«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2010-05-22 | #95, 2010-05-25 | #96, 2010-05-26


«ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է»

Իրանը տհասություն է համարում պատմության խեղաթյուրումը Ադրբեջանի կողմից

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախքան ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունները Թուրքիան հանդես եկավ այդ ընտրությունները (ԼՂՀ-ն` ընդհանրապես - Հ. Ա.) չճանաչելու հայտարարությամբ: Անկարան հենց այս, մեղմ ասած, կողմնակալ մոտեցմամբ է ցանկանում «խցկվել» Մինսկի խումբ եւ դեռ տարակուսանք է հայտնում, թե «ի՞նչ կա այդտեղ զարմանալու»: Ղարաբաղյան համակարտության լուծման միջնորդի կարգավիճակ ցանկանում է ստանալ նաեւ հարեւան Իրանը, եւ ի տարբերություն Թուրքիայի, Թեհրանից ո՛չ ԼՂՀ ընտրություններից առաջ, ո՛չ հետո չհնչեցին կողմնակալ հայտարարություններ, փոխարենը Իրանը, կրկին ի տարբերություն Անկարայի, դիտորդական խումբ ուղարկեց Արցախ` գնահատելու ընտրությունների ընթացքն ու արդյունքները:

  «Ազգը» զրուցեց այդ խմբի անդամների` իրանական «Նոր հայացք» գիտահետազոտական կենտրոնի նախագահ, դոկտոր Միրխասեմ Մոմմենիի եւ «Իրան-Հայաստան բարեկամություն» կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Սարդարյանի հետ:

- Ի՞նչ գործունեությամբ է զբաղված Ձեր գլխավորած «Նոր հայացք» կենտրոնը (հարցնում եմ իրանցի հյուրին - Հ. Ա.):

- Մեր կենտրոնը իրականացնում է քաղաքական, տնտեսական, գիտական հետազոտություններ առավելապես տարածաշրջանի երկրներում: Ես անձամբ կովկասյան երկրների մասնագետ եմ, ունեմ մի շարք հրապարակած գրքեր, աշխատություններ, այդ թվումՙ Ղարաբաղի վերաբերյալ: Մենք առաջին անգամ չէ, որ այցելում ենք Ղարաբաղ:

- Իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունի Իրանը Ղարաբաղում:

- Ղարաբաղը Իրանին սահմանակից է, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը: Իրանի համար նույնչափ կարեւոր են այս երեք հանրապետությունները (իրանցի գործիչը հենց այդպես էլ ասաց. «երեք հանրապետությունները» - Հ. Ա.): Ղարաբաղն ունի լուրջ տնտեսական հնարավորություններ. այնտեղ հնարավոր է զարկ տալ գյուղատնտեսությանը, արդյունաբերության որոշ ճյուղերի: Ղարաբաղը հատուկ դիրք է գրավում Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Կրկնեմ` Ղարաբաղը անչափ կարեւոր է մեզ համար:

- Հենց այդ կարեւորության գիտակցումո՞վ է պայմանավորված, որ Թեհրանը ցանկանում է միջնորդ լինել ղարաբաղյան հարցում:

- Համաձայնեք, անտրաբամանական էլ կլինի, որ տարածաշրջանը ներկայացնող, Ղարաբաղին անմիջականորեն սահմանակից Իրանը չմասնակցի հակամարտության լուծմանը: Ինչ վերաբերում է այս հարցով զբաղվող Մինսկի խմբին, ապա կարծում եմ, որ նրա առաքելության ժամկետն ավարտվել է: Եթե նրանք լրջորեն մտահոգված լինեին խնդրի լուծմամբ, ապա անցած` շուրջ 20 տարիների ընթացքում դա արած կլինեին: Շեշտեմ` սա իմ անձնական կարծիքն է, պաշտոնական Թեհրանը կարող է այլ կարծիքի լինել: Փաստն այն է, որ մեր կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, Ղարաբաղի հարցն այսօր դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի վերահսկողությունից: Ձեր երկրներից այսօր ոչինչ կախված չէ: Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի վարած քաղաքականությունն է պատճառը, որ հակամարտության շուրջն անորոշություն է տիրում: Ընդ որում կան խոսակցություններ` Մինսկի խումբ ընդգրկել նաեւ Թուրքիային. կարծում եմՙ սա կլինի մեծ քաղաքական սխալ եւ ավելի անհույս կդարձնի խնդրի լուծումը:

- Եվ հենց այստեղ հանդես է գալիս Թեհրանն իր «խաղաղության առաջարկով»:

- Նախ նշեմ, որ Իրանի առաջարկությունը կարող է շատ արդյունավետ լինել: Մենք նման հաջող նախաձեռնություններով` այլ հակամարտություններում արդեն հանդես եկել ենք, ու ինձ համար տարօրինակ է, որ Իրանին «թույլ չեն տալիս» մտնել գործընթաց, այնինչ Իրանին չի կարելի անտեսել Ղարաբաղի հարցում. դա կլինի եւս մեկ մեծ քաղաքական սխալ: Սա իմ` մասնագետի կարծիքն է:

- Օրերս Դուշանբեում` Իսլամական խորհրդաժողով կազմակերպության երկրների արտգործնախարարների 37-րդ նստաշրջանում ընդունվեց «Դուշանբեի հռչակագիրը», որով իսլամական երկրները, այդ թվում, փաստորեն, Իրանը, Հայաստանին ճանաչեցին «ագրեսոր»: Թեհրանը այս դիրքորոշմա՞մբ է խոսում միջնորդությունից, այս կե՞րպ է պատկերացնում Ղարաբաղի հարցը:

- Շեշտում եմ` Իրանը երբեք Հայաստանին չի ճանաչել եւ չի ճանաչում ագրեսոր: Դուշանբեի հռչակագիրն ընդամենը ընդհանուր հռչակագիր է եւ չի արտահայտում անդամ յուրաքանչյուր երկրի արտահայտած դիրքորոշումը: Ավելորդ չեմ համարում նշել, որ կազմակերպությունում այժմ նախագահում է Թուրքիան: Մեր տեսակետն է, եւ Իրանը մշտապես է պնդել, որ Ղարաբաղի հարցը բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի լուծելիք հարցն է, ոչ մի այլ երկիր չպետք է խառնվի այս գործում: Իրանի դիրքորոշման օբյեկտիվության վերաբերյալ նշեմ նաեւ, որ մենք գիտենք, որ Ղարաբաղում միշտ էլ մեծամասնություն են եղել հայերը, որոնք, տրամաբանորեն, ավելի մոտ են եղել Հայաստանին: Դուշանբեի տպավորությունները եւս մեկ անգամ ցրելու համար շեշտեմ նաեւ, որ Իրանը Հայաստանի ամենաբարեկամ երկիրն է:

- Մի փոքր անդրադառնանք պատմությանը: Ադրբեջանը պետական մակարդակով (դպրոցական դասագրքերում - Հ. Ա) սեփականացրել է ոչ միայն Ղարաբաղն ու Երեւանը, այլեւ Իրանի հյուսիսային նահանգները` անվանելով դրանք «բնիկ ադրբեջանական տարածքներ»: Ինչպիսի՞ն է Թեհրանի արձագանքն այս ամենին:

- Մենք միշտ խնդիրներ ենք ունեցել Ադրբեջանի հետ` պանթուրքիզմի առնչությամբ: Միշտ լսել ենք այդ ձայները Բաքվից: Սա միայն պրոպագանդայի համար է արվում: Եթե ուսումնասիրենք Ադրբեջանի մշակույթը, ապա կտեսնենք, որ այն գրեթե ամբողջությամբ իրանական է. երաժշտությունը, գրողները եւ այլն: Հետեւաբար, այս ամենը տհասության հետեւանք է, եւ Թեհրանն անգամ կարեւորություն չի տալիս սրան:

- Խոսենք վերջապես ԼՂՀ-ի ընտրություններից, ինչպե՞ս կգնահատեք դրանք:

- Շատ կարեւոր է, որ բոլոր կուսակցությունները մասնակցեցին ընտրություններին, որոնք անցան առանց բախումների: Ընդգծեմ, մենք ոչ մի խնդրի չենք հանդիպել որեւէ ընտրական տեղամաս այցելելիս: Ղարաբաղում դիտորդական առաքելություն էին կատարում նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ: Սա շատ կարեւոր փորձ էր Ղարաբաղի համար` ամբողջությամբ ժողովրդավարական դառնալու ճանապարհին, որի բոլոր պահանջները ընտրություններում պահպանվեցին: Հուսանք, որ Ղարաբաղում միշտ կլինի խաղաղություն: Նորից կրկնեմ` Ղարաբաղը մեզ սահմանակից է, եւ սա է պատճառը, որ մեզ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում այնտեղ:

- Այցելեցի՞ք Շուշիի վերակառուցվող իրանական, ո՛չ ադրբեջանական մզկիթ, որը վերակառուցվում է Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ:

- Իհարկե, այցելեցինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին, հայ եկեղեցուն` մզկիթը վերանորոգելու նախաձեռնության համար: Սա եւս մեկ անգամ ապացուցում է հայ-իրանական ամուր բարեկամությունը:


Նկար 1. Միրխասեմ Մոմմենի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4