նախատեսված աշխատանքներն ավարտվեցին սահմանված ժամկետից շուտ: Մայրաքաղաքի Ազատության հրապարակի ստորգետնյա հատվածն այսուհետեւ կապահովի 500 մեքենաների համար կայանատեղի: Կայանատեղի բացմանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «Շատ լավ գործ է արվել: Երկու տարի առաջ «Ռենկո»-ին առաջարկեցինք կառուցել այս ավտոկայանատեղին: Սա պետք է չափանիշ լինի մնացածների համար: Ով ցանկանա կառուցել այսպիսի չափանիշներով ավտոկայանատեղի, կարող է դիմել քաղաքապետարան ու համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում սկսել ավտոկանգառի կառուցումը: Այժմ հարակից բոլոր փողոցներում ավտոմեքենաներ չեն կայանվի, երթեւեկությունը կլինի ավելի հարմար»: Ստորգետնյա շինությունը եռահարկ է , յուրաքանչյուր հարկը` 3,06 մ բարձրությամբ, մուտք գործող մեքենաների` 2,15 մ բարձրության սահմանափակումով: Շինարարության մեջ օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, նյութեր եւ սարքավորումներ: Մասնավորապես միջհարկային ամուր ծածկերի իրականացման համար «Ռենկո Արմէստեյտ» ընկերությունն օգտագործել է երկաթբետոնե փրփրացված միջուկով պանելներ, որոնք զգալիորեն իջեցնում են շինության քաշը եւ երաշխավորում առավել սեյսմակայունություն եւ ամրություն: Ամեն հարկ ունի երկու հատված, որոնք իրարից անջատվում են էվակուացիոն դռներով: Յուրաքանչյուր հարկում նախատեսված են երկու էվակուացիոն ելքեր: Մոնտաժված են հակահրդեհային ավտոմատացված համակարգը, հակահրդեհային ծորանները, ներկառուցվել է 160 խմ տարողությամբ ջրավազան, տեղադրված են կրակմարիչներ: Տեղադրվել է նաեւ 100 կվտ հզորությամբ դիզելային ագրեգատ` էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման նպատակով:
Ավտոկանգառի մուտքը եւ ելքը Թումանյան փողոցից են: Կայանատեղին շահագործման կհանձնվի այսօր:
Ստորգետնյա ավտոկանգառի բացմանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետը, Հայաստանում Իտալիայի դեսպանը, շինարարությունն իրականացրած իտալական ընկերության ներկայացուցիչներ եւ այլք: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ դեռեւս հստակեցված չէ, թե որքա՞ն պետք է վճարի քաղաքացին իր մեքենան կանգառում կայանելու համար: Կայանատեղիների մասին օրենքում սահմանված է` 100-500 դրամ մեկ ժամի համար: «Հնարավոր է լինի 100 դրամ, 150 կամ 200: Հիմա` մինչեւ հստակեցնելը, չեմ ուզում կոնկրետ թիվ ասել, սակայն մենք այնպիսի գին ենք ընտրելու, որ գոհացնի բնակիչներին», նշեց Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է Ազատության` կարելի է ասել նորակառույց հրապարակին, ապա «վերեւում» նույնպես կատարվել են բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներ. տեղադրվել են լրացուցիչ նստատեղեր, կառուցվել է արտաքին լուսավորության նոր ցանց, վերանորոգվել եւ կրկին հրապարակում կանգնեցվել են Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները: Ինչպես նշեց Երեւանի քաղաքապետը. «Այս հրապարակը նույնպես մենք այսօր ավելի լավ տեսքով ենք հանձնում երեւանցիներին»:
Մնում է միայն հուսալ, որ, նախ, «վերեւում» տեղադրված մեր մեծերի արձաններին չեն հայտնվի նոր մակագրություններ` «Մկո-85» կամ «Ա+Գ հավասար է Սեր» բովանդակությամբ, հրապարակում չեն հայտնվի «ՎԻՓ» սրճարաններ, այլ կլինի երեւանցիների խաղաղ հանգստի վայր, մանավանդ որ շուրջբոլորը լեփ-լեցուն է վերոհիշյալ սրճարաններով: Հուսանք նաեւ, որ հրապարակի նոր ասֆալտապատված հատակին օրերի հետ չեն հայտնվի սիգարետի մնացորդներ, դատարկ տարաներ եւ այլ անպետք իրեր: Ինչ վերաբերում է «ներքեւին», ապա այստեղ էլ նախ հույս ունենանք, որ կսահմանվի իրոք քաղաքացիների համար հարմար գին` մեքենան կանգնեցնելու համար, եւ իրոք այս ստորգետնյա ավտոկայանատեղին զգալիորեն կթեթեւացնի մայրաքաղաքի գոնե կենտրոնի գերծանրաբեռնված երթեւեկությունն ու ճանապարհի երկայնքով մեկ կանգած մեքենաների առկայությունը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ