Վալենսիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցելույթներ ունեցան հայ ծանրորդներըՙ նվաճելով 5 ոսկե, 6 արծաթե, 4 բրոնզե մեդալ: Մեր ծանրորդների համար հաջող էր նաեւ մրցումների վերջին օրը: Մինչեւ 94 կգ քաշային կարգում Համլետ Պողոսյանը երկամարտի 320 կգ (145+175) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Նա կարող էր մրցանակակիր դառնալ, եթե հաջող ելույթ ունենար հրում վարժությունում: Պոկում վարժությունում Համլետը միայն 2-րդ մոտեցմամբ բարձրացնելով նախնական 140 կգ ծանրությունը, հաջորդ փորձի ժամանակ հաղթահարեց 145 կգ-անոց ծանրաձողը եւ արժանացավ արծաթե մեդալիՙ ոսկին զիջելով իրենից 5 կգ ավելի բարձր արդյունքի հասած ռուսաստանցի Թիմուր Նանիեւին:
Իսկ ահա հրում վարժությունում նա կանգնել էր 0 ստանալու վտանգի առջեւ: Միայն 3-րդ մոտեցմամբ Համլետը կարողացավ 175 կգ բարձրացնել, ինչը 6-րդ արդյունքն էր այդ վարժությունում: Այստեղ լավագույնը վրացի ծանրորդ Վիլիամին Ալեքսիձեն էր (181 կգ): Իսկ երկամարտի արդյունքով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Թիմուր Նանիեւըՙ 327 կգ (150+177): 2-րդը բելառուսցի Ալեքսանդր Վենսկելն էրՙ 322 կգ (142+180): 3-րդ տեղը գրավեց վրացի Վիլիամին Ալեքսիձենՙ 321 կգ (140+181):
94 կգ-ից բարձր քաշ ունեցող ծանրորդների մրցավեճին մասնակցեցին Գոռ Մինասյանն ու Միշա Մուրադյանը: Ավելի հաջող էր Գոռի ելույթը, որը երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նա 5 կգ-ով զիջեց Եվրոպայի չեմպիոն, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեին: Պոկում վարժությունում Գոռը 155 կգ-ով արժանացավ արծաթե մեդալիՙ 3 կգ-ով զիջելով Տալախաձեին: Հայ ծանրորդը փորձեց կորցրածը հետ բերել հրում վարժությունում: Մինասյանը մոտ էր հաջողությանը, սակայն 3-րդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 190 կգ-ը, ինչը նրան ոսկե մեդալ կպարգեւեր թե հրում վարժությունում, թե երկամարտում: Գոռը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալներով:
Միշա Մուրադյանին չհաջողվեց խառնվել չեմպիոնի կոչման համար մղված պայքարին: Նա երկամարտի 321 կգ (140+181) արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր: Պոկում վարժությունում նա անձնական ավելի ծանր քաշի պատճառով բրոնզե մեդալը զիջեց ռուսաստանցի Եգոր Իվանովին, իսկ հրումում միայն առաջին մոտեցումը հաջող կատարելով, դարձավ 3-րդ մրցանակակիր: Մուրադյանն էլ կարող էր այս վարժությունում ոսկե մեդալ նվաճել, եթե բարձրացներ 190 կգ-ը:
Եվ այսպես, Վալենսիայում հանդես եկած 8 հայ ծանրորդներն ու մեկ ծանրորդուհին ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականին պարգեւեցին 15 մեդալ: Եվրոպայի պատանիների չեմպիոններ հռչակվեցին Սմբատ Մարգարյանն (56 կգ) ու Վլադիկ Կարապետյանը (62 կգ), փոխչեմպիոններՙ Իզաբելլա Յալյանը (53 կգ) եւ Գոռ Մինասյանը (94 կգ-ից բարձր), բրոնզե մրցանակակիր դարձավ Միշա Մուրադյանը (94 կգ-ից բարձր): Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի պատանեկան հավաքականը 555 միավորով գրավեց 2-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով ռուսներին (568): Լավագույն եռյակը եզրափակեց Բելառուսը (548): Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը երկամարտի արդյունքով նվաճեց մեկ ոսկե, 3 արծաթե մեդալ: Վրացիներին բաժին հասավ 1 ոսկե, 2 բրոնզե մեդալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Գոռ Մինասյան