«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2010-05-22 | #95, 2010-05-25 | #96, 2010-05-26


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՆՈՐ ԿԱՄ ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱՏԱԼՈԳ

«Ակադեմիա» պատկերասրահում արվեստագետներին ու կինոբնագավառի ներկայացուցիչներին ներկայացվեց «Հայկական կինոյի կատալոգ» աշխատության 2-րդ հրատարակությունը, որն ընդգրկում է առավել լիակատար տեղեկատվություն 1924-2008 թթ. Հայաստանի կինոարտադրության մասին: Ինչպես ներկայացրին կատալոգի ստեղծման ու շնորհանդեսի բանախոսներ Հարություն Խաչատրյանը , Միքայել Ստամբոլցյանը , Դավիթ Մուրադյանը եւ ուրիշներ, 10 տարի առաջ լույս է տեսել այս կատալոգի առաջին հրատարակությունը, որն ընդգրկել է 1924-1999 թ. Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը: «Նոր հրատարակությունը պատրաստելիս մենք ոչ միայն նորից ճշտեցինք ֆիլմերի արտադրության տարեթիվը, տեւողությունը, մասնակիցների կազմը, այլեւ կատալոգում ընդգրկվեցին տեսաժապավենով նկարահանված ֆիլմերը, կինոգործիչների լրիվ անունները եւ որպես հավելված զետեղեցինք 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերը», նշեց Հարություն Խաչատրյանը եւ կատալոգի առաջին 10 օրինակները (հայերեն եւ անգլերեն) նվիրեց կինոբնագավառի կազմակերպությունների ղեկավարներին ու նաեւ կատալոգի հովանավորներին. ՀՀ մշակույթի նախարարություն, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն եւ «Մեզ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ:

Կազմակերպչական ամբողջ աշխատանքը կատարվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աշխատակազմի կողմիցՙ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ: Գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանը, Սուսաննա Հարությունյանը, Սվետլանա Գուլյանը, կինոգետներ Վալերի Գասպարյանը, Զավեն Բոյաջյանը, Անահիտ Արփենը, Տաթեւիկ Մանուկյանը, Սերգեյ Գալստյանը եւ ուրիշներ: Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին նման կատալոգի ստեղծումը, որը մեծ նշանակություն կունենա կինոբնագավառի աշխատողների եւ հայկական կինոն ուսումնասիրողների համար: «Առայժմ 250 օրինակով տպագրվող երկլեզու կատալոգը մեծ դեր կարող է խաղալ աշխարհի տարբեր կինոստուդիաների, կինոփառատոների ղեկավարների համար, նաեւ հայկական կինոյի պատմության անցած ուղին աշխարհին ներկայացնելու տեսակետից», նշեց կինոգետ Դավիթ Մուրադյանը: Իսկ նման կատալոգ ստեղծելու գաղափարը տվել է հայտնի կինոգետ Սաբիր Ռզաեւը : Կատալոգի համար աղբյուր են հանդիսացել դեռ 60-ականների սկզբին Դանիել Բզնունու հավաքած ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Կինոյի տան արխիվային նյութերը, նաեւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահվող նյութերը եւ այլն: Նոր հրատարակությունը, որը 365 էջից է բաղկացած, ընդգրկում է խաղարկային, մուլտիպլիկացիոն, վավերագրական ֆիլմերի, «Բումերանգ» երգիծական ժողովածուի անվանացանկերը ըստ այբբենական կարգի եւ նաեւ հավելված: Կատալոգի ծավալուն նախաբանը գրել է պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը:

  «Ազգը» զրուցեց կատալոգի մուլտիպլիկացիայի բաժնի խմբագիր, կինոգետ Սերգեյ Գալստյանի հետ, որն այս հրատարակությունը համարեցՙ «բացառիկ մի աշխատություն, որի գիտական նշանակությունը մեծ է հայ կինոյով զբաղվողների, կինոգետների եւ ուսումնասիրողների համար: Այսօր ես աշխատում եմ հայկական վավերագրական կինոյի պատմության վրա եւ պատկերացնում եմ, երբ կատալոգը իմ ձեռքի տակ լինի, ինչքան արժեքավոր ու կարեւոր նշանակություն կունենա իմ աշխատության համար, այն փարոսի պես ուղեցույց կդառնա: Այս կատալոգը այն կարեւոր հանրագիտարանն է, ինչի մասին մենք, կինոաշխարհի հայ մասնագետներս, երազել ենք տարիներ շարունակ»: 1924 թ. «Խորհրդային Հայաստան» վավերագրական ֆիլմով (սց. հեղ. Ե. Չուբար, Պ. Բզնունի եւ Պ. Ֆոլյան) հիմնադրվել է հայկական կինոն եւ ահա նրա անցած 85-ամյա պատմությունը վերջապես ամփոփվեց այս կատալոգում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4