«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ՈՒ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑԸ

Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը քննադատում են նախօրեին հրապարակված մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը եւ համարում ոչ օբյեկտիվ:

Հիշեցնենք` արտահերթ զեկույցը վերաբերում էր Հայաստանում հավաքների անցկացմանը եւ վերնագրված էր այսպես` «ՀՀ-ում խաղաղ հավաքների իրավունքի մասին»:

Ըստ պաշտպանի, երկրում արդյունավետ չեն գործում հավաքների իրավունքի դատական պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաեւ խախտված են հավաքների իրավունքի օրինականության, համաչափության, լավ վարչարարության, խտրականության բացառման, հօգուտ հավաքների կանխավարկածի, խաղաղ հավաքներ պաշտպանելու պետության պարտականության սկզբունքները:

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները դժգոհում են ու քննադատում ՄԻՊ-ի զեկույցը միանգամայն այլ պատճառներով: Շարմազանովը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՄԻՊ արտահերթ զեկույցի վերաբերյալ կարծիք հայտնեց` ասելով, թե պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացրած զեկույցն ամբողջական չէ ու այնտեղ կան թերություններ: «Ես չեմ կարծում, որ օմբուդսմենի զեկույցը խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու հետ կապված արդարացված է ու օբյեկտիվ: Կողմնակալ զեկույց է եւ այնտեղ ոչ օբյեկտիվ գնահատական կա իշխանությունների հասցեին», ասաց Շարմազանովը:

Իսկ Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ խիստ գնահատական տրված չէ, թե ինչու է ընդդիմությանն արգելվել խաղաղ հանրահավաքներ անցկացնել: «Չկա որեւէ նկարագրություն այն բազմաթիվ խախտումների, որոնք կատարվեցին քաղաքացիների դեմ իրենց սահմանադրական իրավունքի` ազատ հանրահավաքների իրականացման համար: Եղել են երթերի մասնակիցների ապօրինի ցրումներ, ոստիկանական հարձակումներ, որոնց անդրադարձ չկա: Դա ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանը իր առաքելության բարձրության վրա չի գտնվել», Panorama.am-ին կարծիք հայտնեց Զուրաբյանը` ընդգծելով, որ «բոլոր խնդիրների բացատրությունը պաշտպանը փորձել է գտնել օրենսդրության անկատարության մեջ»:

Նշենք, որ պաշտպանն իր զեկույցում մատնանշած բոլոր խնդիրները համարել էր օրենսդրական դաշտի թերի լինելու հետեւանք:

Շարմազանովի խոսքով, խաղաղ հանրահավաքների կազմակերպման վերաբերյալ հայաստանյան օրենսդրությունը հստակ է եւ դաշտը նորմալ կարգավորված: Ավելին, այդ ոլորտը կարգավորող օրենքը արժանացել է միջազգային կազմակերպությունների դրական գնահատականին: «Չեմ պատկերացնումՙ ինչ նոր օրենսդրության մասին կարող է խոսք գնալ, երբ ամեն ինչ կարգավորված է», նկատեց Շարմազանովը:

«Պաշտպանը միշտ էլ տեղյակ է եղել բոլոր օրինախախտումների վերաբերյալ եւ ըստ էության, այս ամբողջ ընթացքում ՄԻՊ վիճակագրությունը ավարտվել է 2-3 լղոզված հայտարարությամբ որոշ դեպքերի վերաբերյալ: Հետեւողական չի եղել, սկզբունաքյին չի եղել, դա է պատճառը, որ ոչ մի արդյունքի չի հասել իր գործունեության մեջ», եզրակացրել է ընդդիմադիր Լեւոն Զուրաբյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4