«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ԾԵՐԵՐԻ «ՈՐԲԱՆՈՑԸ»

Գործազրկությունը փոխել է բարքերը նաեւ ԱՄՆ-ում

Գլենդեյլի այս ծերանոցի բավական ընդարձակ սենյակում 3-ն են` Մարոն, Նուբարն ու Լիլին: Ինչպես որ ծերանոցը պայմանականորեն ընտանիք կարելի է համարել, այդպես էլ այդ սենյակը` տուն: Այստեղ միայն ամենաանհրաժեշտ իրեր ու արդուզարդի թեթեւ պարագաներ են` ամեն մեկի համար փոքրիկ սեղանիկ, որի վրա մատուցվում է ուտելիքը, հանդերձարան, պահարանիկներ, վրան` սանր ու հայելի: Դարակներում սովորաբար չոր խմորեղեն, կոնֆետներ ու միրգ է լինում: Հյուրեր ունենալիս պառավները դրանք հպարտությամբ են հանում` մի հյուրի բերածով հյուրասիրելով մյուսին:

Մարոն ու Լիլին ծերանոցի երկարակյացներից են, 2-ն էլՙ 95-ին մոտ: Մարոն տարիքի հետ կապված խնդիր չունի, իսկ Լիլին փորձում է բոլորին հավատացնել, թե ինքն ընդամենը 92 տարեկան է: Այդ մասին հիշատակում է անվրդով լրջությամբ: Հարսը` Ալիսան, մեկ-մեկ փորձում է ճշտել նրա տարիքը, բայց Լիլին աներեր է մնում:

Մարոն, որի համար միեւնույնն է, ինքը 100-ի թե 80-ի մոտ է, նրբակազմ, քնքուշ հայացքով ու ճեփ-ճերմակ դեմքով պառավ է: Իր հարյուրամյակի մատույցներում նա ավելի շատ հաճոյախոսություններ է ստանում, քան, ասենք, ֆիլիպինցի ջահել, բայց հաստավիզ հիվանդապահուհին, որին աշխատանքի են ընդունել բացառապես ֆիզիկական տվյալները նկատի ունենալով: Նա անփոխարինելի է` ծերանոցի հատկապես ծանրամարմին բնակիչներին տեղաշարժելու, տակները փոխելու համար:

Երրորդ անդամը` Նուբարը, համեմատաբար երիտասարդ է` 70-75 տարեկան: 2 սենյակակից պառավները նրան վերաբերվում են ինչպես աղջնակի` «հըլը սատկածին նայի», մեկ-մեկ քնքշությամբ ասում են նրանք, երբ Նուբարը սկսում է խրատներ տալ իրենց: Նուբարի ամենակարեւոր ունեցվածքը բջջային հեռախոսն է, որ անընդհատ ականջին է պահում եւ կիսաձայն ինչ-որ բաներ է մրմնջում: Նրա ընտանիքի 3 անդամները` 2 տղաներն ու ամուսինը, հոգեկան խանգարումներ ունեն եւ դեռ չեն հասցրել մեկին վնաս պատճառել, որպեսզի նրանց մեկուսացնեն: Ընտանիքի համեմատաբար առողջ անդամը Նուբարն է, նրան էլ ծերանոց են բերել: Սակայն նրա 2 կիսախելագար տղաները կանոնավոր հաճախականությամբ այցելում են մորը, օրվա մեջ նույնիսկ 2 անգամ: Սաքոյի ու Սեդրակի համար մայրն իրենց տարօրինակ աշխարհում կայուն տեղ ունի: Եվ Նուբարն այս առումով մեծ առավելություն ունի սենյակի մյուս բնակիչների համեմատ, որոնց հոգեպես առողջ հարազատները նրանց այցելելում են որոշակի գրաֆիկով:

Մարոն քչախոս է, օրվա մեջ հազիվ մի տասը նախադասություն ասի, դրանք էլ ծայր կարիքի դեպքում: Սակայն Աստված չանի, որ Մարոն զայրանա. սենյակի ու հիվանդապահուհիների սարսափն է դառնում: Եվ նրա զայրույթի նոպաները բռնկում են հատկապես ճաշի ժամերին: Ոչ թե գոռում, այլ ոռնում է ողջ ծերանոցով մեկ:

- Պանիրը քիչ է, պանիրս տվեք, պանի...րը..ըս...պանիրը,- ճչում է նա այնպես, ասես մեկը դանակն առած մորթում է իրեն:

Նրա հիվանդապահուհին, միջին տարիքի մի հայ կին, թեեւ սովոր է նման տեսարանի, բայց ամեն անգամ իրար է խառնվում: Գլխապատառ վազում է խոհանոց եւ պանրի միանգամից 2 չափաբաժին բերում: Գործազրկության դառը ժամանակներ են, մեկ էլ տեսար չկարողացավ ժամանակին հանգստացնել պանիրը կորցրած պառավին ու դուրս թռավ գործից: Եվ ամեն անգամ նրա ուղեղը մրմռացնում է ենթագիտակցական ափսոսանքը, թե Հայաստանում մի հսկա հիմնարկության գլխավոր հաշվապահն էր, հիմա ինչ օրի է հասել:

Այդպիսի ժամանակ Նուբարը լուռ ու երկար նայում է ճչացող պառավին, եւ թվում է, ճիգ է անում հասկանալ նրա կատաղության բուն պատճառը: Այդպիսի պահերին սարսափելի է դառնում Լիլիի վիճակը: Նա փակում է ականջներն այնքան ժամանակ, մինչեւ պանրային շեղումից մթագնած պառավը հանգստանում է:

Ամերիկյան տնտեսական ճգնաժամն ամեն պահ ներկա է ծերանոցի պատերի ներսում: Ռուս, հայ, իսպանացի, մեքսիկացի բուժակներն ու հիվանդապահները ծերերի ստրուկներն են դարձել: Նրանց սիրաշահելու համար իսպանացի Սանդրոն, օրինակ, կանոն է դարձրել 2 օրը մի անգամ մեկ-մեկ մոտենալ պառավներին եւ հարցնել` «Ամեն ինչ օքե՞յ է, լա՞վ են արդյոք»: Ամեն բան տեսած ծերերը նրա այս խորամանկությունն ընդունում են հավուր պատշաճի` մի քիչ խղճալով նրան, մի քիչ էլ իրենց լավ զգալով: Դե իրենք լավ գիտեն, որ աչքի լույս չեն: Իրենց արյուն ու մարմին զավակներն իրենց գցել են այստեղ, օտարի ինչ պետքն է իրենց ողջ կամ մեռած լինելը:

Սակայն աշխատանքն ամեն կերպ պահելու սեւեռումով աշխատակիցները երբեմն ընկնում են վտանգավոր ծայրահեղությունների մեջ: Դրանց զոհերը դառնում են պառավները, ինչպես վերջերս պատահեց Լիլիի հետ: Բուժակ Դոլորեսը ամեն օր ծերերի հետ թեթեւ վարժություններ է անում, որոնք, իբր առույգացնում են նրանց: Լիլին սիրում է առավոտյան այդ ժամերը, բայց վերջին ժամանակներս նրա առողջությունը սկսեց վատանալ: Ոտքերը դադարեցին ենթարկվել նրան, եւ հիմա նա ինքնուրույն չի կարող նստել ու ելնել: Սակայն իր գործը մինչեւ վերջ կատարելու մոլուցքի մեջ բուժակ Դոլորեսը ստիպեց նրան ելնել սայլակից ու քայլել: Ծանրամարմին կինը վայր ընկավ` վնասելով դեմքն ու գլուխը: Մի ողջ շաբաթ նրա աչքերի շուրջը կապտած էր: Դոլորեսը գլուխն ազատեց թեթեւ նկատողությամբ, իսկ ծերանոցի մյուս աշխատողները երկար ժամանակ աշխատում էին չնկատելու տալ Լիլիի կապտուկները:

Միայն Նուբարի խելագար տղան` Սաքոն, գլուխն օրորելով նայում էր Լիլիին եւ բարձրաձայն մտածում, որ գործն այդպես թողնել պետք չէ, պետք է պատժել մեղավորին:

Լիլիի դժգոհությունը, եւ մյուս պառավներինը նույնպես, բաղնիքի ժամերն են: Նույնիսկ աշխատանքը կորցնելու վախը հիվանդապահներին չի ստիպում մարդավարի անցնել ծերերին լողացնելու փորձությունը: «Կատվալվա են անում, բա դա խիղճ է,- ասում է Լիլին,- էնքան վատ էին լվացել գլուխս, որ թեփի գնդեր էին առաջացել, բժիշկը դեղ գրեց, անցան»:

Լիլիի հարեւան Նուբարն ատում է մարզանքի ժամերը եւ հնարավոր ու անհնարինն անում խուսափելու համար: Իր ազնվականական կենցաղը հիշողության մեջ պահող Լիլին արհամարհանքով է խոսում այս մասին` «մարզանք էլ չի ուզում անել», ասում է նա Նուբարի հասցեին` նույնիսկ իր հետ կատարվածից հետո: Ընդհանրապես Լիլիի սեւեռումն էլ իր ծագումն է: Ժամանակին նա եղել է հարուստ ընտանիքի դուստր, ամուսնացել է նույնպես հարուստ ու խելացի մի բժշկի հետ, ապրել ճամփորդությունների ու շքեղության մեջ: Ամուսնու, հետո էլ տղայի մահից հետո հայտնվեց այստեղ: Նրա սենյակակիցները Լիլիի մեծ վիշտն են` ոչ միայն ցածր են իրենից դիրքով, այլեւ խելքներն էլ տեղը չէ: «Բա առողջ մարդուն խելառների կողքին կպահե՞ն»,- միշտ հարցնում է նա ինքն իրեն ու իր հյուրերին: Բայց ծերանոցը Գլենդեյլի այս կարգի լավագույն հաստատություններից է, եւ հատուկ խելառ ծերերի համար այսպիսի որբանոցներ չկան, որ նրանց անջատեն մյուսներից:

Անկախ առողջների ու խելառների համակեցությունից, պետությունն այստեղ հարազատի պես է նայում տարեցներին, նույնիսկ ճգնաժամի սուր պայմաններում նրանց դարձնելով գրեթե արտոնյալ խավ: Գլենդելում շատ են այսպիսի կենտրոնները` առողջապահական, տարեցների խնամքի, վերականգնողական: Ինչ-ինչ հանգամանքներով այստեղ հայտնված ծերերի մեծ մասը տառապում է այդ հասակին հատուկ այս կամ այն հիվանդությամբ: Նրանք բժիշկների մշտական հսկողության տակ են, մշտապես ստանում են դեղերի ու վիտամինների անհրաժեշտ քանակը:

Medicare, Media caid, Private Inshurance եւ այլ կարգի ծրագրերի շնորհիվ ամեն ծերունու համար բավական պատկառելի գումար է հատկացվում ծերանոցի բյուջեին: Այդ գումարը մասնակի կամ ամբողջությամբ ծախսվում է ծերերի բազմազան ու հարուստ ուտելիքի, նոր կոշիկների ու հագուստի, մշտապես անհրաժեշտ տակաշորերի վրա: Ամեն բնակիչ սնվում է կալորիաների հատուկ ցանկի համաձայն:

Ծերանոցի 80-ն ու 90-ն անցած 3 բնակչուհիների մատների ու ոտքերի եղունգները մշտապես մանիկյուրված ու պեդիկյուրված են, շաբաթը մեկ նրանց կոսմետոլոգի մոտ են տանում, հոգում, որ ակնոցներն ու լսողության սարքերը նույնպես նորմալ վիճակում լինեն: Եվ պետական այս հոգատար վերաբերմունքը տալիս է իր պտուղները: ԱՄՆ-ում 70-75 տարեկանը բավական երիտասարդ է համարվում:

Դրսի աշխարհից մերժված ծերերը բարձրաձայն խոստովանում են, որ իրենց համար ամենից լավ տեղն էլի այստեղ է: Իրենց ընտանիքներում ծանր բեռ են լինելու իրենց համակեցությունը մերժած զավակների վրա, որոնք ամեն այցելությունից հետո երեւի թեթեւացած շունչ են քաշում: Եվ գուցե կարելի է հասկանալ գեղեցկատես պառավ Մարոյին, որ մի անգամ, առանց որեւէ պատճառի սենյակից դուրս վռնդեց իրեն այցելած դստերը: Մարոն 6 տղաներ էլ ունի եւ 35 տարեկանում զրկվելով ամուսնուցՙ միայնակ է կառավարել ու խնամել հսկա ընտանիքը:

Անկախ ամեն ինչից, ծերանոցի բնակիչների հպարտությունն ու ուրախությունը այցելուների ու այցելությունների քանակն ու որակն են: Եթե մեկի մասին ուզում են չարախոսել, անպայման նշում են, որ նրա մոտ ամիսը մի անգամ էլ չեն գալիս: Նրանց հայացքը միշտ հառած է կիսաբաց դռանը, որով ամենից շատ անցուդարձ են անում ֆիլիպինցի հիվանդապահուհիները:

ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4