«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2010-05-21 | #94, 2010-05-22 | #95, 2010-05-25


ՊԵԴՈՖԻԼ ՈՒՍՈՒՑՉԻՆՙ ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՏԱՐԻ

Էրեբունի եւ Նուբարաշեն առաջին ատյանի դատարանի շենքի բակը կրկին մարդաշատ էր: Մի քանի տասնյակ հասարական կազմակերպությունների ղեկավարներ, ապագա իրավաբաններ, ակտիվիստներ, դպրոցի նախկին սաները դատարանից պահանջում էին արդար դատաքննություն եւ առավելագույն պատիժ հայոց լեզվի ուսուցչի նկատմամբ, որը շուրջ 30 տարի դպրոցում զբաղվել է մանկապղծությամբ եւ սեռական բռնության ենթարկել անչափահաս ու անպաշտպան աշակերտուհիներին:

Նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը վճիռն ընթերցելու ժամանակ հիշատակեց, որ ուսուցիչն անառակաբարո գործողություններ է կատարել դպրոցի 5 աշակերտուհու նկատմամբ (դպրոցի նախկին սաների վկայություններն ու պատմությունները գործին չէի կցվել վաղեմության պատճառով-Հ.Հ.):

Մի դեպքում 6-րդ դասարանի աշակերտուհի, այն ժամանակ 13 տարեկան Հասմիկ Սինանյանին սուրճ եփելու պատրվակով Լյովա Ավագյանը կանչել է երկրորդ հարկի դասարան, դուռը կողպել, հենել պատին, համբուրել, շոյել: Նույն գործողությունը նա կատարել է Սինանյանի նկատմամբ մի քանի օր անց: Որոշ ժամանակ անց 6-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Շամանյանին կրկին սուրճ եփելու պատրվակով կանչել է իր սենյակը, դուռը փակել ու կիրառել սեռական ոտնձգություն:

Օրեր անց նույն գործողությունը նա կատարել է 8-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Ամիրխանյանի նկատմամբ: Հունիսի 2-ին` օգտվելով Դիանա Մկրտչյանի անօգնական վիճակից եւ պոլիարտրիտ հիվանդությունից, փակել է սենյակում եւ անառակաբարո գործողություններ կատարել: Դատավորն ուսուցչի անառակաբարո գործողությունների շարքը երկար ընթերցեց: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի կատարած հանցանքը պետք է պատժվեր քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով:

Ավագ Գաբրիելյանն ասաց, որ վճիռ կայացնելու ժամանակ դատարանը հաշվի է առել հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, Ավագյանի զղջումը, բնութագիրը, նախկինում դատվածություն չունենալու հանգամանքը եւ վճռել 142-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով դատապարտել 2 տարի ազատազրկման: Դատարանի դահլիճում Լյովա Ավագյանի ամենայն հավանականությամբ բարեկամները` երիտասարդ տղաները, վճիռն ընթերցելուց հետո դահլիճում վիճեցին ներկաների հետ, ովքեր դատարանի որոշմանը համամիտ չէին:

Դատավարությունից հետո գործով տուժող Հասմիկ Սինանյանն ասաց, որ համաձայն չեն եւ կբողոքարկեն Վճռաբեկ դատարան: «Իր կատարածի համար շատ քիչ պատիժ է ստանում»:

Այս անգամ էլ դատական համակարգի աշխատանքը թերի էր ու լպրծուն: Եթե գործն այսքան մեծ աղմուկ չհաներ, հասարակության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չգտնվեր ու պարբերաբար չլուսաբանվերՙ անժամկետ կհայտնվեր գրասեղանի ծայրամասային դարակներից մեկում:

Արագացված դատավարության ժամանակ դատարանը չլսեց տուժողներին: Իրենց վկայություններում գործով անցնող 5 տուժողներն էլ նշել էին, որ Ավագյանի գործողությունների վերաբերյալ բազմիցս դիմել են դպրոցի ուսուցիչներին: Տնօրեն Մերուժան Ենգիբարյանն էլ, որ շարունակում է աշխատել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում, բազմիցս դիմել է բռունցքներին, սակայն, չգիտես ինչու, ո՛չ դատարանը, ոչ՛ իրավապահները դա հաշվի չառան: Ուսուցիչներն ու տնօրենը դատարանի առաջ չկանգնեցին: Մանկավարժական անձակազմը տեղյակ էր, որ դպրոցում ճակատագրեր են պղծվում, սակայն դրա դեմ ոչինչ չի ձեռնարկել, հետեւաբար նրանք նույնպես մեղավոր են:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4