«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՉԻ ԿՐԿՆՎԻ

Թեպետ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, իր փոխանցմամբ, բավական լավ տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, սակայն տեղական ու միջազգային ամբիոններից ելույթ է ունենում միայն հայերեն: Պատրիոտիկ այդ քայլը նա բնորոշում է նրանով, որ ոչ միայն հարգում է հայոց լեզուն, այլեւ հիշում է լեզվի օրենքը: Ավելին, կրկին իր փոխանցմամբ, հայոց լեզվի օրենքի մասին նա ավելի շուտ էր հիշում ու ավելի լավ գիտեր, քան այն մարդիկ, որ այսօր իրեն քննադատում են օտարալեզու դպրոցներ բացելու համար ու անվանում հայատյաց: Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի ու ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի քննադատություններին չի ցանկանում պատասխանել: Նախՙ դաստիարակությունը թույլ չի տալիս, հետո` ավելի հարմար մի վայրում իր ասելիքը կասի:

Նախարարը նկատում է, որ եթե իրեն քննադատողները կարդային լեզվի օրենքը, ապա կհասկանային, որ օրենքի մի շարք կետեր վերախմբագրման լուրջ կարիք են զգում: Լեզվի հարցն ու այդ ոլորտում իր գերազանց իմացությունը երկար-բարակ ներկայացնելուց հետո նախարարն ասաց, որ օտարալեզու դպրոցների մասին օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ: «Հիմնական մտահոգությունները copy paste (տպել եւ տեղադրել-Հ. Հ.) ենք արել օրենքի վերամշակված տարբերակ», նկատեց Աշոտյանը:

Ըստ այդմ, օտարալեզու դպրոցների քանակը չի գերազանցի 15-ը` ինչը կազմում է երկրի հանրակրթական հաստատությունների 1%-ը: Հայոց լեզու, հայոց պատմություն ու հայ գրականություն առարկաները օտարալեզու դպրոցներում անցնելու են նույն ծավալով ու բովանդակությամբ, ինչպես հանրակրթական հաստատություններում:

Օտարալեզու հանրակրթությունը թույլատրվելու է միայն միջին ու ավագ դասարաններում: Յուրաքանչյուր լեզվով կբացվի առավելագույնը 5-ական դպրոց: Դրանցից 8-ը կգործեն Երեւանում, մնացածը` մարզերում եւ պետական ֆինանսավորումից չեն օգտվի: «Ռուսական դպրոցների վերածնունդ չի լինի», խոստացավ նախարարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4