ՌՀՄ եւ ՀՀԿ երիտասարդների նախաձեռնությամբ
Երիտասարդության յուրաքանչյուր մտահոգություն` հասարակական խնդիրների վերաբերյալ, ողջունելի է եւ շատ կարեւոր, քանի որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում երիտասարդությունն է հենց այն շարժիչ ուժը, որը ունակ է, հաճախ նաեւ պարտավոր է` լուծելու բազմաթիվ խնդիրներ: Այս առումով մեր հասարակության համար անչափ կարեւոր է վերջին ժամանակներում` տարբեր հարցերում համախմբված երիտասարդական ուժերի առկայությունը. հասարակական կյանքում երիտասարդի ակտիվ մասնակցությամբ են պայմանավորված մեր պետության լիարժեք ժողովրդավարացումն ու բազմաբնույթ հարցերի` գոնե բարձրացումը:
Երիտասարդական մի շարք կազմակերպություններ միավորող Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) մայիսի 24-ին բոլոր անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ գումարեց նիստ, որի ընթացքում երիտասարդները ոչ միայն իրենց մտահոգությունները բարձրաձայնեցին մի շարք խնդիրների շուրջը, այլեւ առաջարկեցին այն ճանապարհները, որոնցով հնարավոր է հասնել խնդիրների լուծմանը:
Նիստին մասնակից երիտասարդներն իրենց մտահոգությունները հայտնեցին այնպիսի կարեւոր եւ հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են մայրենիի անաղարտությունը դպրոցներում, ԶԼՄ-ներում, գովազդում եւ ամենուր, հայրենասիրության տարածման անհրաժեշտությունը հատկապես երիտասարդության շրջանում, առողջ ապրելակերպի քարոզում եւ այլն: Հենց ՀՀԿ ԵԿԱ-ի ջանքերով է մեկնարկելու խիստ կարեւոր մի նախաձեռնություն` «Ճանաչենք այն երկրները, որտեղ ապրում են հայեր»: Այս նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստան-Սփյուռք, Սփյուքի համայնքների միջեւ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդության դերն այդ գործում, ինչպես նաեւ միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին` հայրենասիրության, ազատության եւ ժողովրդավարության գաղափարների շուրջը, սատարել ազգային ավանդույթների վերականգնմանը, պահպանմանն ու տարածմանը բոլոր գաղթօջախներում: Այս ազգանվեր նպատակին հասնելու համար ՀՀԿ ԵԿԱ-ն նախատեսում է հայաստանյան հասարակությանը ներկայացնել բազմաբնույթ հայկական համայնքներ ունեցող երկրների պատմությունը, մշակույթը եւ տեղի հայ համայնքին, նրա ունեցած դերն ու նշանակությունը տվյալ երկրի բոլոր ոլորտներում: Այս ամենը կներկայացվի Հայաստանում բնակվող եւ սովորող սփյուռքահայ երիտասարդության միջոցով (կրկին միասնության խորհուրդ - Հ. Ա.), նախատեսվում է, որ ծրագրին մասնակից կդառնան նաեւ Հայաստանում տվյալ երկրի դեսպանատան ներկայացուցիչներ: Այս տարի նախատեսված է առաջինն անդրադառնալ Իրանին, այնուհետեւՙ Սիրիային, Լիբանանին, Թուրքիային, Վրաստանին, Հունաստանին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային: Նշված երկրների` տեղի հայկական համայնքի, հայ երիտասարդության մասին հրապարակումներ կլինեն նաեւ «Ազգ» -ի առաջիկա համարներում:
Որքա՞ն կարեւոր է մեր հասարակության համար մայրենի լեզվի անաղարտության պահպանումը, եւ որքա՞ն ողջունելի, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս երիտասարդությունը: ՀՀԿ ԵԿԱ-ն, հայտնելով իր մտահոգությունները հայերենի խնդիրների հետ կապված, նաեւ դրանք լուծելու համար, առաջարկում է ստեղծել աշխատանքային խմբեր` որոնցում կներառվեն ոլորտի պատասխանատուներ, մասնագետներ, լրագրողներ, որոնք հենց դպրոցներում, մասնակցելով դասապրոցեսին (տնօրենի թույլտվությամբ), կիրականացնեն ուսումնասիրություններ աշակերտների` մայրենիին տիրապետելու վերաբերյալ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվեն պատասխանատու մարմինները: Նույն նպատակով երիտասարդներն առաջարկում են աշխատանքային խմբեր ստեղծել` ԶԼՄ-ներում եւ գովազդում տիրող իրավիճակը փոխելու համար
ՀՀԿ ԵԿԱ-ն անդրադարձավ նաեւ «Անմեղ նահատակի հիշատակին» շարժմանը: Ինչպես գիտեն մեր ընթերցողները, այս նախաձեռնությամբ, որը մեկնարկից` մարտի 31-ից «Ազգ»-ը մանրամասնորեն լուսաբանել է, նախատեսվում է մինչեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը` ողջ հանրապետությունում տնկել 1,5 մլն ծառ: Բացի նրանից, որ միջոցառումն ունի Ցեղասպանության զոհերի ոգեկոչման նշանակություն, նաեւ նպաստում է լուծելու բազմաթիվ բնապահպանական խնդիրներ, ակտիվացնում է երիտասարդության դերը հասարակական կյանքում, ուրեմն ծրագրի կարեւորության մասին խոսելն իսկ ավելորդ է: Հիշեցնենք միայն, որ ծրագիրն իր շարունակությունը կունենա առաջիկա աշնանից` մինչեւ 2015-ը, իսկ մեկնարկին արդեն իսկ տնկվել են շուրջ 10 հազար ծառեր:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաեւ այլ` ոչ պակաս կարեւոր խնդիրներ, մասնավորապես հայրենասիրության պրոպագանդայի, ինչպես նաեւ երեւանյան հին ու բարի ավանդույթները վերականգնելու համար երիտասարդները հանդես եկան նախաձեռնությամբ` կազմակերպելու հայկական հին ֆիլմերի բաթօթյա. անվճար ցուցադրություն: Այս նախաձեռնության շնորհիվ հասարակության լայն շերտերին հասանելի կլինեն մի շարք հայրենասիրական ֆիլմեր, հատկապես ամառային ամիսներին այս նախաձեռնության կյանքի կոչումը կնպաստի նաեւ ժամանակակից ու վայելուչ ժամանցին:
Իրոք, համախմբված երիտասարդությունը ընդունակ է լուծելու ոչ միայն իրեն հուզող, այլեւ հասարակական հնչերանգ ունեցող խնդիրներ. նա հենց կոչված է դրա համար:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ