«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ԵՐԵՎԱՆԻ 9 ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՅԼԵՎՍ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ ՉԵՆ

Անցյալ տարեվերջինՙ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման» ԾԻԳ-ի տնօրեն Լեւոն Հակոբյանի հետ մեր հարցազրույցի ժամանակ անդրադարձանք մայրաքաղաքի իրացման գոտիներում ստեղծված իրավիճակին եւ այնտեղ նախատեսված քաղաքաշինական ծրագրերի իրականացման հնարավորությանը: Դրանից հետո կառավարությունը որոշեց 3 ամսով երկարացնել կառուցապատողներին տրվածՙ իրացման աշխատանքները սկսելու վերջնաժամկետը: Այդ երեք ամիսն արդեն անցել է, եւ ներկա պահին ստեղծված կացության վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով կրկին հարցազրույցի հրավիրեցինք Լեւոն Հակոբյանին:


- Այս տարվա հունվարի 1-ին Երեւանի 59 իրացման գոտիներից 22-ում լրացավ կառուցապատման իրավունք ձեռք բերած ընկերությունների կողմից իրացման աշխատանքները սկսելու վերջնաժամկետը: Կառավարությունը որոշեց այդ ժամկետը երկարաձգել եւս 3 ամսով: Կատարե՞լ են իրենց պարտավորությունները կառուցապատողները 3 ամիս անց, եւ ի՞նչ է լինելու այն տարածքներում, որտեղ իրացումն այդպես էլ չսկսվեց:

- Որոշ տարածքներում այդ պարտավորությունները կատարվել են, որոշներումՙ ոչ: Եթե իրացման աշխատանքները սահմանված ժամկետում չեն սկսվում, կառուցապատողը սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունները, ապա այդ դեպքում կառավարության որոշումը կորցնում է իր ուժը, եւ այդ տարածքն այլեւս իրացման գոտի չի համարվում: Այսինքնՙ մարդիկ կարող են ազատ տնօրինել, այդ թվումՙ օտարել իրենց գույքը:

- Քանի՞ տարածքներում է շարունակվելու իրացումը, եւ քանի՞ տարածքներ այլեւս իրացման գոտիներ չեն:

- 33-րդ թաղամասում (Ֆիրդուսիի տարածքում) այդ աշխատանքները կշարունակվեն, որովհետեւ այդ տարածքի գույքային միավորների գրեթե կեսը իրացվել է: 373 գույքից 176-ը իրացվել է: Պայմանագրեր են կնքվել նաեւ այդ երկարացված ժամկետի ընթացքում: Կրկեսին հարող տարածքից մի տեղամասում ոչ կառուցապատողի մեղքով իրացում չի սկսվել, իսկ կրկեսին հարող այլ տեղամասերում իրացումը չսկսած այլ ընկերությունների դեպքում արդեն իրացման գոտին դուրս կգա: Սակայն քանի որ տվյալ տարածքի հետ կապված գլխավոր նախագիծ կա, ըստ որի 6 շենք եւ պողոտա պետք է կառուցվի, ապա, ամենայն հավանականությամբ, քաղաքապետարանը նորից պետք է դիմի կառավարությանն այդ տարածքներում գերակա շահ ճանաչելու առաջարկով: Այնուամենայնիվ, 22 իրացման գոտիներից 9-ումՙ կրկեսին, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն եւ Աբովյան-Բուզանդ փողոցներին հարող տարածքներում, այդ աշխատանքները չեն սկսվել, եւ համաձայն օրենքի, դրանք այլեւս իրացման գոտիներ չեն:

- Այդ տարածքներում տուն ձեռք բերողը կարո՞ղ է իր համար նոր առանձնատուն կառուցել:

- Այստեղ քաղաքի զարգացման ծրագրերից է կախված: Եթե, օրինակ, կրկեսին հարող տարածքում նախատեսված է նոր շենքեր եւ պողոտա կառուցել, ապա ինչպես պետք է նոր տուն կառուցեն: Սակայն այստեղ օրենսդրությունն ու քաղաքաշինական ծրագրերը չեն համընկնում: Մենք իրավունք չունենք արգելելու որեւէ մեկին իր համար տուն կառուցել: Այդ դեպքում նոր կառուցապատողն ավելի բարձր գին պետք է վճարի այդ նորակառույց տունը կառուցողին: Սակայն ամեն դեպքում սահմանափակում չի կարող լինել, պարզապես ես հուսով եմ, որ մարդիկ կհասկանան, որ այդտեղ քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու, եւ նոր շինարարություն չեն սկսի:

- Ասացիք ո՞ր տարածքներում են շարունակվելու կառուցապատման ծրագրերը:

- Խոշոր տարածքներից 33-րդ թաղամասում եւ Կոնդում շարունակվելու են:

- Մեր նախկին հարցազրույցի ժամանակ ասացիք, որ ավելի խիստ պահանջներ են դրվելու քաղաքապետի եւ կառավարության կողմից կառուցապատողների նկատմամբ պարտավորությունները կատարելու առնչությամբ:

- Խիստ ասելը մի քիչ հարաբերական է: Ասենք, ավելի օբյեկտիվ է լինելու պահանջը, ավելի հստակ ժամանակացույց է դրվելու:

- Իսկ մնացած այն տարածքներում, որտեղ իրացման աշխատանքներ սկսելու վերջնաժամկետը լրանում է այս տարի, եւ որոնց թվում է եւս մեկ խոշոր տարածքՙ Կոզեռնը, ի՞նչ է լինելու:

- Մինչ ժամկետը լրանալը պահանջներ ներկայացնել կառուցապատողներին չենք կարող: Կերկարացվի՞ նրանց համար իրացումը սկսելու ժամկետը, թե՞ ոչ, կախված է նաեւ, թե կոնկրետ տարածքում քաղաքի զարգացման ինչ խնդիր է դրված:

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4