«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանըՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստիպել Հայաստանին կատարել առաջ քաշված պահանջները Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատագրելու վերաբերյալ», ըստ «Ինտերֆաքս» գործակալության, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարիՙ բռնի տեղահանվածների եւ փախստականների հարցերով օգնական Վալտեր Կալինը : Նա նաեւ ողջունել է Ադրբեջանի իշխանությունների քայլերը` փախստականների բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ, բայց եւ նշել է, որ «ադրբեջանցի փախստականների վիճակը լիովին կբարելավվի միայն այն ժամանակ, երբ նրանք վերադառնան սեփական բնակավայրեր կամ հնարավորություն ստանան բնակություն հաստատելու իրենց ցանկացած վայրում: Հուսով եմՙ այդ ժամանակը հեռու չէ», նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը: Կալինն այս հայտարարություններն արել է Բաքվում, իսկ գաղտնիք չէ, որ այդ քաղաք չեն հրավիրվում այն պաշտոնյաները, որոնք, բացի «Ադրբեջանի օկուպացված հողերից», որեւէ այլ ճշմարտություն գիտեն: Բաքվում Կալինը հանդիպել է մի շարք ադրբեջանցի պաշտոնյաների հետ, շրջել ադրբեջանցի փախստականների ճամբարներում եւ, «վերլուծելով» իրավիճակը, հայտարարել. «Անհրաժեշտ է, որ ադրբեջանցի փախստականները նույնպես մասնակից դառնան հաշտեցման բանակցություններին, դա կարագացնի գործընթացը եւ առավել կայուն կդարձնի խաղաղ համաձայնագրի իրագործումը»: Ոգեւորվելով արտասահմանցի պաշտոնյայի բարենպաստ հայտարարություններից` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը անմիջապես «հիշել է» «կես միլիոն ադրբեջանցի փախստականների մասին» եւ նշել. «Այժմ հատուկ ծրագիր է մշակվում այդ մարդկանց սեփական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ»:
Հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանում բոլորն էլ խոստովանում են, որ Ղարաբաղի ազգաբնակչության մեծամասնությունը եղել են հայերը, սակայն այդ ինչպե՞ս է ստացվում, որ, ըստ սովետական վերջին մարդահամարի արդյունքների, Ղարաբաղի բնակչության թիվը եղել է շուրջ 200 հազար, ընդ որում, ինչպես արդեն նշեցինք` մեծամասնությունըՙ հայեր, սակայն հանկարծ հայտնվում են «կես միլիոն ադրբեջանցի փախստականներ»: Բացի սրանից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փախստականների եւ բռնի տեղահանվածների գծով օգնականը լավ կլիներ, որ նման մի այցելություն էլ կազմակերպեր Հայաստան եւ ԼՂՀ եւ տեսներ, թե որքան հայ փախստականներ եւ մանավանդ բռնի տեղահանվածներ կան ոչ միայն բուն ղարաբաղյան տարածքներից` Շահումյանից եւ Մարտակերտի մնացած մասից, այլեւ ադրբեջանական քաղաքներից ու բնակավայրերից: Ինչպե՞ս պետք է նրանք ապրեն Ադրբեջանի կազմում, երբ այդ երկրում «հայը ոխերիմ թշնամի է»: Եվ վերջապես` Կալինն առաջարկում է «բանակցություններին մասնակից դարձնել ադրբեջանցի փախստականներին», սակայն այդ դեպքում ինչո՞ւ ներկայիս ԼՂՀ հայ բնակչությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի շրջափակման մեջ մնացած Շահումյանի եւ Մարտակերտի հայ փախստականները չեն կարող մասնակցել այդ բանակցություններին, որոնք միշտ էլ մեծամասնություն են կազմել Արցախում, եւ որոնք էլ, ելնելով անելանելի պայմաններից, ժողովրդական հանրաքվեով վաղուց արդեն արտահայտել են իրենց արդարացի կամքը, որի արդարացի լինելը նույն ՄԱԿ-ի ընդունած «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով հռչակագրում է ապացուցվում:
Հ. ԱՖՅԱՆ