ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացվող «XXI-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի հրավերով, վեցամյա ընդմիջումից հետո Երեւանում համերգային ծրագրով կրկին հանդես կգա աշխարհի լավագույն լարային քառյակներից մեկըՙ Բորոդինի անվան քառյակը: Արամ Խաչատրյան համերգասրահում քառյակի կատարմամբ կհնչի Բորոդինի Նոկտյուրնը, Շոստակովիչի Կվարտետ թիվ 8 եւ Չայկովսկու Կվարտետ թիվ 2 ստեղծագործությունները:
Երկար սպասված համերգից առաջ քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանը եւ Իգոր Նայդինը (ալտ) նախարարությունում հանդիպեցին լրագրողների հետ ու պատասխանեցին հարցերին: Հանդիպումը աշխարհահռչակ քառյակի եւ հատկապես բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, Հայաստանի եւ ՌԴ-ի բարձրագույն մրցանակների ու կոչումների արժանացած ջութակահար Ռուբեն Ահարոնյանի հետ մեծ հետաքրքրություն էր առաջացրել եւ մոտ երկու ժամ լրագրողները փորձում էին տեղեկություններ ու նորություններ քաղել Ռուբեն Ահարոնյանից:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը , ողջունելով երաժիշտներին, նշեց. «Մեզ համար շատ կարեւոր է, որ այս աշխարհահռչակ կոլեկտիվը, հավատարմություն դրսեւորելով Հայաստանի հանդեպ, վերջին տարիներին ակտիվ ներկայացնում է իր երաժշտարվեստը հայկական ունկնդրին: Մենք շատ մեծ հպարտություն ենք ապրում, որ այսօր ողջունում եւ շնորհավորում ենք «Բորոդին» լարային քառյակի 65-ամյակի առթիվ եւ այդ կապակցությամբ ու նաեւ մեր անվանի ջութակահար Ռուբեն Ահարոնյանի ծննդյան առիթով, «համաշխարհային դասական երաժշտության հանրահռչակման, ինչպես նաեւ հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած ներդրման համար քառյակն արժանանում է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին», նշեց նախարարը ու մեդալը հանձնեց Ռուբեն Ահարոնյանին:
1945 թ. Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվել է «Բորոդին» քառյակը: Սերնդափոխությունից հետո քառյակի ներկայիս կազմում հանդես են գալիս Անդրեյ Աբրամենկովը (ջութակ), Ռուբեն Ահարոնյանը (առաջին ջութակ)ՙ 1996-ից, Իգոր Նայդինը (ալտ) եւ Վլադիմիր Բալշինը (թավջութակ): Խումբը իր գործունեության ողջ ընթացքում պահպանել է կվարտետային երկացանկի գլուխգործոցների կատարման յուրահատուկ ավանդույթըՙ Դմիտրի Շոստակովիչի հետ ստեղծագործական սերտ հարաբերությունների շնորհիվՙ նաեւ ռուսական երկացանկի հանդեպ հատուկ վերաբերմունքը: Կվարտետի մշտական եւ սիրված ստեղծագործություններից են Բորոդինի, Չայկովսկու, Էդվարդ Միրզոյանի «Վարիացիաները», Կոմիտաս եւ այլք, նշեց Ռուբեն Ահարոնյանը ու հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարին ոսկե մեդալի արժանանալու առթիվ: «Խորապես հուզված ենք ու հպարտ, որ նման բարձրագույն պարգեւի արժանացանք, ու այն իր ուրույն տեղը կգտնի մեր կոլեկտիվի հավաքածուում: Ոչ մի արտիստ, անկախ նրանից թե ինչպիսի հեղինակություն եւ տաղանդ ունի, չի կարող ներկայացնել ինքն իրեն, եթե չլինեն այն կազմակերպիչները, որոնք իրենց վրա են վերցնում համերգի կազմակերպման ողջ ծանրությունը: Իսկ նման տաղանդավոր երաժիշտ ու կազմակերպիչ ինչպիսին է «XXI-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, դա արդեն հրաշալի հաջողություն է ու պատվաբեր: Իսկ Շոստակովիչի թիվ 8 կվարտետը ծրագրում ընդգրկել ենք, քանի որ հենց այս համերգից հետո մեկնելու ենք Դրեզդեն, որի ռմբակոծման ժամանակ Շոստակովիչը ներկա է եղել ու գրել է այդ ստեղծագործությունը, որն ամենուր արժանանում է բացառիկ ընդունելության», պարզաբանեց Ռուբեն Ահարոնյանը :
16 տարի ընդմիջումից հետո, իհարկե խոսքը համերգային ընդմիջմանն է վերաբերում, Ռուբեն Ահարոնյանը իրեն հյուրի կարգավիճակում չէր զգում: Երեւանում իր բնակարանը կա, 91-ամյա մայրը կենդանի է եւ հաճախ է այցելում նրան, իհարկե կարճատեւ ժամանակով, քանի որ խիտ համերգային ծրագրերըՙ աշխարհի տարբեր բեմերում, հնարավորություն չեն տալիս երկար մնալ իր հայրենիքում: «Մեծ նավին, մեծ օվկիանոս է պետք», նշեց Ռուբեն Ահարոնյանը, երբ լրագրողներից մեկը հարց տվեց, թե ինչո՞ւ չի բնակվում Հայաստանում, եւ հպարտորեն ավելացրեցՙ Հայաստանը օվկիանոս չէ, այլ որպես Սեւանա լիճ մեզ համար սրբություն է»:
Իգոր Նայդինը ներկայացնելով քառյակի պատմությունը, նշեց. «65 տարի առաջ քառյակի դասատուն է եղել անվանի երաժիշտ-մանկավարժ Միքայել Նիկիտի Տերյանը, որը ամենալավ կամերային երաժշտության գիտակն էր: Այդ լեգենդար երաժշտից ստացած հմտությունները եւ նաեւ հետագայում մյուս երաժիշտների ներդրումները, քառյակը սիրով փոխանցում է նոր սերնդին, որը համալրում եւ փոխարինում է կվարտետի անդամներին»:
«Ազգի» հարցին, թե ինչո՞վ կբացատրեք քառյակի երկարակեցությունն ու հաջողությունները, Իգոր Նայդինն ասաց. «Նվիրվածությամբ ու խստապահանջությամբ երաժշտության հանդեպ: Իհարկե եղել են պահեր, որ կանգնած ենք եղել դժվարին կացության առաջ, սակայն հաղթահարել ենք դրանք մեր համախմբվածության, նվիրվածության ու պրոֆեսիոնալ պատասխանատվության զգացումներով»:
Ռուբեն Ահարոնյանը ցավով նշեց, որ շատ հարուստ մարդիկ ե՛ւ Հայաստանում ե՛ւ ՌԴ-ում զբաղված են միայն իրենցով եւ մտահոգ չեն աջակցելու երաժշտական կոլեկտիվներին: Քառյակը Դրեզդենից հետո համերգներ ունի Մոսկվայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Ավստրալիայում եւ այլուր: Իսկ հրաժեշտից առաջ նշեց. «Եթե ժամանակ ու ընդմիջում լինի համերգաշրջանների արանքում, ինչպես դուք ցանկացաք, հաճախ կայցելենք Երեւան ու հայ բծախնդիր երաժշտասերներին կպարգեւենք հրաշալի պահեր»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ