«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2010-05-22 | #95, 2010-05-25 | #96, 2010-05-26


ՄԵՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՕՊԵՐԱՆ

Նորություն չէ, որ մեր երկրի մշակութային դաշտը դեռ կարգավորվելու երկար ուղի պիտի անցնի: Անհանգստացնող է, սակայն, որ մի շարք կորուստներ կարող են պարզապես անդառնալի լինել: Վերջին տասնամյակում ձեւավորված այսպես կոչված մշակութային օլիգարխիայի եւ շոու-բիզնեսի ծաղկման ժամանակաշրջանում ակադեմիական արվեստներըՙ սիմֆոնիկ երաժշտությունը, օպերան, բալետը, ցավալիորեն դառնում են լուսանցքային: Այդ իսկ պատճառով միանգամայն ողջունելի են դրանց այլընտրանքային դրսեւորումները, որոնց ի հայտ գալն ասես օրինաչափություն է դառնում:

Այս մտորումներն իմ մեջ ծնվեցին, երբ մայիսի 15-ին Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում ունկնդրեցի-ակնդրեցի Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի բեմադրությունը: Անտեղյակ ընթերցողի կասկածը շտապեմ փարատել. այո՛, օպերայի բեմադրությունը մեր օպերայի եւ բալետի թատրոնի բեմում չէր, այլ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, որը ժամանակավորապես ձեւափոխվել էր: Պարտերի միջնամասի աթոռները հանվել էին եւ ամբողջովին տրամադրվել ֆիլհարմոնիկ նվագախմբին, իսկ բեմում լիակատար բեմադրություն էր, միզանսցեններով, մեներգիչների եւ երգչախմբի մասնակցությամբ: Բոլորի մոտ տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ այս մետամորֆոզը, երբ միեւնույն շենքի հակառակ մասում գործում է տասնամյակների ավանդույթներ ունեցող եւ հատուկ այս նպատակի համար նախատեսված օպերային դահլիճըՙ համապատասխան բեմով, նվագախմբի «փոսով», պետությունից վճարվող աշխատակազմով... Այդ տարակույսն ավելի է ուժեղանում ներկայացումը դիտելուց հետո, երբ ցավով ու ափսոսանքով գիտակցում ես, որ ունենք օպերային մշակույթ ստեղծելու կարող ուժեր, օպերային ավելի քան լավ ձայներ, սակայն, փաստացիորեն չունենք օպերային թատրոն: Մի՞թե կարող ենք ասել, թե ունենք օպերային թատրոն, գոհանալով վաղուց ի վեր տուրիստական հետաքրքրություն ներկայացնող մի «Անուշով» եւ աղքատիկ երկացանկով:

Վիլյամ Սարոյանը ժամանակին Սովետական Հայաստանի մասին ասել էր. «Այդ երկրում ոչ մեկ բան իր տեղում չէ»: Թերեւս հիմա էլ կարող էր նույն բանն ասել: Այլապես ինչո՞ւ պիտի ֆիլհարմոնիայում օպերային ներկայացում ցուցադրվի, որն էլ բեմադրել էր կինոռեժիսորը: «Եվգենի Օնեգինը» Վիգեն Չալդրանյանի օպերային դեբյուտն էր: Քավ լիցի, մենք ոչ մի պախարակելի բան չենք տեսնում, որ կինոռեժիսորն օպերա է բեմադրում եւ ոչ էլ ուզում ենք կարծել, թե իր այս քայլով նա ցանկանում է ընդօրինակել Վիսկոնտիին, Տարկովսկուն, Ձեֆիրելիին, Էգոյանին: Չալդրանյանը վերջին տարիներին կինոյին զուգահեռ աշխատում է նաեւ թատրոնում. հիշենք նրա վերջին բեմադրությունը դրամատիկական թատրոնում: Միայն թե Չալդրանյանի ֆիլմերի բաց տեսարաններն օպերային բեմում վերարտադրված տեսնել կարծողների հույսերը չարդարացան. կինոռեժիսորը մատուցել էր միանգամայն դասական, օրթոդոքս օպերային բեմադրություն, ինչը հենց այսօր անհրաժեշտ է օպերային արվեստից կարծես խորթացած մեր հանդիսականին: Իսկապես, Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան որքան էլ հետաքրքրական գործ է, սակայն դրանով չես կարող մերօրյա հանդիսականի օպերային արվեստի ճաշակը զարգացնել: Միայն թե չենք կարող չասել, որ առաջին իսկ պահին տեսնելով բեմի ձեւավորումը սպիտակի գերիշխությամբ, զգեստների սեւ-սպիտակ հակադրությունները, ետնաբեմի վարագույրերի գործածությունը, ընդհանուր մինիմալիստական լուծումները, անմիջապես հիշեցրին Եվրոպական Միության օպերայում Նիկոլաս Լենհոֆի բեմադրած եւ Մարկուս Մեյերի ձեւավորած «Եվգենի Օնեգինի» բեմադրությունը: Այդուամենայնիվ, նշենք, որ Չալդրանյանի բեմադրությունը ռուսական օպերային միանգամայն հարազատ էրՙ որքանով որ թույլ էր տալիս ստեղծագործությունը (Չայկովսկին, ի դեպ, ընդունել է, որ իր օպերան այնքան էլ բեմական չէ եւ հագեցած չէ գործողություններով): Փույթ չէ, որ օպերային արվեստին ոչ սովոր հանդիսատեսների մի մասը պարզապես չէր դիմանում չորս գործողությամբ օպերայի «ծանրությանը»:

Հուսով եմ, որ մեր երաժշտագետներն ըստ արժանվույն եւ մասնագիտորեն կգնահատեն ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժորՙ Էդվարդ Թոփչյան), մեներգիչների եւ երգչախմբի («Հովեր» կամերային երգչախումբՙ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ) կատարած աշխատանքը, որը, մեր կարծիքով, գերազանց էր: Մեներգիչներից հատկապես պետք է նշել բարձր երաժշտական կուլտուրայի տեր Հովհաննես Այվազյանին (Լենսկի) եւ Սուրեն Շահիջանյանին (Գրեմին), դերասանական անմոռանալի եւ հումորով լի կերպար ստեղծած տենոր Պերճ Քարազյանին (Տրիկե): Բայց հատկապես հայտնություն էր Տատյանայի դերակատարուհի Սյուզաննա Մելքոնյանըՙ վոկալ բացառիկ հնարավորությունների եւ արտիստական անուրանալի օժտվածության տեր երիտասարդ մի սոպրանո, որի ձայնը կզարդարեր յուրաքանչյուր օպերային բեմահարթակ: Օնեգինի դերերգը կատարում էր բարիտոն Ստանիսլավ Տրիֆոնովը Մինսկից: Թեեւ Երեւանում հաստատ կան նրան իրենց արժանիքներով հավասար, եթե ոչ առավելություն ունեցող մեներգիչներ, սակայն ինչպես մեզ հաղորդեցին, Տրիֆոնովը շտապ հրավիրվել էրՙ վերջին պահին փոխարինելու համար երեւանցի երգչին: Մաղթենք, որ բեմադրության հետագա ներկայացումներում Օնեգինի հայ դերակատար(ներ)ը նույնպես իրենց լավ կդրսեւորեն:

Բեմադրությանը կարեւոր մասնակցություն էր բերել մեր լավագույն երաժշտական կոլեկտիվներից «Հովեր» կամերային երգչախումբը, որի անդամները ներկայանում էին որպես նախ ռուս գյուղացիներ ու գեղջկուհիներ, ապա ռուս ազնվական-ազնվականուհիներ: «Հովերի» կազմը մշտապես զարմացրել եւ հիացրել է իր շնորհքների բազմակողմանիությամբ, ավելին քան սոսկ երգչախումբ լինելու իր հատկանիշով: Այս անգամ մենք երգչախմբի անդամներին տեսնում էինք առաջին գործողության մասսայական տեսարաններում, ռուսական գեղջկական պարեր, իսկ հետո պարահանդեսային պարային շարժումներ կատարելիս: Շատ ավելի հաճելի եւ բնական է օպերային բեմադրության մեջ որպես բազմության անդամներ տեսնել զգեստափոխված կենդանի մարդկանցՙ առօրեական պար ընդօրինակելիս, քան պրոֆեսիոնալ պարեր ճշգրտորեն կատարող մարզված պարողների: Եվ ամեն անգամվա պես այս երգչախումբը մեկ ամբողջականություն լինելով հանդերձ բեմում առանձնանում է իր անդամների ցայտուն անհատականություններով: Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ բեմադրության վառ թատերականությանը մեծ չափով նպաստում էին հենց երգչախմբի մասնակցությամբ բեմադրված տեսարանները:

Ֆիլհարմոնիայի դահլիճն, այնուամենայնիվ, օպերային դահլիճ չէ: Յարուսում նստածներիս նվագախմբի եւ երգիչների հնչողությունը հաճախ անժամանակ էր հասնում:

Իսկ ո՞վ էր նպաստել այս ներկայացման իրականացմանը: Էլ ո՞վ, եթե ոչ կրկին «ՎիվաՍելը», որի նախագահ Ռալֆ Յիրիկյանին Վիգեն Չալդրանյանն իր շնորհակալական խոսքում չվարանեց հռչակել տարվա մարդ:

Արդեն քանի տարի է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, համերգային կատարումներով թե բեմադրությամբ, ներկայացնում է համաշխարհային օպերայի լավագույն գործերը: «Սեւիլյան սափրիչ», «Մադամ Բատերֆլայ», «Սիմոն Բոկանեգրա», «Պայացներ», հիմա էլ «Եվգենի Օնեգին»: Այսինքն, պետք է ընդունել այն փաստը, որ այսօր մենք Երեւանում ունենք այլընտրանքային օպերա: Հերթն այլընտրանքային բալետի՞նն է:

ԳԱԳԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4