ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը 311 միավորով 100-րդ տեղում է: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին մեկ հորիզոնականով նահաջել է: Բնականաբար, դասակարգման ցուցակում հաշվի առնված չեն կայացած ընկերական հանդիպումների արդյունքները, այլապես մեր ընտրանին կարող էր ավելի բարձր դիրքում հայտնվել:
Գրեթե անփոփոխ է մնացել լավագույն տասնյակը: Միայն 9-10-րդ տեղերում գտնվող Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականներն են մեկը մյուսի հետ իրենց դիրքերը փոխանակել: Ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին (1611): 46 միավորով բրազիլացիներին զիջում են Եվրոպայի չեմպիոն իսպանացիները, որոնք բավական ժամանակ գլխավորում էին դասակարգման ցուցակը: 3-րդ տեղում Պորտուգալիայի հավաքականն է: Լավագույն տասնյակում են նաեւ Հոլանդիայի, Իտալիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները:
Եվրոպայի 2012-ի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեն ռուսները, որոնք 1015 միավորով պահպանել են տեղը 11-րդ հորիզոնականում: 4 տեղով առաջադիմել եւ 34-րդ հորիզոնականում է հանգրվանել Սլովակիայի հավաքականը: Իռլանդացիները եւս 2 տեղով բարձրացել են ու այժմ 41-րդ հորիզոնականում են: Իսկ ահա մակեդոնացիները մեկ հորիզոնականով նահանջել են ու զբաղեցնում են 61-րդ տեղը: Խմբի հետնապահ Անդորրայի հավաքականը 201-րդ տեղում է:
Սեպտեմբերին կսկսվի Եվրո-2012-ի ընտրական մրցաշարը, որին լրջորեն են նախապատրաստվում եվրոպական հավաքականները: Մեր ընտրանին ստուգողական 2-րդ հանդիպումն անցկացնելով, եւս մեկ անգամ փորձարկեց ուժերը: Ճիշտ է, մրցակիցն այնքան էլ ուժեղ չէր, մանավանդ որ բացակայում էին լեգեոնականները: Թեեւ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում ուզբեկները գերազանցում են մեր հավաքականինՙ զբաղեցնելով 94-րդ տեղը:
Ուզբեկստանի հավաքականի հետ հանդիպումը երկակի տպավորություն թողեց: Առաջին խաղակեսում ֆուտբոլասերներին հրամցրած հարձակողական ոճի գեղեցիկ ֆուտբոլից հետո ընդմիջումից հետո խաղադաշտում լրիվ այլ պատկեր էր: Իհարկե, կարելի է հասկանալ մեր ֆուտբոլիստներին, որոնք առաջին խաղակեսում վճռել էին հանդիպման ելքը: Սակայն եթե մրցակիցն այլ հավաքական լիներ, ապա կարող էր պատժել նման մոտեցման համար: Ճիշտ է, մեր հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը որոշել էր 2-րդ խաղակեսում խաղը կառուցել հակագրոհների վրա, սակայն այդպես էլ վտանգավոր գրոհների ականատես չեղանք:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, բնականաբար, գոհ էր արդյունքից, բայց 2-րդ խաղակեսում թիմի ցույց տված խաղը նրան չգոհացրեց: Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովն էլ պարտության գլխավոր պատճառը համարում է խաղասկզբում բաց թողած 2 գոլերը, ինչպես նաեւ դաշտից պաշտպան Ֆիլիպոսյանի հեռացումը: Ի դեպ, նա դժգոհ էր մրցավարությունից 11 մ նշանակման եւ խաղացողին դաշտից հեռացման համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ