«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2010-05-21 | #94, 2010-05-22 | #95, 2010-05-25


ԲՐԱԶԻԼԱԿԱՆ «ՄԱՈԳԱՆԻ» ԿԻԹԱՌԻ ՔԱՌՅԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ Բրազիլական «Մաոգանի» կիթառի քառյակը: Բրազիլիան 4 կիթառի հնչյուններով երաժիշտները ներկայացրեցին 19-րդ դարից ի վեր բրազիլական երաժշտության համառոտ ակնարկ, Choro-ու ժանրը (բրազիլական գործիքային երաժշտության ամենահայտնի ժանր), անցումներ կատարելով առավել ներկայանալի կոմպոզիտորներիՙ Հեյտոր Վիլա-Լոբոսի եւ Հադամես Գնատալիի գործերին ու նաեւ այսօր Բրազիլիայում հնչող արդի երաժշտությանը:

1995-ին կազմավորված «Մաոգանի» կիթառի քառյակը կազմված է երիտասարդ երաժիշտներից, որոնք դեռ Ռիո դե Ժանեյրո քաղաքի ֆեդեռալ համալսարանում ուսանելու տարիներին համախմբվեցին: Նրանք արդեն թողարկել են չորս ձայներիզ, իսկ 5-րդը կթողարկվի առաջիկայում:

Խմբի բազմահնչեղ երաժշտությունը արժանացել է հանրության, ինչպես նաեւ երաժշտագետների առանձնահատուկ ուշադրությանը: Համերգից առաջ հրավիրված ասուլիսին, որին ներկա էին նաեւ երաժիշտները, հայ-բրազիլական մշակութային համագործակցության շրջանակներում 2010 թվականին կայանալիք միջոցառումների մասին խոսեց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Ֆլորիանո Ռեգիսը: «Մաոգանի» կիթառի քառյակի համերգով բացվում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան, ՀՀ մշակույթի նախարարության եւ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան համատեղ կազմակերպված միջոցառումների շարքը, այն, ինչ ներկայացնում ենք հայ հանդիսատեսին, հուսով ենք, որ դուր կգա, քանի որ հայ մարդը ունի մեծ սիրտ ու կսիրի բրազիլական երաժշտությունը», ասացին նրանք: Կիթառահարները համերգային այս ծրագիրը արդեն ներկայացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

«Ազգի» հարցին ի պատասխան, բրազիլացի երաժիշտները նշեցին, որ Հայաստանի մասին միայն ինտերնետից են տեղեկացել, որ ունի հարուստ մշակույթ: Գալով Երեւան, նրանք արդեն հասցրել են մասնակցել Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնին», որից շատ տպավորված են: Պրն Ռեգիսը նշեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնին, դեսպանության աջակցությամբ ներկա է լինելու բրազիլահայ կինոռեժիսոր Լիոն Կակոֆը, որը հրավիրվել է որպես ժյուրիի անդամ եւ վարպետության դասեր վարելու: Բրազիլական մշակույթի տարվա ընթացքում Երեւանում համերգով Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ կրկին հանդես կգա բրազիլուհի հանրահայտ դաշնակահար Մարիա Ժոզե Կարակեսը: Բրազիլիայի անիմատորները կմասնակցեն նաեւ անիմացիոն ֆիլմերի փառատոնին, կլինի նաեւ բրազիլական ֆիլմերի ցուցադրության շաբաթ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4