«Ազգը» շարունակում է «Ռուսաստանի հայերի միության 10-ամյակ» խորագրի ներքո հրապարակումների շարքը: Այս համարում մենք անդրադառնում ենք Միության ստեղծման ակունքներում կանգնած մարդկանց, որոնց հավաքականության շնորհիվ է, որ Ռուսաստանի հայերի միությունը ոչ թե անունով է միություն, այլ բառիս բուն իմաստով. տարբեր ոլորտներում հայտնի, տարբեր գործունեություն ծավալող հայ մարդկանց միավորել է միասնական լինելու գաղափարը, եւ սկսվել է մի դժվարին, բայց անհրաժեշտ ճանապարհ` այդ գաղափարը դարձնելու իրականություն:
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք միավորվեցին յուրաքանչյուր հայի համար նվիրական` միասնություն գաղափարի շուրջը: Միավորվեցին` առանց հայտնի դառնալու ցանկության, քանի որ նրանք իրենց բազմամյա գործունեությամբ արդեն իսկ անուն եւ համբավ ստացել են: Եվ, ամենակարեւորը, ինչպե՞ս տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ որոշեցին համախմբված գործել, ո՞վ նրանց միավորեց եւ ինչի՞ շուրջը:
«Պարզապես ես սիրում եմ այս ժողովրդին մի փոքր ավելի, քան մյուսներին»:
Մեծանուն հայազգի գրող Վիլյամ Սարոյանի այս խոսքերն` ուղղված հայությանը, վստահաբար հարազատ են նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Դեռեւս Հայաստանում, հոր մահից հետո, Աբրահամյանների բազմազավակ ընտանիքը անցել է դաժան ճանապարհ: Կարելի է նշել, որ Արա Աբրահամյանի բնավորությունը` երբեք չընկրկել, միշտ առաջ գնալ, հիմնավորվել է հենց մանկության դաժան տարիներին: Երկար տարիներ աշխատելով հայրենիքում, Աբրահամյանը մեկնեց Մոսկվա: Սրանք այն տարիներն էին, երբ փլուզվում էր հսկայական ԽՍՀՄ-ը, իսկ այդ տարիներին շատերը չկարողացան հարմարվել, գտնել իրենց նոր տեղը: Սակայն դժվարությունների հաղթահարման մեծ փորձ ունեցող Աբրահամյանը կարողացավ: 1993-ին Ռուսաստանում նա հիմնադրեց «Սոգլասիե» ներդրումային ընկերությունը, սկսեց համագործակցել «Դե Բիրս» եւ «Թոմսոն» հայտնի ընկերությունների հետ: Աբրահամյանը կառուցեց Ռուսաստանի լավագույն` թանկարժեք քարերի մշակման գործարանը, մտավ նաեւ նավիգացիոն համակարգ, շինարարության ոլորտ եւ այլն, եւ այլն: Այս ամենից շատերը կարող են իրենց լիակատար երջանիկ զգալ, սակայն ոչ Աբրահամյանը: Դառնալով հսկա Ռուսաստանի խոշոր գործարարներից մեկը` Արա Աբրահամյանը սահմանեց սեփական «երջանկության բանաձեւը». «Ամբողջական երջանկության համար ինձ պետք է, որ շուրջս ոչ մի դժբախտ չլինի», կրկնում է Աբրահամյանը: Այս խոսքերում տեսանելի են Աբրահամյանի ծանր մանկության տարիները, նրա զորեղ հայրենասիրությունն ու մարդասիրությունն` առհասարակ: Կարելի է ասել, որ հենց այս բառերն են Ռուսաստանի հայերի ստեղծման հիմքը` միասնություն եւ համատարած երջանկության գոնե ձգտում: Ապրելով Ռուսաստանում եւ պարբերաբար շփվելով տեղի հայերի հետ, Աբրահամյանը տեսավ ինչպես անհանգստացնող, այնպես էլ ոգեւորիչ երեւույթներ: Անհանգստացնողն այն էր, որ շատ հայեր իրենց նոր հայրենիքում աստիճանաբար սկսել էին մոռանալ ավանդույթները, լեզուն, իսկ ոգեւորիչն այն էր, որ այս հայերի ֆոնին էլ նկատելի էր այն հսկայական ներուժը, որն ունի հավաքական հայությունը, ներուժ` լուծելու հայությանը վերաբերող ամեն մի խնդիր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, եւ ինչպես ՌՀՄ հետագա գործունեությունը ցույց տվեց (որին մենք դեռ կանդրադառնանք), առհասարակ ամենուր: Տեսնելով եւ հասկանալով այս ամենը` Աբրահամյանը, դրսեւորելով կազմակերպչական մեծ հմտություն, սկսեց իրականություն դարձնել իր վաղեմի երազանքն ու նպատակը` հայերին միավորել, մանավանդ որ Ռուսաստանում, սովետական երկրի փլուզումից հետո սկսել էր ձեւավորվել նոր հայկական սփյուռք: Ռուսաստանի հայությունն այլեւս ոչ միայն հնաբնակներն էին, բազմաթիվ հայաստանցիներ մեկնում էին Ռուսաստան աշխատանքի, հետեւաբար Աբրահամյանի համար տեսանելի դարձավ այն հանգամանքը, որ Ռուսաստանի հայությունն ունի նաեւ աշխատանքային, կրթամշակութային, իրավական շահերի պաշտպանության խնդիր, անշուշտ, հայապահպանության առաջնայնությամբ: Հենց այս հրամայականով Աբրահամյանին հասկանալի դարձավ Միություն ստեղծելու անհրաժեշտությունը. «Վատ է, երբ դու կարող ես օգնել մարդուն, բայց դա չես անում: Աստված ինձ տվել է, որ ես կիսվեմ ուրիշների հետ», այսպես է հասկանում իր առաքելությունը Արա Աբրահամյանը:
Սակայն որքա՞ն բարդ է հայերին միավորելը, որքան անհրաժեշտ, նույնքան էլ բարդ: Եվ արդյո՞ք գիտակցում էր Աբրահամյանը այդ բարդությունը: Իհարկե գիտակցում էր, իսկ դժվարություններ հաղթահարելը դեռ մանկուց նրա բնավորությունն է դարձել: «Հայերին շատ դժվար է միավորելը, գրեթե անհնար: Ամեն մի հայ մտածում է, թե ինքն է գլխավորը», ասում է Աբրահամյանը, բայց ոչ թե հուսալքված կամ նյարդայնացած, այլՙ ժպիտով, քանի որ նրա համար չկան վատ հայեր, պարզապես` «...ես սիրում եմ այս ժողովրդին մի փոքր ավելի, քան մյուսներին»:
Անկախ այն մեծ հավատից, որն ուներ Աբրահամյանը, անհնար կլիներ իրագործել այսքան կարեւոր գործը, մանավանդ որ սկզբում շատերն էին նրան փորձում տարհամոզել, թե հայերին միավորելն անհնար է: Սակայն Աբրահամյանը ոչ միայն հետ չմնաց իր նպատակներից, այլեւ կարողացավ գտնել ու ստեղծել համախոհների թիմ, որոնց միասնական գործելու օրինակը հենց ընդհանուր առմամբ հայերի միասնության օրինակ է: Տարբեր ոլորտներից` քաղաքականություն, հասարակական կյանք, մշակույթ, սպորտ, գործարար աշխարհ եւ այլն, մարդիկ հավատացին հայկական միասնությանը, այդ երազանքը նրանք էլ եւ առհասարակ բոլոր հայերն ունեն, իսկ երազանքի առկայության պարագայում հավատալը շատ ավելի հեշտությամբ է ստացվում, մանավանդ որ երազողը ուժեղ մարդ է, իսկ վերջինիս համար չի կարող լինել որեւէ անհնարին բան:
Գեորգի Տեր-Ղազարյանց` ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի դեսպան, ՌՀՄ առաջին փոխնախագահ: Տեր-Ղազարյանցի կենսագրությունը, նրա գործունեությունը ամբողջովին միասնակամ դառնալու ճանապարհ է: Երկար տարիներ աշխատելով Սովետական Հայաստանի ղեկավար պաշտոններում` նրա կարեւորագույն նպատակն է հենց եղել այն, ինչը այսօր անում է Ռուսաստանի հայերի միությունը` հայերի համախմբում: Ամենեւին պատահական չէ, որ Տեր-Ղազարյանցը այս միասնակամ թիմից է, նա իր երկարամյա աշխատանքային ու կենսական փորձն այսօր էլ ի նպաստ է դրել հարենիքին ու հայությանը, որտեղ էլ նրանք լինեն:
Նիկիտա Սիմոնյան` ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Օլիմպիական եւ ՖԻՖԱ-ի շքանշանների ասպետ, ՌՀՄ վարչության անդամ: Ֆուտբոլի լեգենդար գիտակը ներկայացվելու կարիք չունի. հայկական ֆուտբոլը նրան է պարտական միակ փայլուն հաջողության համար: 1973-ին Սիմոնյանի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները միասնական դարձրին ողջ հայությանը: Երբ մի ամբողջ հանրապետություն, տներում, փողոցներում դիտում է հանդիպումը, ականատես լինում մեծ հաղթանակին, դա միայն ապացուցում է, որ Սիմոնյանին եւս ազգային միասնության ճանապարհը ծանոթ է, հետեւաբար նրա անդամակցությունը ՌՀՄ-ին արդարացված է:
Գագիկ Ադիբեկյան` «Ռոմանով Դվոր» ընկերության նախագահ, ՌՀՄ վարչության անդամ, Գագիկ Զաքարյան` «Յունիասթրում» բանկի նախագահ, ՌՀՄ վարչության անդամ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործարարներ, որոնցից յուրաքանչյուրը լուրջ ներդրում ունի հսկա Ռուսաստանի տնտեսության մեջ: Այս մարդկանց շնորհիվ է, որ Հայաստանում ռուսական կապիտալով ներդրումներ են կատարվում, սերտացվում են կապերը հայ եւ ռուս գործարարների միջեւ, իսկ այս վերջինի` Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցության մասին ավելորդ է խոսել:
Արմեն Ջիգարխանյան` ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, ՌՀՄ խորհրդի անդամ: Հայազգի մեծանուն դերասանի անունը վաղուց արդեն այցեքարտ է դարձել Ռուսաստանում ապրող հայ մարդու համար: Ջիգարխանյանը իր գործունեությամբ, «երբեք որեւէ հայի չմերժելու բնավորությամբ» նույնպես պատահականորեն չի հայտնվել ազգային միասնության ճանապարհին:
Սեդա Վերմիշեւա` բանաստեղծուհի, հրապարակախոս: Վերմիշեւայի ջանքերով ամեն տարի Հայաստան են գալիս ռուս գրողներ, հատկանշական է, որ վերջիններս այցելուն են նաեւ հայկական Արցախ եւ իրենց տպավորությունները արտահայտում նոր գործերում: Ստացվում է, որ ռուս ընթերցողն էլ ավելի է ծանոթանում հայի հետ եւ Հայաստանին: Այս համագործակցության շնորհիվ Ռուսաստանում հրատարակվում են հայկական թեմայով գրքեր` «Հայաստան» հանրագիտարանը` նախատեսված երեխաների համար, «Ճանապարհ դեպի Արարատ» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են ռուս բանաստեղծների գործերը` Հայաստան այցելելուց հետո: Այս ամենը խոսում է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, իսկ ժողովուրդները, գաղտնիք չէ, որ բարեկամանում են առաջին հերթին մշակույթով:
Առնոլդ Ադամյան` Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌՀՄ վարչության անդամ, Հենրի Աղայան` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժշկական գիտությունների Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՌՀՄ վարչության անդամ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գիտնականներ: Այս մարդկանց շնորհիվ ամեն տարի մեր երկիր են գալիս հռչակավոր ռուս բժիշկ-գիտնականներ` անվճար կոնսուլտացիաներ, բուժումներ անում: Այսինքնՙ ՌՀՄ նախաձեռնությամբ, ռուս բժիշկները (աշխարհահռչակ անուններ) իրենց գործնական աշխատանքն են իրականացնում Հայաստանում` նպաստելով առաջին հերթին հայ բժիշկների մասնագիտական որակների բարձրացմանը:
ՌՀՄ վարչության, խորհրդի անդամ են նաեւ բազմաթիվ այլ հայտնի անձնավորություններ, որոնց բոլորին անդրադառնալու համար պարզապես մեր էջերը չէին բավականացնի, ընդամենը մի քանի անուն տանք` ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԽՍՀՄ հերոս Արթուր Չիլինգարով, Ռուսաստանի ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Գրիգորյան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյան, քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյան եւ այլք:
Ահա թե ինչու Ռուսաստանի հայերի միությունը, ունենալով տարբեր ոլորտները ներկայացնող, հայտնի անուններով թիմ, կարողանում է գործունեություն ծավալել հսկայական դաշտում, կարողանում է նեցուկ լինել Ռուսաստանում ապրող հայությանը` պաշտպանելով նրա իրավական, աշխատանքային, կրթամշակութային շահերը, լուծելով հայության բազմաթիվ խնդիրներ, օգնելով վերջինիս հնարավորին ինտեգրվելու ռուս հասարակությանը` չմոռանալով, սակայն, արմատները: Իսկ հայրենիքում, նույն այս հանգամանքից ելնելով, ՌՀՄ-ն իրականացնում է ինչպես ներդրումային, այնպես էլ կրթամշակութային, գիտական ծրագրեր: Միայն Հայաստանի դպրոցների համակարգչայնացման ՌՀՄ նախաձեռնությունը, վստահաբար, երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:
Այս ամենից բացի, Միությունն իր գործունեությամբ նոր բարձունքների է հասցնում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նաեւ անձնական կապերի շնորհիվ նպաստում է հայաճանաչմանը, իսկ սրա արդյունքում` հայերի նկատմամբ ռուսների վերաբերմունքի շատ ավելի դրական դառնալուն:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Նկար 1. Արա Աբրահամյան
Նկար 2. Հենրի Աղայան
Նկար 3. Առնոլդ Ադամյան
Նկար 4. Գագիկ Ադիբեկյան
Նկար 5. Գեորգի Տեր-Ղազարյանց
Նկար 6. Արմեն Ջիգարխանյան
Նկար 7. Գագիկ Զաքարյան
Նկար 8. Նիկիտա Սիմոնյան
Նկար 9. Սեդա Վերմիշեւա