«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2010-05-26 | #97, 2010-05-27 | #98, 2010-05-28


ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՉԽՈՍԵՑԻՆ 2216-ԻՑ. ԼՌԵԼԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՇԱ՞Ն Է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել այցելության շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ քաղաքականությանը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից է, ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը նոր հեռանկարներ կբացի տնտեսական համագործակցության զարգացման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր` Եվրոմիության հետ մերձեցումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, իսկ նոր մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր փուլ է սկզբնավորել Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոմիության երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացին:

Հայաստանի նախագահը երեկ հանդիպել է նաեւ Եվրոհանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընի հետ, հարցեր քննարկել ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռամպոյի հետ:

Եվ կրկին ոչ մի խոսք, արտահայտություն Եվրոխորհրդարանի 2216 բանաձեւի առնչությամբ, որով պահանջ է ձեւակերպվել, թեեւ իրավական ուժ չունեցող, որ հայկական ուժերը «դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4