Կառավարության նախաձեռնած եւ հասարակական հնչեղություն ունեցող այս էլ երկրորդ օրինագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցումով մի լավ քննադատում է, էլի առաջին ընթերցմամբ քվեարկում եւ ընդունում, հետո լսումներով նորից մի լավ շուռումուռ տալիս մինչեւ երկրորդ ընթերցում. ասել է թեՙ մենք կառավարության դակիչը չենք, որ ասել էինք` ԱԺ հեղինակությունը բարձրացնելու ենք` մեր խոսքի տերն ենք, զրպարտությունն ապաքրեականացնող օրենքը մի լավ, բազմակարծիք քննարկում անցավ, նույնն անելու ենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների առումով: Համենայն դեպս` Ազգային ժողովի առաջին ընթերցումն անցած այս օրենքի փոփոխությունների` Հովիկ Աբրահամյանի խոստացած լսումների շտապ նախաձեռնումը վերն ասվածի դրսեւորումներից մեկը պետք է համարել: Ժամանակը ցույց կտա` այս բոլորն արվում է իսկապես Ազգային ժողովի դերը բարձրացնելո՞ւ, թե՞ ավելի լոկալ խնդիրներ լուծելու համար, բայց փաստն այն է, որ եվրոպական կառույցների, լրագրողական հանրության ներկայացուցիչների եւ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ այս լսումները երեկ տեղի ունեցան եւ դեռ ԱԺ նախագահն էլ ելույթ ունեցավ, ընդ որում այդ ելույթը հաստատ նեղ մասնագիտական խորհրդատվության օժանդակությամբ էր կառուցված` առաջարկներից էր երեւում: Նա ասաց այս կարգի քննարկումների նպատակը` ընդունել այնպիսի օրենքներ, որոնք այնուհետեւ սողանցքներ չեն թողնի տարատեսակ մեկնաբանությունների եւ շահարկումների համար, մանավանդ որ, ըստ նրա, թվայնացմանն անցմանը վերաբերող այս օրինագծով առաջարկվող փոփոխություններն առնչվում են լրջագույն ոլորտի, եւ համապատասխան հանձնաժողովի նախաձեռնած լսումները թույլ կտան ընդունել կոնսենսուսի արդյունք մի օրենք: Նա նորից նշեց հստակեցման անհրաժեշտությունն ունեցող դրույթները` մրցույթների առաջադրման եւ անցկացման կարգը, արտոնագրերը տալու ընթացակարգերը, հեռարձակում իրականացնողի` առայժմ պետության (մուլտիպլեքսի), ապագայում մասնավորի եւ բովանդակային մասն ապահովող հեռուստաընկերությունների հարաբերությունների կազմակերպման հիմքերը սահմանելը: Հ. Աբրահամյանն ասում էր, թե նախագծից չի իմացվում` ի՞նչ խնդիր է լուծում պետությունը` սահմանելով բովանդակային որոշակի շրջանակ` սոցիալական փաթեթ է ապահովո՞ւմ, մեծացնում է մրցակցային պահանջնե՞րը, թե՞ աստիճանաբար ներդնում է բաժանորդային հեռարձակում: Մի շարք այսպիսի մասնագիտական առաջարկներ էլ արեց Հ. Աբրահամյանը` կարծես հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով ոլորտի հանդեպ, եւ անգամ առաջարկեց արբանյակային հեռարձակման հնարավորությունն ազատ թողնելու տարբերակը, Հանրային հեռուստառադիոընկերության` մյուս ընկերությունների հետ հավասար վերահսկելիության անհրաժեշտությունը դաշտում:
Լսումներն իսկապես կայացան, լրագրողական եւ պատգամավորական շրջանակներից կրկին վեր հանվեցին բացերն ու առաջարկներ հնչեցին` «Ազգը» առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ բավական մանրամասն դրանց անդրադարձել է` չկրկնենք: Ավարտին լսումները նախաձեռնած ԱԺ մշակույթի, կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք. «Անհրաժեշտ հետեւությունների հանգեցի՞ք»: Հանգել էին. «Նախ անկախ ամեն ինչից` քննարկումները ցույց տվեցին , որ լրամշակման բավականին դաշտ կա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» ներկայացված տարբերակում, ինչը հնչեց նաեւ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից. բոլոր այն առաջարկությունները, որ միտված են բարելավելու արդեն իսկ ներկայացված նախաձեռնությունը, տեղ կգտնեն երկրորդ ընթերցմամբ առաջարկված տարբերակում»: Արդյո՞ք մինչեւ երկրորդ ընթերցում այլ ձեւաչափերով քննարկումներ էլ կլինեն (ՄԻՊ գրասենյակի քննարկումներն ու այնտեղ հնչած առաջարկների մասին լսումների ընթացքում նշվեց): Արտակ Դավթյանը նշեց, որ լսումներն ընդամենը մի գործիք են` բարելավելու նախագիծը, գուցե այլ գործիքներ էլ օգտագործվեն:
Ավելացնենք, որ ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության ներկայացուցչի գրասենյակը, ուսումնասիրելով առաջարկված նախագիծը եւ հիշեցնելով իր մի շարք բանաձեւերի կոչն առ Հայաստանի իշխանություններ, որպեսզի երաշխավորվի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը որեւէ քաղաքական շահից եւ քայլեր ձեռնարկվեն` ապահովելու Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ազատությունն ու բազմակարծությունը: Գրասենյակը նաեւ առաջարկել էր աջակցել` ոլորտը կարգավորող ազատական օրենք ընդունելու համար: Սակայն առաջարկվող օրինագիծը կասկածներ է հարուցել ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության ներկայացուցչի մեջ առ այն, որ վերն ասվածը բավարար չի արտացոլվել նախագծում, մանավանդ` նախկինում արված առաջարկները լրիվ անտեսված են: Այդ պատճառով տվյալ գրասենյակն էր նաեւ կոչ արել ԱԺ-ին` աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ լայն մասնակցություն կլինի եւ մասնակիցների առաջարկները կներառվեն օրինագիծ: ԱԺ-ն երեկ ընտրել էր, փաստորեն, լսումների տարբերակը` տարբեր ազդակների թվում նաեւ այս կոչին անսալով: Իսկ թե ո՞ր առաջարկները ներառվեցին նախագիծ` արդեն հաջորդ քառօրյայում քննարկվելիք երկրորդ ընթերցման ժամանակ կպատմենք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ