«ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ իշխող կոալիցիայի անգործության հետեւանքով Եվրոխորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է թիվ 2216 բանաձեւը, որում մասնավորապես ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող ձեւակերպումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին` պարունակում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հիմնախնդրի վերաբերյալ ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշումներ», հայտարարել է երեկ «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, թե ՀՀ գործող իշխանությունների անհամարժեք արտաքին քաղաքականության հետեւանքով հայկական շահերի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած քարոզչական եւ քաղաքական ուժգնացող պատերազմին համակարգված, արդյունավետ հակազդեցության բացակայությունը վտանգավոր այդ դաշինքին հնարավորություն կտա քաղաքական ու դիվանագիտական նորանոր հաջողություններ գրանցել այնքան ժամանակ, քանի դեռ նպատակային եւ լիովին չի օգտագործվում հայ ժողովրդի ողջ ներուժը` ՀՀ պետական բոլոր կառույցների, հայոց աշխարհասփյուռ քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների, արտերկրի հայաշատ համայնքների բնակչության հավաքական կարողականությունը:
Ըստ «Ժառանգության» հայտարարության` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ թուրք-ադրբեջանական արշավի հաջորդ վտանգավոր հանգրվանը ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչ Մովլութ Չավուշօղլուի գործողություններն են` ուղղված ԵԽԽՎ թիվ 1416(2005) բանաձեւի կենսակոչմանը, այն է` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ենթահանձնաժողովի վերակազմավորումը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը` չունենալով ԼՂՀ լիազորությունը, Ստրասբուրգում բանակցություններ է վարում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի եւ Չավուշօղլուի հետ:
«Ժառանգությունը» նաեւ առաջարկում է, որ Հայոց պետականության դեմ միջազգային կառույցներում առկա մարտահրավերները կանխելու եւ դրանց արդարացի լուծում տալու համար անհրաժեշտ է շուտափույթ ստեղծել Համակարգող խորհուրդ` բաղկացած ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների համապատասխան խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամ-պատվիրակներից, ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից: