«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՄՆ-Ը ՇՈՒՏՈՎ ԿՀԱՐՁԱԿՎԻ ԻՐԱՆԻ ՎՐԱ

Երեկ «Ազգը» գրեց Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմական գերատեսչության ձեռնարկած գաղտնի գործողությունների մասին, վկայակոչելով «Նյու Յորք թայմս» թերթի այն հրապարակումը, որտեղ բացահայտվում են կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Դեւիդ Պետրեուսի ստորագրած գաղտնի կարգադրության մանրամասնությունները: Փաստաթուղթը Պենտագոնին մասնավորապես թույլ է տալիս Մերձավոր Արեւելքի երկրներ ուղարկել հատուկ նշանակության ջոկատներ եւ ծավալել հետախուզական գործունեություն, ինչպես նաեւ կապեր հաստատել տեղական ընդդիմադիր խմբավորումների հետ:

Իրանում եւ մերձավորարեւելյան մի շարք այլ երկրներում գաղտնի գործողություններ իրականացնելու Պենտագոնի որոշումը Իսրայելում համարում են նախանշան, որ ԱՄՆ-ը շուտով կարող է ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, գրում է «Ջերուսալեմ փոստ» թերթը:

Իսրայելի անանուն պաշտոնական ներկայացուցիչը թերթին ասել է, որ «առաջին անգամ հանրությունը իրավական հաստատում ստացավ ռազմական առումով» Իրանի դեմ հնարավոր գործողության առնչությամբ:

Խոսելով «Նյու Յորք թայմսի» հոդվածի մասին, նույն պաշտոնյան ավելացրել է. «Եթե դա տեղեկության կանխամտածված արտահոսք էր, ապա հստակորեն մատնանշում է իրանցիներին հասցեագրված կոշտ ուղերձը, թե քննարկվում են բոլոր միջոցները, ինչպես ամիսներ շարունակ ասում էր ԱՄՆ-ը»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր հերթին հայտարարել է. «Թեհրանը պետք է հասկանա, որ միջազգային ընկերակցությունը մտադիր չէ թույլ տալ իրանական միջուկային զենքի ստեղծում»:

Սպիտակ տան դիվանատան ղեկավար Ռամ Էմմանուելը չորեքշաբթի օրը Երուսաղեմում հանդիպում է ունեցել Նաթանյահուի հետ եւ նրան փոխանցել Վաշինգտոն այցելելու նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական հրավերը: Այդ մասին հաղորդում է newsr.israel կայքէջը:

Սպիտակ տան սեփական աղբյուրներ վկայակոչելովՙ «Եդիոտ Ահրոնոտ» թերթը հաղորդում է, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է մի շարք քայլերի դիմել Իսրայելի եւ վարչապետ Նաթանյահուի հետ հարաբերությունները բարելավելու համար: Թերթի կարծիքով, վարչապետին Վաշինգտոն հրավիրելու որոշումը խորհրդանշում է ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում նոր էջ բացելու Սպիտակ տան մտադրությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4