Մոսկվայում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային 50-րդ առաջնությունում հաջող են հանդես գալիս Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները:
Մեր թենիսիստուհիներն ընդգրկված են 3-րդ դիվիզիոնի 2-րդ խմբում: Նրանք պարտությամբ սկսեցին մրցաշարըՙ զիջելով Շվեյցարիայի հավաքականին (0-3): Այնուհետեւ մեր հավաքականը հաջող ելույթներ ունեցավ: 2-րդ տուրում հայ թենիսիստուհիները 3-0 հաշվով հաղթեցին Իրանի հավաքականին, իսկ հաջորդ մրցախաղում առավելության հասան արգենտինացիների նկատմամբ (3-1): Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվեց նաեւ շոտլանդացիների հետ մրցավեճում (3-1): Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով շվեյցարացիների հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատարը 100 տոկոսանոց արդյունքի հասած Կոնգոյի հավաքականն է, որի հետ մեր թենիսիստուհիները կմրցեն ավարտական խաղում: Հաղթելու դեպքում Հայաստանի կանանց հավաքականը խմբում կգրավի առաջին տեղը եւ կշարունակի պայքարը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնի 7-րդ խմբում: Հայ թենիսիստները հաղթանակով սկսեցին մրցաշարըՙ 3-0 հաշվով առավելության հասնելով Գարնզի կղզիների թիմի նկատմամբ: 2-րդ տուրում մեր հավաքականը զիջեց Բահրեյնի ընտրանուն, իսկ հաջորդ խաղում 3-1 հաշվով առավելության հասավ Պակիստանի թենիսիստների նկատմամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ