«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2010-05-25 | #96, 2010-05-26 | #97, 2010-05-27


ՏԵՂԱԿԱՆ ԴԵՂԵՐԸ ՈՐԱԿՈՎ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂՆԵՐԻՆ

Տեղական դեղարտադրությանն առնչվող կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ մայիսի 25-ին Երեւանում: ԱՄՆ ՄԶԾ (Միջազգային զարգացման գործակալության) ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը, Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միությունը եւ «Ջի Էքս Փի» գերազանցության կենտրոնը կազմակերպել էին «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» միջոցառումը, որով մեկնարկում է «Առողջ ազգ, առողջ տնտեսություն» երկամսյա քարոզարշավը:

«Երեւան» հյուրանոցի սրահում ներկայացված էին ԴԱՆ միության մեջ ներգրավված հայրենական դեղարտադրողներըՙ «Լիկվոր», «Արփիմեդ», «Էսկուլապ», «Երեւանի քիմիական դեղագործական ֆիրմա» եւ «Մեդիկալ հորիզոն» ընկերությունները: Նրանց արտադրանքի մասին լրագրողներին մանրամասներ հայտնեց միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Ըստ նրաՙ Հայաստանում գրանցված բոլորՙ շուրջ 300 տեղական արտադրության դեղերը ենթարկվում են անհրաժեշտ փորձաքննության, ինչը նշանակում է, որ իրենց որակով եւ բուժիչ ազդեցությամբ չեն զիջում արտասահմանյան հայտնի ապրանքանիշների դեղերին: Ընդ որում, ի տարբերություն վերջիններիս, հայկական դեղերը զգալիորենՙ 3-5 անգամ էժան են: Այսինքնՙ դրանք ավելի մատչելի են: Բացի դրանից, տեղական դեղարտադրողները մշտապես գործում են Հայաստանում եւ գտնվում անընդհատ վերահսկողության ներքո: Սամվել Զաքարյանը տեղեկացրեց նաեւ, որ հայկական դեղերը սպառվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտահանվում են ԱՊՀ երկրներ: Առաջիկայում, դրանք հնարավոր կլինի արտահանել նաեւ Եվրոմիության երկրներ, այնտեղ սահմանված ստանդարտների չափանիշներն անցնելուց հետո:

«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանը տեղեկացրեց, որ տեղական դեղարտադրողները CAPS-ից ստացել են տարատեսակ օժանդակությունՙ տեխնիկական օգնություն, աշխատակիցների վերապատրաստում եւ արտերկրի փորձի ուսումնասիրում: Միջոցառման ժամանակ ունեցած ելությում Արտակ Ղազարյանը հույս հայտնեց, որ մի քանի տարի անց մենք կխոսենք տեղական դեղարտադրության մասին որպես արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղի:

Տեղական դեղագործությունը զարգացմանն աջակցելու նպատակ ունեցող երեկվա միջոցառումը ողջունեցին նաեւ էկոնոմիկային փոխնախարար Արա Պետրոսյանն ու դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը: Արա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներքին շուկայում շրջանառվում են մոտ 2,5 մլրդ դրամի (մոտ 60 մլն դոլարի) տեղական դեղեր: Իսկ Էմիլ Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ մեր դեղագործությունն առաջիկայում արտահանման մեծ հնարավորություններ կունենա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4