«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ԲՐԱՅԶԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ «ԵՐԱՆՈՒԹՅԱՆ» ԳՐԿՈՒՄ, ԵԹԵ ՍԵՆԱՏԸ ԹՈՒՅԼ ՏԱ

ԱՄՆ նախագահը վերջապես ձեռնամուխ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի երազանքն ի կատար ածելու գործին: Մայիսի 25-ին Նահանգների նախագահ Բարաք Օբաման որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Սենատի հաստատմանն է առաջարկել Բրայզայի թեկնածությունը:

ԱՄՆ նախագահական նստավայրի պաշտոնական կայքէջի համաձայն, Սենատի հավանության դեպքում գրեթե մեկ տարի Ադրբեջանում թափուր մնացած ԱՄՆ դեսպանի պաշտոնում կհայտնվի Բրայզան, որը 2006-2009 թթ. զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների միջնորդական առաքելությամբ:

Անգամ եթե ամերիկյան դեսպանների նշանակման գործընթացը կարճերից մեկը չէ, այդուհանդերձ, ենթադրելի է, որ վերջերս Վաշինգտոնի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ ոչ բարենպաստության տեսանկյունից է ներկայացնում գրեթե մեկ տարի այդ երկրում դեսպան չունենալու հանգամանքը: Ու թեեւ սա բնավ էլ հրճվելիք հարց չէ նավթագազային հարաբերությունների համատեսքտում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների տեսանկյունից, բնավ էլ հիմնավոր չէ այն պնդումը, թե ԱՄՆ-ը արհամարհանքով է վերաբերվում Ադրբեջանին` անդեսպան թողնելով այդ երկրի հետ հարաբերությունները:

Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի` Հարավային Կովկասի եւ Հարավային Եվրոպայի երկրների համար պատասխանատու տեղակալ Բրայզան համանախագահ եղած ժամանակ հետագայում այդպես էլ չբացատրված հայտարարությունների հեղինակ է ու դրանց հերքումների վարպետ, ապա կարելի է ենթադրել, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի կարգավիճակում արված հայտարարություններից քանիսը Բրայզան այլ առիթի դեպքում որպես «թյուրըմբռնում» կներկայացնի:

Միեւնույն ժամանակ, տարբեր հարցերի առնչությամբ տեսակետները, որոնք հնչեցրել է Բրայզան, լավատեսության հիմք չեն տալիս, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բրայզան որեւէ կերպ հավասարակշռության կբերի իր մոտեցումները, որոնցում ադրբեջանամետ լինելու կեցվածքը զգալի էր անգամ համանախագահության ընթացքում:

Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարեվերջին Բրայզան հայտարարել էր, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր նշանակման հարցն օրակարգում է, բայց դեռ որոշում չէր կայացել: Բրայզայի խոսքերով, նա սպասում էր ԱՄՆ վարչակազմի որոշմանը: «Անձամբ ես շատ կցանկանայի աշխատել Ադրբեջանում, ԱՄՆ հիմնական գործընկեր երկրներից մեկում», նախկին համանախագահն այսպես էր արտահայտել իր ակնկալվող պաշտոնի ոգեւորությունը:

Թե ինչու էր Բրայզայի «երանությունը» դանդաղում իրականություն դառնալու, ինքը` դիվանագետը պարզաբանել էր, թե ընդհանրապես ԱՄՆ դեսպանների նշանակման գործընթացն է բավականին երկարատեւ: Մինչդեռ տարբեր լուրերի համաձայն, ոչ թե Նահանգներում է խնդիրը, այլ Ադրբեջանում, որտեղ այնքան էլ գոհ չեն ոչ ադրբեջանա-ամերիկյան հարաբերություներից, ոչ էլ դեսպանի թեկնածությունից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4