«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2010-05-26 | #97, 2010-05-27 | #98, 2010-05-28


ԹԲԻԼԻՍԻԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՅԵՐ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ. ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ԲՈԼՈՐԸ

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մայիսի 30-ին կդառնան պատմություն ու ամենայն հավանականությամբ տարատեսակ քննադատության տեղիք կտան: Իսկ մինչ այդ արդեն մասնավորապես Թբիլիսիում հայերը եթե հետեւեն Թբիլիսիի հայկական ասամբլեայի կոչին, ապա չեն քվեարկի կուսակցական ցուցակների օգտին, որոնցում մեկ հայ իսկ չի ներառված:

Եթե անկեղծ դատենք եւ իրավիճակի իմացությունը չգնահատենք հայ լինելու տեսանկյունից, ապա այլ բան դժվար էր սպասել ոչ միայն վրացական իշխանություններից, այլեւ իրապես պասիվության զգալի «պաշարով» քաղաքական հարթակում գրեթե չդրսեւորվող թբիլիսիահայ համայնքից:

Վրաստանի կյանքում հայերի դերակատարության առումով միշտ առանձնակի տարբեր տպավորություն չի եղել, թե ակտիվության որոշակի մակարդակ կարելի է ցուցադրել: Եզակի դեպքերը, երբ հայերը Վրաստանի իշխանական բարձունքներում որեւէ պաշտոն են զբաղեցնում, բնավ էլ չեն կարող վկայություն լինել, թե Թբիլիսիում հայկական մոտ 100-հազարանոց համայնքին ուշադրություն է հատկացվում:

Մյուս կողմից, Ջավախքում էլ եթե հայերն են ղեկավարող պաշտոնների, դա եւս չի օգնում տարածաշրջանում կյանքի պայմանները բարելավելուն կամ հայերի հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը:

Ստացվում է, որ Վրաստանի կյանքում հայերը որքան անձայն ձգեն իրենց գոյությունը, այդքան հարմար կգան ներկա ու թերեւս ապագա վրացական իշխանություններին:

Այս առումով է, որ ողջունելի է Թբիլիսիի հայերի ասամբլեայի կեցվածքը, որի համաձայն հայ ընտրողներին առաջարկվում է չքվեարկել որեւէ կուսակցության օգտին, որոնց միջոցով է ձեւավորվելու Թբիլիսի քաղաքի ներկայացուցչական մարմինը: Վերջինս փաստացի առանց մեկ իսկ հայի տնօրինելու է նաեւ քաղաքի հայ բնակչության շահերն ու խնդիրները: Իսկ թե ինչպես են վրացիները հայկական ամեն ինչին վերաբերվում դեպքերի մեծամասնության ժամանակ, լավ գիտենք, օրինակների էլ պակաս չի զգացվում:

  «Ազգը» հաջորդ համարներում կներկայացնի Թբիլիսիում, նաեւ Ջավախքում տիրող նախընտրական եւ հետընտրական տրամադրությունները: Այս պահին նշենք, որ բացի քվեարկությունը բոյկոտելու կոչից, հայերը Թբիլիսիում պետք է լավ մտածեն, թե ինչու են վրաց իշխանությունները նման կերպ վարվում: Հարկ է նաեւ ոչ միայն կոչով դիմել վրացահայ ընտրողներին, այլեւ Վրաստանի իշխանությունների ու նաեւ ընդդիմադիր կուսակցությունների` խտրականության առավել քան ցայտուն օրինակի մասին տեղեկացնեն համապատասխան իրավապաշտպան ու այդ կարգի այլ կազմակերպություններին: Այլապես ի՞նչ մեթոդներով վերականգնել Թբիլիսիի ընտրողների 8 տոկոսը կազմող հայերի ոտնահարվող իրավունքները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4