«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2010-05-21 | #94, 2010-05-22 | #95, 2010-05-25


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Առնվազն տարակուսանք ու վրդովմունք է առաջացնում ՀՀ ԿԳ նախարարության առաջարկած` ՀՀ տարածքում օտարալեզու կրթության մասին նախագիծը: Այն հարցականի տակ է դնում անկախ պետականության հիմնասյուներից` մայրենի լեզվի կարգավիճակը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածով:

Լեզունՙ մայրենի լեզուն հայ լրագրողի հիմնական զինամիջոցն է, հանրության հետ առնչվելու միակ հնարավորությունը: Ահա թե ինչու Հայաստանի լրագրողական մայր կազմակերպությանըՙ Ժուռնալիստների միությանը չի կարող չմտահոգել առաջադրված նախագիծը:

Անշուշտ, հայ լրագրողները մասնագիտական առումով կարեւորում են լեզուների իմացությունը, տարբեր երկրներում, տարբեր ազգությունների հետ առանց թարգմանչիՙ ազատ, անկաշկանդ առնչվելու հնարավորությունը: Դրանով հանդերձ, մենք համոզված ենք, որ այլ լեզուներ հնարավոր է սովորել եւ պետք է սովորել միմիայն մայրենիին հիմնավորապես տիրապետելուց հետո: «Լեզուն մեր հայրենիքն է»,- ասում էր Վարպետըՙ Ավ. Իսահակյանը, որին կուզեինք հավելելՙ նաեւ ազգային արժանապատվությունը, հպարտությունը:

Հայրենինքն ու լեզուն երկմիասնություն է, եւ մեկի խաթարումը կհանգեցնի մյուսի ոչնչացմանը:

Վտանգված է հայերենի ոչ միայն այսօրը, այլեւ ապագան. անշրջահայաց բարեփոխումները, առկա խնդիրների թերի, այսրոպեական լուծումներն ավելի են խորացրել կրթական համակարգի թերացումները: Դրանց լուծման փոխարեն անընդունելի է առաջարկել օտարալեզու կրթական համակարգ:

21-դ դարի ամենավտանգավոր մարտահրավերինՙ համաշխարհայնացմանը, որ սպառնալիք է հատկապես փոքրաթիվ ժողովուրդների համար, մենք պիտի դիմագրավենք նաեւ մեր լեզվով, իսկ մեր ինքնության հիմնական արտահայտչամիջոցինՙ մայրենի լեզվին ամեն հայ մանուկ նախ եւ առաջ տիրապետում է ազգային դպրոցում: Նա, ով ի սկզբանե մայրենի լեզուն չի յուրացնում, այլ լեզուներ չի կարող յուրացնել: Մենք վտանգավոր քաղքենիություն ենք համարում Հայաստանում բազմացող լեզվական թեքումներով դպրոցներն ու այլՙ օտարահունչ հորջորջումներով վարժարանները, որոնք շերտավորում են մտցնում առանց այն էլ շերտավորված մեր իրականությունում: Հայաստանում, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, միայն միՙ ազգային վարժարան պիտի լինի, որի բոլոր սաները, մայրենի լեզվին տիրապետելուն զուգընթաց այլ լեզուներ էլ սովորեն:

Մենք ողջունում ենք օտար լեզուների ուսուցումը բարելավելու ցանկացած նախաձեռնություն, բայց ոչ ի հաշիվ պետականորեն հռչակված հայերենի:

Հայաստանի ժուռնալիստների միության վարչությունը վճռականորեն դեմ է այդ վտանգավոր նախագծին, առաջարկում է դադարեցնել դրա հետագա շրջանառությունն ու քննարկումը:

Մենք մեր նախնիներից ոսկեղենիկ ժառանգություն ենք ստացել:

Մենք պարտավոր ենք նույնքան անաղարտ, նույնպիսի սրբությամբ պահպանել, երկյուղածությամբ գալիք սերունդներին փոխանցել այդ ոսկեղենիկ ժառանգությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4